Քովիդով հիվանդների բուժման համար Հայաստանում մոբիլիզացվել է 27 բժշկական կենտրոն՝ ընդհանուր առմամբ 3050 մահճակալ։ Բոլոր մահճակալները գրեթե անընդհատ զբաղված են։
Արդեն օրեր շարունակ առողջապահության նախարարությունը ահազանգում է՝ մահճակալային ֆոնդը սպառված է։ Թեև զուգահեռաբար նոր ռեսուրսներ են ներգրավվում՝ դրանց ծավալները համադրելի չեն վարակի տարածման տեմպերի հետ։ Հարյուրավոր մարդիկ շարունակում են սպասել հոսպիտալացման իրենց հերթին։
Կառավարության այսօրվա նիստին ներկայացված տվյալների համարձայն՝ այս պահին շուրջ 1500 հոգի վերակենդանացման բաժանմունքում է։
1088 հոգի՝ ծանր, 307 հոգի ծայրահեղ ծանր վիճակում է։ 152 մարդ միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքին։
Նոր՝ Դելտա շտամը այլևս վտանգում է ոչ միայն տարեց կամ քրոնիկ հիվանդություններ ունեցող, այլև՝ երիտասարդ և համեմատաբար առողջ մարդկանց կյանքը։ Նախարարի խոսքով՝ շտամը բավական ագրեսիվ ընթացք է ունենում նաև հղիների մոտ։
«Այս պահին ունենք 122 հղի կին, ովքեր հոսպիտալացված են։ Նրանցից 53-ի մոտ թոքաբորբ է, գտնվում են թթվածնային կախյալ վիճակում»։
30 433 ակտիվ դեպքերի մեջ պատվաստվածները ընդամենը 1702-ն են, հոսպիտալացված 3100 քաղաքացիների շրջանում՝ ընդամենը 96-ը, վերակենդանացման բաժանմունքում գտնվողների մեջ՝ ընդամենը 5 հոգի, ասում է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Մենք չպետք է գնանք լոքդաունների և պետք է երկու ուղղությամբ աշխատենք։ Առաջինը՝ դիմակների կրման կանոնների խստացումը, չի բացառվում, որ այստեղ մենք նոր որոշումներ կայացնենք։ Չի բացառվում, որ առաջիկայում գնանք համընդհանուր, այդ թվում՝ բաց տարածքներում, դիմակներ կրելու անհրաժեշտության արձանագրմանը։ Բաց տարածքներում նաև վարակելիության խնդիր կա, բայց երբ համընդհանուր դիմակ կրելու պարտադրանք կա, այդ դեպքում նաև ավելի հեշտ է վերահսկել՝ ոստիկանության և տեսչական մարմինների համար», – հավելել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Առավել կարևոր ուղղությունն, ըստ նրա, պատվաստումն է․ «Մենք այսօր ունենք Հայաստանի բոլոր քաղաքացիներին պատվաստելու համար անհրաժեշտ պատվաստանյութեր»։
Նախորդ օրը շուրջ 23 000 հազար պատվաստումներ են իրականացվել։ Պատվաստավածության ցուցանիշով Հայաստանը, սակայն, մնում է վերջից մոտ 40-րդ տեղում՝ աշխարհի մակարդակով, և զիջում տարածաշրջանի թերևս բոլոր երկրներին։
Վերջին մեկ օրում Հայաստանում 15 818 թեստավորում է արվել և գրանցել է 2307 նոր դեպք․ թեստերի 14․5 տոկոսը եղել է դրական։
962 հոգի ապաքինվել է, 49 հոգի՝ մահացել․ նրանցից 38-ը մահացել են կորոնավիրուսից, վարակակիրներից ևս 11-ը, ըստ ԱՆ-ի, մահացել են «այլ պատճառով»։
Վերջին 7 օրերում՝ հոկտեմբերի 21-28-ը, կորոնավիրուսից Հայաստանում 281 մարդ է մահացել։ Եվս 40 մարդ՝ վարկված քովիդով, նույն օրերին մահացել է «այլ պատճառներով»։
Ընդհանուր առմամբ՝ համավարակի մեկնարկից ի վեր, կորոնավիրուսը 6189 մարդու կյանք է խլել։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ վարակակիրներից ևս 1280-ը մահացել են «այլ պատճառներով»։