Օգոստոսի 16-ին Քրեակատարողական ծառայությունը հայտնեց «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ինքնասպանություն գործած ևս մեկ կալանավորի մասին։ 33-ամյա Կ.Ն.-ի դին հայտնաբերվել էր խցի պատուհանի ճաղավանդակից սավանով կախված վիճակում։
«Այս դեպքում քրեական գործ հարուցվում է կամ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու հոդվածով», – Epress.am-ի հետ զրույցում ասում է ՔԿՀ-ներում Դիտորդական խմբի անդամ, իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը։
Բանտերում քրեական գործ հարուցելուց հետո Քննչական կոմիտեն գրեթե միշտ լռում է։ Գործերի ընթացքի կամ արդյունքի մասին որևէ տեղեկատվություն այդպես էլ չի հաղորդվում։
Հայաստանյան բանտերում 2021 թվականին արձանագրվել է 13 մահվան, 3 ինքնասպանության, 366 ինքնավնասման և 374 հացադուլի դեպք։
Ըստ Քրեակատարողական հիմնարկներում Դիտորդական խմբի 2021թ․-ի զեկույցի՝ ինքնասպանության դեպքեր գրանցվել են միայն «Արմավիրի» (2 դեպք) և «Նուբարաշենի» (1 դեպք) ՔԿՀ-ներում, ինքնավնասումների թվով վերջիններս նույնպես ռեկորդակիր են՝ 139 դեպք «Նուբարաշենում» և 62 դեպք «Արմավիրում»։
«Առկա է ոչ թափանցիկ հաղորդակցության և հաշվետվողականության պակաս։ Նույնիսկ դեպքեր կան, որ 2 տարի վաղեմության գործերը դեռևս շարունակվում են քննվել», – ընդգծում է իրավապաշտպանը։
Ըստ ՔԿՀ-ներում Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների (ՍՀԻԱ) բաժնի աշխատակիցների Դիտորդական խմբին հայտնած տեղեկությունների՝ ինքնավնասումների հիմնական պատճառներն են՝
— քրեական գործի և դրա հետ կապված խնդիրներ,
— տեղափոխվելու և տեղաբաշխման հետ կապված խնդիրներ,
— ցուցադրական վարք,
— շանտաժ,
— հոգեկան առողջության խնդիրները և օրգանական խանգարումներ,
— թմրանյութերից կախվածություններ,
— անձնական, հոգեբանական կամ ընտանեկան խնդիրներ։
«Հոգեբանի աշխատանքը երևի թե ամենակարևորն է բանտում։ ՔԿՀ-ներում դիտորդություն անցկացնող մեր խումբը, 2021թ․-ին իրականացրել է ինքնավսում կատարած ազատազրկված անձանց հետ կատարվող աշխատանքի վերլուծություն և հետազոտություն։ Սա հիմնականում վերաբերում էր հոգեբանների աշխատանքին, և վեր են հանվել բավականաչափ խնդիրներ», – ասում է Զառա Հովհաննիսյանը։
Ըստ հետազոտության՝ այցելության պահին «Նուբարաշենում» պահվում էր 349, «Արմավիրում»՝ 711 անձ: Երկու հիմնարկներն էլ ունեն 3-ական հոգեբանի և 1-ական սոցիալական աշխատողի, ինչպես նաև հոգեբույժի՝ ոչ լրիվ հաստիքներ: Ստացվում է, որ միջինում ՍՀԻԱ բաժնի հոգեբանը կարող է 150 և ավել ազատազրկվածների հետ աշխատել, ինչը ոչ միայն հակասում է մասնագիտական էթիկային, այլ նաև անհնար է:
Բացի այդ, ՍՀԻԱ բաժնի աշխատողները չեն ստացել համապատասխան նեղ մասնագիտական հմտություններ ինքնավնասումներ կատարած անձանց հետ հոգեթերապևտիկ և կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու համար։
Մյուս կողմից մտահոգիչ է ազատազրկված անձանց պահման ոչ բավարար պայմանները՝ կապված սանիտարահիգիենիկ պահանջների ապահովման, օդափոխության համակարգերի բացակայության, խոնավության բարձր աստիճանի, ջեռուցման, հիգիենայի պահպանման և ջրամատակարարման հարցերի հետ։
«Արմավիր» ՔԿՀ-ում, ըստ Դիտորդական խմբի հետազոտության՝ «հացադուլ հայտարարած անձանց և կարանտինային խցերը, պատժախցերը եղել են թաց և բորբոսնած վիճակում։ Նույն պատկերն արձանագրվել է նշված տարածքների զուգարաններում, որտեղ տիրել է գարշահոտություն և որոնք նույնպես գտնվել են անմխիթար վիճակում։ Գարշահոտություն առկա է եղել նաև քրեակատարողական հիմնարկում»։
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում «1-ին հարկի միջանցքն անսարք լվացարանի վթարի պատճառով լցված է եղել ջրով, իսկ 4-րդ խուցը, որն օգտագործվում է նաև որպես պատժախուց և որտեղ բնակեցնում են կարանտինի, հացադուլի մեջ գտնվող անձանց, գտնվել է խոնավ վիճակում և չի ջեռուցվել»։
Մարդու իրավունքների պաշտպանը պարբերաբար այցելում է Քրեակատարողական հիմնարկներ։ Վերջին այցը հուլիս 6-ին էր, որի ժամանակ օմբուդսմենը արձանագրել էր մի շարք խախտումներ՝ ազատազրկված անձանց մոտ խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեպքերի արձանագրման խնդրահարույց պրակտիկայի հետ կապված։
Փաստացի, խախտումներ քրեակատարողական հիմնարկներում միշտ արձանագրվում են, այնուամենայնիվ, դրանք վերացնելու ուղղությամբ աշխատանքները և արդյունքները գրեթե երբեք չեն հաղորդվում։