Այսօր «Անի Գրանդ» հյուրանոցում տեղի է ունեցել ազատազրկված անձանց ստեղծագործական աշխատանքների ցուցահանդես-վաճառք։ Միջոցառումը կազմակերպել էր «Իրավական նախաձեռնությունների կենտրոնը»։
Ցուցահանդեսին ներկայացված էին 23 դատապարտյալների (որոնցից 3-ը՝ կին, 10-ը՝ ցմահ ազատազրկված) և կալանավորված 3 մարդու (որոնցից 2-ը՝ կին, 1-ը՝ անչափահաս) գեղանկարչական, փայտից, կավից և այլ նյութերից պատրաստված աշխատանքները զարդատուփեր, գրչամաններ, գրքեր, գործված թաշկինակներ, գուլպաներ, անկողնային պարագաներ, թզբեխներ և այլ հուշանվերներ:
Միջոցառմանը ներկա էին նաև ազատազրկվածների հարազատներն ու ընկերները։ Ցմահ բանտարկյալ Աշոտ Կիրակոսյանի մայրը պատմում է, որ որդին նկարել սկսել է բանտում։ Նա պարզաբանեց, որ բանտարկյալները ստեղծագործական աշխատանք կատարելու համար հավաքում են միավորներ, որոնք կրճատում են ազատազրկման տարիները։
Ցմահ բանտարկյալ Մհեր Ենոքյանի կինը՝ իրավապաշտպան-լրագրող Զարուհի Մեջլումյանը, ով ծանոթացել է Մհերի հետ բանտում, ներկայացնում էր ամուսնու կավե աշխատանքները։
«Ամեն աշխատանքը յուրովի է, ոչ միայն Մհերինը։ Եթե նայեք՝ խավարում միշտ լույսը կա։ Բանտարկյալների գործերին շատ բնորոշ է դա», – մեկնաբանել է Մեջլումյանը։
Ցուցահանդեսի կազմակերպիչ Նարե Հովհաննիսյանը կարևորում է նման միջոցառումների ազդեցությունը հասարակության՝ բանտարկյալների մասին ձևավորված կարծիքի վրա։
«Միջոցառման նպատակը ազատազրկված անձանց և հասարակության միջև կապը ամրապնդելն է և կարծում եմ՝ ստեղծագործությունների միջոցով դա կարող է լավագույնս արվել», – ասել է Նարե Հովհաննիսյանը։
Իրավապաշտպանը նշել է նաև, որ կազմակերպությունը շահույթ չի հետապնդում և գնված աշխատանքների գումարները փոխանցվելու են դրանց հեղինակներին։