Home / Բանակ / Պատերազմ Ղարաբաղում, օր 22-րդ (հոկտեմբերի 18)

Պատերազմ Ղարաբաղում, օր 22-րդ (հոկտեմբերի 18)

Թարմացումներին կարող եք հետևել
մեր տելեգրամ ալիքում՝ https://t.me/epressam:

00։57 _ Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել։

Մնացականյանը, բարձր գնահատելով Ֆրանսիայի և նախագահ Մակրոնի ներդրումը զինադադարի շուրջ պայմանավորվածության ձեռքբերման գործում, արձանագրել է, որ Ադրբեջանը հերթական անգամ հրաժարվել է իրականացնել իր իսկ կողմից ստանձնած հանձնառությունը և շարունակում է լայնամասշտաբ ռազմական ագրեսիան Արցախի դեմ, ասված է ԱԳՆ տարածած հաղորդագրությունում։

00։42 _ «Սյունիքի մարզի համայնքապետերի հայտարարությունները որևէ խուճապի առիթ չպետք է լինեն, դրանք միտված են տարածաշրջանի անվտանգության ապահովմանը: Զորահավաքը ընթանում է բնականոն ընթացքով, զինվորագրվում են բոլոր զինապարտները», – գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

00:20_ Հայաստանի ՄԻՊ-ն այսօր ահազանգ է ստացել, որ Ադրբեջանի զինվորականները երկու օր առաջ հայ զինծառայող են գլխատել:

ՄԻՊ-ին դիմել է սպանված զինծառայողի եղբայրը։ Նա հայտնել է, որ երկու օր առաջ եղբոր հեռախոսահամարից իրեն զանգահարել է ադրբեջանցի մի զինվորական և ասել, որ իր եղբայրը գտնվում է իրենց մոտ, իրենք կտրել են եղբոր գլուխը, իսկ լուսանկարը տեղադրելու են համացանցում: Զանգից մի քանի ժամ անց սպանված զինծառայողի լուսանկարը եղբայրը հայտնաբերել է նրա սոցիալական ցանցի էջում, հայտնել է ՄԻՊ Արման Թաթոյանը։

00:10 _ 🔺 Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը դիմել է համայնքի «20-60 տարեկան բոլոր տղամարդկանց, ովքեր ի զորու են զենք վերցնել, նաև ովքեր նոր են վերադարձել արցախյան ռազմաճակատից» և խնդրել զինվորագրվել։

«Մեր զինվորները կռվում են Արցախում, իսկ մենք պետք է պաշտպանենք Սյունիքը։ Բոլորս ի զեն։ Բնակչությանը խնդրում եմ խուճապի չմատնվել», – գրել է համայնքապետը՝ կոչ անելով մանրամասների համար դիմել Քաջարանի համայնքապետարան կամ Երկրապահ կամավորականների միություն։

🔺 Կոչով բնակիչներին է դիմել նաև Մեղրիի համայնքապետարանը։

«Մեղրիի տարածաշրջանի սահմանների պաշտպանության նպատակով դիմում ենք ձեզ՝ խնդրելով կամավորության հիմունքներով ցուցակագրվել։ Այս պահից սկսած՝ կարող եք ներկայանալ Մեղրիի զինկոմիսարիատ», – ասված է համայնքապետարանի տարածած հաղորդագրությունում։

23:55 _ Հայաստանը կճանաչի Ղարաբաղի անկախությունը, եթե պարզ դառնա, որ Թուրքիայի աջակցությունը վայելող Ադրբեջանը հրաժարվում է գնալ բանակցությունների ճանապարհով, ռուսական «Коммерсантъ»-ին ասել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը։

Ըստ Սարգսյանի՝ Երևանը ժամանակին չի ճանաչել Ղարաբաղի անկախությունը զուտ բանակցային պրոցեսը չբարդացնելու համար՝ բանակցային պրոցեսի տրամաբանությունից ելնելով։

22։43 _ Էքսկուրսիա Իրանում.
գրում են, որ մարդիկ ամեն օր գալիս են սահմանի մոտ’ պատերազմ նայելու

22:20 _ Հայաստանի ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի՝ օրը ամփոփող ճեպազրույցից․

— Ադրբեջանը հերթական անգամ չպահպանեց հրադադարի պայմանը՝ առաջարկված այս անգամ Ֆրանսիայի կողմից։

