Ռուսաստանը փետրվարի 24-ին ներխուժել է Ուկրաինայի տարածք։ Ռուսաստանի նախագահ Պուտինը սա փաթեթավորում է որպես «հատուկ ռազմական օպերացիա», իսկ Росомнадзор-ը՝ պարտադրում ռուսական բոլոր ԶԼՄ-ներին ջնջել հրապարակումները, որոնցում փետրվարի 24-ին սկսված սկսված պատերազմն անվանվում է «պատերազմ»։ Ավելի քան երկու շաբաթ է, ինչ ռմբա-, հրետա- կամ հրթիռակոծվում են Ուկրաինայի գրեթե բոլոր խոշոր (և ոչ միայն) քաղաքներն ու բնակավայրերը։ Մոսկվան շարունակաբար Կիևին և Վաշինգտոնին մեղադրում է բիոլաբորատորիաներում ծանր հիվանդությունների հարուցիչներ մշակելու մեջ։ ԱՄՆ-ն սա հերքում է ու միաժամանակ զգուշացնում, որ Ռուսաստանը կարող է սադրանքի դիմել Ուկրաինայում՝ կիրառելով քիմիական կամ կենսաբանական զենք։
Ըստ Ուկրաինայի օմբուդսմենի՝ Ռուսաստանի հարձակման հետևանքով երկրում մահացել է 71 երեխա։ ՄԱԿ-ի տվյալներով՝ Ուկրաինան ներխուժումից ի վեր լքել է 2․2 միլիոն մարդ, որոնց գրեթե կեսը ևս երեխաներ են։
Ռուսաստանի ՊՆ-ն, ինչպես նաև ռուսաստանյան պրոպագանդիստական պրոիշխանական մեդիաները վերջին օրերին շարունակաբար մեղադրում են Ուկրաինային և ԱՄՆ-ին՝ ծանր հիվանդությունների հարուցիչներ մշակելու մեջ։ Դրանց թվում են ժանտախտը, դիզինտերիան, բրուցելիոզը, դիֆտերիան և այլն։ Ռուսական կողմը պնդում է, թե Ուկրաինայում այժմ գործում է 30 նման լաբորատորիա։
Վաշինգտոնն ու Կիևը հերքում են այս տեղեկությունները․
«ԱՄՆ-ն չունի և չի կառավարում որևէ լաբորատորիա Ուկրաինայում», – ասել է ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչ Նեդ փրայսը՝ հիշեցնելով, որ Ռուսաստանը նախկինում ևս մեղադրել է Արևմուտքին՝ իր իսկ գործած հանցանքների մեջ։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին էլ նաև զգուշացրել է, որ Մոսկվան կարող է սադրանք կազմակերպել Ուկրաինայում՝ կիրառելով քիմիական կամ կենսաբանական զենք։
Ռուսաստանը շարունակում է ռմբակոծել ուկրաինացիներին։
Երեկ ռուսական ուժերը հրթիռակոծել են պաշարված Մարիուպոլի ծննդատունը։ Զոհերի և վիրավորների մասին տեղեկությունները դեռևս ճշտվում են, սակայն վերջին տվյալներով՝ մահացել է 3 մարդ, տուժել՝ 17-ը։
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պնդել է, թե ծննդատունն օգտագործվում էր ուկրաինական «Ազով» ազգայնական զինյալ խմբավորման կողմից, որպես բազա՝ դրանով արդարացնելով ռուսական ավիահարձակումը ։
Եվս 3 մարդ մահացել է Ախտիրկա քաղաքում՝ Սումիի մարզում։ Զոհվածների թվում երկու կին է և 13-ամյա մի դեռահաս։ Սումիի մարզի ղեկավար Դմիտրի Ժիվիցկին հաղորդել է, որ մարտի 10-ի լույս գիշերվա ողջ ընթացքում ավիահարձակման են ենթարկվել Սումի քաղաքի արվարձանները, Ախտիրկան և Բիտիցա գյուղը: Արկերից մեն, ըստ պաշտոնյայի, հարվածել է գազատարին։ я.
Conflict Intelligence Team հետաքննող խմբի պնդմամբ՝ ռուսական օդուժը ռմբակոծում է Չերնիգովը՝ կիրառելով հրկիզիչ ռումբեր, որոնք միջազգային իրավունքի համաձայն արգելված են։ Ավելի վաղ Bellingcat-ը հայտարարել էր, որ Մոսկվան Ուկրաինայում կիրառում է նաև կասետային զինատեսակներ, որոնք ևս վտանգավոր են խաղաղ բնակչության համար։ Այս մասին դեռ ներխուժման հաջորդ օրը ահազանգել էր Bellingcat-ի հիմնադիր Էլիոթ Հիգինսը։
https://twitter.com/EliotHiggins/status/1497147484266717186
Ռուսական հարձակումից մեծապես տուժել է նաև Կիևի մոտակայքում գտնվող Իրպենը, որն օրուգիշեր շարունակվող ավիահարվածների պատճառով զրկված է ջրից և էլեկտրականությունից։
Բանակցություններում նկատելի արդյունքներ չկան։
Այսօր Ուկրաինայի վրա հարձակումից ի վեր առաջին անգամ հանդիպել են Ռուսաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները։ Հանդիպումը տեղի է ունեցել Անթալիայում՝ դիվանագիտական ֆորումի շրջանակներում։ Այն, ըստ պաշտոնյաների, մեծ արդյունքներ չի տվել։
Լավրովը հայտարարել է, թե հրադադարի մասին բանակցություններն Անթալիայում տեղի չեն ունենում, այլ Բելառուսում։ Նա նաև պնդել է, թե Ռուսաստանը «չի հարձավել» Ուկրաինայի վրա և «չի պատրաստվում հարձակվել» այլ երկրների վրա։
Ռուս դիվանագետը «չի հավատում և չի ուզում հավատալ», որ միջուկային պատերազմ կսկսվի։
Ոկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան էլ նշել է, որ բանակցությունները ծանր ընթացք են ունեցել։ Ըստ Կուլեբայի՝ Կիևը պատրաստ է դիվանագիտական լուծումների, բայց դրանք դեռևս չկան։ Նա նաև նշել է, որ Մոսկվայի պահանջները կատարել Ուկրաինան չի պատրաստվում։