Home / Առողջապահություն / Ցմահ դատապարտյալի մոտ Հեպատիտ են հայտնաբերել․ ոչ ասել են, ոչ էլ բուժել

Ցմահ դատապարտյալի մոտ Հեպատիտ են հայտնաբերել․ ոչ ասել են, ոչ էլ բուժել

Ցմահ դատապարտյալ Միքայել Մարտիրոսյանի մոտ դեռևս 2019 թվականին Հեպատիտ C են ախտորոշել․ դատապարտյալին, սակայն, այդ մասին չեն ասել, ծանր հիվանդության մասին նա իմացել է մոտ մեկ տարի անց՝ քաղաքացիական հիվանդանոցներից մեկում բուժում ստանալուց։ Երեք տարի շարունակ նրան որևէ բուժում չի տրամադրվել։ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ից արդարանում են՝ հեպատիտ С-ով շատ հիվանդներ կան նաև «Նուբարաշենում» և «Դատապարտյալների հիվանդանոցում», իբր՝ հիմա նրանց են բուժում, «Արմավիրին» հերթ չի հասել․․․

Այս մասին տեղեկացել ենք forrights.am-ի հրապարակումից։

Մարտիրոսյանը կիսաբաց ռեժիմի դատապարտյալ է։ Սովորում է հոգեբանական ֆակուլտետում, աշխատում է, ստացած աշխատավարձով ուսման վարձն է վճարում:

2020 թվականի ապրիլին նրան տեղափոխել են «Արթմեդ» բժշկական կենտրոն՝ քթի միջնապատի վիրահատության: Այնտեղ նա իմացել է, որ ունի Հեպատիտ C՝ վիրուսային ծանր հիվանդություն, որն ախտահարում է լյարդը:

«Կամ սեռական ճանապարհով եք վարակվել, կամ էլ՝ ուրիշի ասեղից», — ասել է «Արթմեդի» աշխատակիցը՝ ակնարկելով թմրամիջոցների ընդունում:

Դատապարտյալը այս խոսքերը վիրավորական է համարել և հրաժարվել միջնապատի վիրահատությունից:

«Այնտեղ ինձ արհամարհական վերաբերմունք ցույց տվեցին, քանի որ դատապարտյալ էի՝ պետպատվերի հիվանդ: Ես 2003 թվականից ես սեռական հարաբերություն չեմ ունեցել, իսկ թմրամիջոցներ երբեք չեմ օգտագործել: Նրանք ինձ վիրավորեցին: Ես չցանկացա, որ նրանք ինձ վիրահատեն», – Forrights-ին պատմել է Միքայելը:

Վերադառնալով «Արմավիր» բանտ, նա իմացել է, որ Հեպատիտ C-ն ախտորոշումը բժշկական թղթերում նշված է դեռևս 2019 թվականից:

«Փաստորեն, իրենք հայտնաբերել են այդ հիվանդությունը դեռ 2019 թվականին, բայց ինձ մի կես բերան չեն ասել: Ես չգիտեմ՝ ոնց, ինչ, ով է ինձ վարակել: Գոնե ասեին՝ դիետա պահեի կամ, չգիտեմ, ինչ-որ բուժում փորձեի իրականացնել: Չեն ասել, պարզապես չեն ասել, և ոչ մի բացատրություն ես ոչ «Արմավիրի» բժշկից, ոչ էլ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ից չեմ ստացել: Նրանք երբեք չեն բացատրում մեզ, թե ինչը ոնց է: Հնարավոր է, ես ատամնաբույժի մոտ եմ վարակվել կամ հենց բժիշկների կողմից», — ասել է Մարտիրոսյանը:

Այս տարի նա դիմում է գրել՝ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կամո Մանուկյանից պահանջելով, որ իրեն տանեն  վիրահատության քաղաքացիական որևէ հիվանդանոց։ Պատասխան չի ստացել: Ցմահ դատապարտյալը գանգատվում է նաև սուր գլխացավերից, սրտի արագ աշխատանքից: Ասում է, որ պահանջել է գոնե գլխի հետազոտություն անցկացնել, բայց պահանջը չեն կատարվում:

«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ից Forrighst-ի հարսցմանը պատասխանել են, որ անպատասխան մնացած որևէ դիմում Միքայել Մարտիրոսյանից չունեն։

Ինչպե՞ս կարող էիք Հեպատիտ ախտորոշել և հիվանդին այդ մասին չտեղեկացնել: Հարցին ի պատասխան ՊՈԱԿ-ից ասել են, թե նման բան չի եղել:

«Առաջին անգամ 2019 թվականի դեկտեմբերի 26-ին արվել է Հեպատիտ C-ի ռապիդ թեստը: Հհայտնաբերվել է հիվանդությունը, արդյունքների մասին իրեն տեղեկացված եղել է:  Եթե դուք նստած լինեք, ձեր մատը ծակում են, արյունը կաթեցնում են թեստերի պլաստմասսե հատվածի վրա ու երկու րոպեում հիվանդը գիծը տեսնում է, ապա դատապարտյալի ներկայությամբ գրառում է արվում թերթիկում: Ո՞նց կարող է նա չիմանալ, որ ինքը հեպատիտ C ունի», — ասել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի Բուժսպասարկման կազմակերպման և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Բաբայանը:

Հարցին, թե ինչպես կարող է ՊՈԱԿ-ը ախտորոշել հեպատիտ, բայց 3 տարի որևէ բուժում չիրականացնել, նա պատասխանեց, որ Հեպատիտ C-ով շատ հիվանդներ ունեն «Նուբարաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ներում․ «Առայժմ նրանց բուժումն ենք սկսել, երբ ավարտենք, նոր կանցնենք «Արմավիրին»», — պատասխանել է Բաբայանը:

Հարցին՝ արդյոք տեղեկացման թերթիկում կա դատապարտյալի ստորագրությունը, նա պատասխանել է. «Ոչ»:

Մարտիրոսյանը նշել է, որ իր դիմումի «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ից պատասխանել են միայն այն բանից հետո, երբ Forrights-ը դրա վերաբերյալ հարցեր է ուղղել ՊՈԱԿ-ին: Միքայել Մարտիրոսյանը վերահաստատել է՝ 2019 թվականին կատարված Հեպատիտ C-ի ախտորոշման արդյունքների մասին իրեն չեն տեղեկացրել։