Home / Առողջապահություն / 7 մահ, 2 ինքնասպանություն, 239 ինքնավնասում բանտերում կես տարվա մեջ

7 մահ, 2 ինքնասպանություն, 239 ինքնավնասում բանտերում կես տարվա մեջ

2022 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում արձանագրվել է 7 մահվան, 2 ինքնասպանության, 239 ինքնավնասման դեպք։ 

Ըստ Քրեակատարողական հիմնարկներում Դիտորդական խմբի 2022թ․-ի զեկույցի՝ ինքնավնասումների պատճառներն են․

— 59 դեպք՝ առողջական խնդիրների, բժշկական կենտրոն տեղափոխվելու, լրացուցիչ դեղորայք ստանալու պահանջով
— 49 դեպք՝ չի նշվել պատճառ
— 47 դեպք՝ նյարդային գերլարում, հոգեկան հուզմունք, անհավասարակշիռ հոգեվիճակ
— 23 դեպք՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացված որոշումների հետ անհամաձայնությունը (առաջադրված մեղադրանք, խափանման միջոց, կայացված դատավճիռ)
— 18 դեպք՝ այլ քրեակատարողական հիմնարկ, ոստիկանության բաժին տեղափոխվելու ցանկությամբ
— 15 դեպք՝ անձնական, ընտանեկան խնդիրներ
— 7 դեպք՝ ՔԿՀ-ի կողմից կայացված որոշումների հետ անհամաձայնություն (տույժի ենթարկելու, պատժախուց տեղափոխելու) ու վարչակազմից դժգոհություն
— 4 դեպք՝ իրականացված խուզարկություն և արգելված իրի հայտնաբերում
— 3 դեպք՝ դատական նիստին չմասնակցելու ցանկությամբ
— 3 դեպք՝ պաշտոնատար անձի կողմից ընդունելություն
— 3 դեպք՝ թոշակի, հանձնուքի ստացման հետ կապված խնդիրներ
— 2 դեպք՝ կաթուցիչ ստանալու և լրացուցիչ զբոսանք տրամադրելու պահանջով
— 2 դեպք՝ նախկին խցակցին տեսնելու պահանջով ու խցում չմնալու ցանկությամբ
— 1-ական դեպքեր՝ հեռախոսազանգի պահանջով, մասնաշենքում լարված վիճակով պայմանավորված, շտապօգնության ուշացման և գլխացավերը մեղմելու ցանկությամբ։

Մահվան 9 դեպքերից 7-ը գրանցվել է որպես կենսաբանական մահ (որոնցից մեկը երկարատև հացադուլի հետևանքով), 2-ը («Սևան» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում)՝ որպես ինքնասպանություն։

Ինքնավնասումների ամենաշատ դեպքերը գրանցվել են «Նուբարաշեն» (144 դեպք), «Արթիկ» (36 դեպք) և «Արմավիր» (34 դեպք) ՔԿՀ-ներում։

Հիշեցնենք՝ օգոստոսի 16-ին Քրեակատարողական ծառայությունը հայտնեց «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ինքնասպանություն գործած ևս մեկ կալանավորի մասին։ 33-ամյա Կ.Ն.-ի դին հայտնաբերվել էր խցի պատուհանի ճաղավանդակից սավանով կախված վիճակում։ 

Հունիսի 28-ին 60 օր հացադուլից հետո «Արմենիա»  բժշկական կենտրոնում մահացել էր դատապարտյալ 50-ամյա Արմեն Մնացականյանը։ Նրա կնոջ խոսքերով, հացա- և ջրադուլի մեջ գտնվող մարդուն բանտից բանտ, հաստատությունից հաստատություն են տեղափոխել, «Արմավիր»-ում փակել են նրա խցի ծորակները (ջրի ծորակ փակելը, ըստ նրա, Արմավիրում «նորմա է», հարազատներն են ջուրն առնում, տանում)։ 

2021 թվականին Հայաստանյան բանտերում արձանագրվել է 13 մահվան, 3 ինքնասպանության, 366 ինքնավնասման և 374 հացադուլի դեպք։