— Վաղ առավոտվանից մարտական գործողությունները շարունակվել են նույն ուղղություններով։

— Հյուսիսային ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն հետ է շպրտվել։ Հարավային ուղղության երկու հատվածներից մեկում՝ ևս։

— Հարավային ուղղության մյուս հատվածում համառ մարտերը շարունակվել են։ Մարտերի արդյունքում Ադրբեջանն ունի որոշակի տեղաշարժեր։ [Առանձին բնագծերի և տեղամասերի անուններ չեն նշվում]։

— Ադրբեջանը նորից կիրառել է օդային հարձակման տարբեր միջոցներ, այդ թվում՝ ԱԹՍ-ներ։ ժամը 20։30-ի դրությամբ հայկական կողմը խոցել է 9 ԱԹՍ, որոնցից 2-ը՝ Հայաստանի տարածքում։

— Մարտական գործողությունները շարունակվում են։ Հարավային ուղղությունը մնում է թեժ։

22։03 _ Կարմիր Խաչի Բաքվի գրասենյակից այցելել են Ադրբեջանում գերևարված 3 հայ զինծառայողներին՝ Արեգ Սարգսյանին, Նարեկ Ամիրջանյանին և Ալբերտ Միքայելյանին։ Factor.am-ը գրում է, որ տեղեկությունը հաստատել է նաև ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին:

Ավելի վաղ Ադրբեջանի գերիների և անհետ կորածների հարցերով պետհանձնաժողովը հաղորդագրություն էր տարածել, որ սեպտեմբերի 27-ին գերևարված Արեգ Սարգսյանը, Նարեկ Ամիրջանյանը և Ալբերտ Միքայելյանը հոսպիտալում են։ Նրանցից երկուսը՝ հեռախոսով, մեկը՝ տեսակապով արդեն իսկ կապնվել են հարազատների հետ (հաստատվել է ԿԽ-ի կողմից)։ Հաղորդագրությանը կից ներկայացվել էին լուսանկարներ հոսպիտալից։

21։27 _ Գերմանիայի Բունդեսթագի 2 պատգամավորներ («Գերմանական այլընտրանք» ուլտրաաջական կուսակցությունից)՝ համայնքային խորհրդարանների անդամ 2 գործընկներների հետ այսօր Ղարաբաղում էին․ նրանք այցելել են Ստեփանակերտն ու Շուշին, այցի ավարտին՝ հանդես եկել համատեղ ասուլիսով։

Վերահաստատելով, որ Ադրբեջանը՝ Թուրքիայի աջակցությամբ, ռմբահարում է խաղաղ բնակավայրերը, որոնց մոտակայքում որևէ ռազմական օբյեկտ չկա, նրանք կոչ են արել աշխարհի խորհրդարաններին «ոչ միայն խոսել, այլև գործել, պատժամիջոցներ կիրառել Արցախի վրա հարձակվող երկրների ու նրանց զենք մատակարարողների նկատմամբ»։ Հավաստիացրել են, որ ամեն բան կանեն՝ աշխարին իրականությունը պատմելու և Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ սանկցաներ կիրառելու համար։

21:05 _ Ստեփանակերտում քիչ առաջ երեք պայթյունի ձայն է լսվել, հայտնել է «Արմենպրես»-ը։
Օդային տագնապի ազդանշան չի միացվել։

17։50 _ Հայաստանի ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։

Մնացականյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը և «խորը մտահոգություն հայտնել միջազգային հանրության որոշ դերակատարների դրսևորած ոչ հստակ դիրքորոշման առնչությամբ՝ ընդգծելով, որ նման քաղաքականությունն Ադրբեջանի կողմից դիտարկվում է որպես․․․ ագրեսիայի շարունակման համար թողտվություն»:

Հիշեցնենք, որ նախօրեին ԵՄ արտաքին քաղաքականության գերատեսչությունը համառոտ հայտարարությամբ դատապարտել էր Գյանջայի հրթիռակոծությունն ու կողմերին կոչ արել դադարեցնել խաղաղ բնակչությանն ուղղված հարվածները։ Հայաստանի ԱԳՆ-ն այսօր պատասխան հայտարարությամբ մեղադրել էր ԵՄ-ն միակողմանիության և կողմնակալության մեջ։

19։29 _ ՊԲ-ն հրապարակել է ռազմական գործողությունների ընթացքում զոհված ևս 37 զինծառայողների անունները․

