«Կոշ» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկները կփակվեն։ Արդարադատության նախարարության համապատասխան առաջարկն այսօր ընդունվեց կառավարության կողմից։ Առաջարկը հիմնավորվում է տվյալ բանտերի թերբեռնվածությամբ, ինչպես նաև մայրաքաղաքում նոր ՔԿՀ կառուցելու մտադրությամբ։
Ըստ նախարար Կարեն Անդրեասյանը՝ արդյունքում 2022-ին կխնայվի 1 միլիարդ 200 միլիոն դրամ։ Բարելավելով պայմաններն ու կարգավորելով կառավարումը, հնարավոր կլինի հետագայում ավելի օպտիմալացնել համակարգը և լուծել մարդու իրավունքների խնդիրները․
«Այսօր ունենք 5 346 լրակազմ՝ տեղ, որտեղ կարող են պահվել ազատազրկվածները, բայց իրականում այն համալրված է 2113-ով։ Գրեթե մեր բոլոր քրեակատարողական հիմնարկներում կիսով չափ դատարկ են այդ տեղերը»։ Նախարարի խոսքով՝ կկրճատվի 280 հաստիք․ 70 աշխատող կտեղափոխվի այլ ՔԿՀ, 50-ը՝ պրոբացիայի ծառայություն, մնացածը լինելու են կադրերի ռեզերվում․ «Այստեղ էլ ունենք խնդիր՝ կրճատել այն աշխատակիցներին, որոնց վարքը դգոհություն է առաջացրել, կան բարեվարքության կասկածներ, նրանց հաշվին ունենալ աշխատավարձի աճ», – ասաց Անդրեասյանը։
Բացի «Հրազդան» և «Կոշ» քրեակատարողական հիմնարկների փակումից, կառավարությունը մտադիր է փակել նաև «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկն ու Դատապարտյալների հիվանդանոցը: Փոխարենը կկառուցվի միջազգային չափանիշներին համապատասխան նոր կալանավայր, որն իր մեջ կներառի նաև ստացիոնար հիվանդանոց, իսկ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկը, որ ներկայում գտնվում է Ազգային անվտագության ծառայության շենքի ներքնահարկում, կտեղափոխվի «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկ։
Այս պահին Հայաստանում 12 քրեակատարողական հիմնարկ է գործում։