Ռուսական զորքերը շարունակում են հարձակողական գործողություններն Ուկրաինայում․ օդային հարձակման են ենթարկվում արդեն նաև Դնեպրը, Լուցկը և Իվանո-Ֆրանկովսկը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը թույլատրել է Սիրիայում գտնվող «կամավորներին» ուղարկել պատերազմելու։ Ռուսական BBC-ն հայտնում է, որ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունում սկսել են հավաքել բոլոր վարձկաններին՝ Ուկրաինա ուղարկելու նպատակով։
Ուկրաինայի ՊՆ Ալեքսեյ Ռեզնիկովն ահազանգել է, որ Մոսկվան պատրաստվում է Բելառուսում մի շարք սադրանքներ անել՝ դրանցում Ուկրաինային մեղադրելու համար։ Մինչ այդ Մոսկվայում Պուտինը հանդիպել է Բելառուսի ինքնահռչակ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Վերջինս հայտարարել է, թե Կիևի իշխանությունները պլանավորել են հարձակվել Բելառուսի վրա։
Մարտի 11-ի հիմնական իրադարձությունները՝ համառոտ
— Դնեպրը երեք անգամ ենթարկվել է օդային հարվածի․ զոհվել է մեկ մարդ՝ հայտնում է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
— Լուցկում՝ տեղաբնակների ենթադրությամբ, օդային հարված է հասցվել աերոդրոմին․ զոհվել է երկու մարդ։
—Իվանո-Ֆրանկովսկում նույնպես բնակիչները հայտնում են պայթյունների մասին․ զոհերի և վիրավորների վերաբերյալ տեղեկություն չի հաղորդվում։
—Չերնիգով մարզի Նեժին քաղաքը ռմբակոծվել է «Ուրագան» համազարկային կրակի միջոցով․ կա 2 զոհ և 8 վիրավոր։
—ԴԺՀ-ի զինված ուժերը գրավել են Վոլնովախա քաղաքը՝ հայտարարել է ինքնահռչակ հանրապետության առաջնորդ Էդուարդ Բասուրինը։ Տեղեկությունը հաստատվել է Ռուսաստանի ՊՆ-ի կողմից։ Քաղաքի գրավումը, ենթադրաբար, ավելի է բարդացնելու հարակից Մարիուպոլում տիրող հումանիտար աղետը։
— Հենց Մարիուպոլը 12 օր շարունակ գտնվում է շրջափակման մեջ։ Քաղաքային խորհրդի հաղորդմամբ՝ շրջափակման պատճառով մահացել է արդեն 1582 խաղաղ բնակիչ։ ՌԴ ՊՆ-ի հայտարարությամբ քաղաք տանող բոլոր կամուրջներն ու ուղիները ավերված են, իսկ գլխավոր ճանապարհները ականապատված են «նացիոնալիստների կողմից»։
— Մարտի 10-ի երեկոյան օդային ռմբակոծման է ենթարկվել Խարկովի ֆիզիկո-տեխնիկական համալսարանը․ մասնաշենքերից մեկը պայթել է։։Ռուսաստանի ռազմական գերատեսչությունն այսօր հայտարարել է, թե ռմբակոծումը «նացիոնալիստների» հերթական սադրանքն է։ Համալսարանում առկա են գիտական նպատակներով օգտագործվող ռադիացիոն ճառագայթման աղբյուրներ։
— Ուկրաինյի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն հայտնել է, որ երկրի շրջափակված քաղաքներից տարհանվել է 38 հազար խաղաղ բնակիչ․16 000 մարդ՝ Կիևից, 20 000՝ Սումիից և 2000՝ Իզյումից
Ռուսաստանը շարունակում է պատերազմ խաղալ
—Ռուսաստանի ՊՆ Սերգեյ Շոյգուն՝ անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է, որ Մերձավոր արևելքի 16 հազար բնակիչ հայտնել են մարտական գործողություններին մասնակցելու իրենց պատրաստակամությունը։ «Կամավորները» միանալու են Դոնեցկի և Լուհանսկի ինքնահռչակ հանրապետությունների զինուժերին։
Նախագահը հրահանգել է ապահովել նրանց տեղափոխումը։ Ռուսաստանի կամավորներին սա չի վերաբերում՝ ավելի ուշ հայտնել է նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ ՌԴ Պաշտպանության նախարարության հեռուստաալիքն էլ տեսանյութեր է հեռարձակել դրել պատերազմ մեկնող սիրիացի զինվորներից։
—Ուկրաինայի ՊՆ ղեկավարությունը պնդում է, որ Պուտինը Չերնոբիլի ԱԷԿ-ում ահաբեկչական գործողություններ կատարելու հրաման է տվել, որպեսզի հետագայում փորձի պատասխանատվությունը գցել Կիևի վրա։
—Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Լուկաշենկոն հայտարարել է, թե բերել է քարտեզ, որը «բացահայտում է Բելառուսի վրա հարձակվելու ծրագրերը»։ Նա նաև պնդել է, թե դեպի Չերնոբիլի ԱԷԿ օտարերկրյա վարձկաններ են շարժվում և «չեն կորցնում կռվի մեջ Բելառուսին ներքաշելու հույսը»։
—Ուկրաինայի օդուժի ղեկավարությունը, իր հերթին, հայտարարել է, որ ռուսական ավիացիան օդ է բարձրացել Բելառուսի Դուբրովից աերոդրոմից, ապա շրջադարձ է կատարել Ուկրաինայի օդային տարածքով, ուղղությունը փոխել դեպի Բելառուս և հարվածել Կոպան, Բուխլիչի և Վերին Տերեբեժով բնակավայրերի շրջանում։
Ուկրաինացի զինուժերի պնդմամբ՝ սա սադրանք է, որի նպատակն է Բելառուսին ներգրավել պատերազմի մեջ։ Բելառուսի ՊՆ-ն որոշ ժամանակ անց ժխտել է իր բնակավայրերի հրթիռակոծման մասին Կիևի հաղորդագրությունը։