Քոչարյան Զոհրաբ Հրաչիկի, ծնվ. 1991թ.
Խաչատրյան Ցոլակ Սամվելի, ծնվ. 1990թ.
Հարությունյան Կարեն Սեյրանի, ծնվ. 2000թ.
Մանուկյան Նարեկ Սուրենի, ծնվ. 2000թ.
Էլիզբարյան Մհեր Աշոտի, ծնվ. 2000թ.
Գրիգորյան Գոռ Սերգեյի, ծնվ. 2000թ.
Հայրապետյան Սասուն Տիգրանի, ծնվ. 2000թ.
Պողոսյան Արման Մանվելի, ծնվ. 2002թ.
Գևորգյան Գրիգոր Արմենի, ծնվ. 2002թ.
Մկրտչյան Վազգեն Ռուդիկի, ծնվ. 2000թ.
Կիրակոսյան Արթուր Հայկի, ծնվ. 1999թ.
Ղարդաշյան Ռոման Վլադիմիրի, ծնվ. 2001թ.
Պահեստազորային Գալստյան Մուշեղ Արամի, ծնվ. 1997թ.
Գաբրիելյան Գեղամ Էդիկի, ծնվ. 1977թ.
Բալայան Կարեն Արթուրի, ծնվ. 1993թ.
Մելքումյան Հովհաննես Վաղարշակի, ծնվ. 1977թ.
Նիկողոսյան Արթուր Խոսրովի, ծնվ. 1991թ.
Պահեստազորային Փարամազյան Արշակ Հրաչիկի, ծնվ. 1983թ.
Միրզոյան Գոռ Գևորգի, ծնվ. 1990թ.
Բաղդագուլյան Աշոտ Վարազդատի, ծնվ. 1973թ.
Միքայելյան Հայրապետ Գուրգենի, ծնվ. 1994թ.
Թաթիկյան Սասուն Զոհրաբի, ծնվ. 1998թ.
Իսայան Վահրամ Վազգենի, ծնվ. 1980թ.
Քյարունց Գագիկ Ռազմիկի, ծնվ. 1998թ.
Պահեստազորային Ավանեսյան Բորիս Վարուժանի, ծնվ. 1990թ.
ՈՒդումյան Վահե Հայկազի, ծնվ. 2001թ.
Հարությունյան Միշա Սեդրակի, ծնվ. 2001թ.
Մայիլյան Նորայր Վահանի, ծնվ. 1999թ.
Կոնջորյան Ռաֆայել Յուրիկի, ծնվ. 2000թ.
Սարգսյան Ռոբերտ Արթուրի, ծնվ. 2001թ.
Աբգարյան Արսեն Սեյրանի, ծնվ. 2001թ.
Մովսիսյան Արթուր Արսենի, ծնվ. 2001թ.
Մովսիսյան Էրիկ Արթուրի, ծնվ. 2001թ.
Ավանեսյան Մանվել Կարլենի, ծնվ. 2001թ.
Բարսեղյան Արեգ Արթուրի, ծնվ. 2001թ.
Գրիգորյան Կարեն Գեդեոնի, ծնվ. 2001թ.
Սարգսյան Արման Արկադիկի, ծնվ. 2001թ.

Պաշտպանության բանակի հաստատված զոհերի թիվը հասավ 710-ի։
Ադրբեջանական կողմը զոհերի թիվն և տվյալները չի հրապարակում՝ պատճառաբանելով, որ դա «ռազմական գաղտնիք» է։

19:19 _ Լևոն Տեր-Պետրոսյանն անդրադարձել է 13 կուսակցությունների՝ նախօրեին հրապարակված համատեղ հայտարարությանը:
Կարդալ՝ այստեղ։

18։06 _ Եվրախորհրդարանի՝ Հունաստանը ներկայացնող պատգամավոր Էմանուիլ Ֆրանկոսը Թուրքիայի նկատմամբ զենքի էմբարգո կիրառելու առաջարկով դիմել է Եվրոպական խորհրդին։

17:37 _ ՊԲ-ն հայտնել է, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն օրվա ընթացքում ԱԹՍ-ներով շարունակաբար փորձել է խախտել Արցախի օդային տարածքը․ «ՊԲ հակաօդային պաշտպանության միջոցները խոցել են 2 ԱԹՍ»։ Եվրախորհրդարանի՝ Հունաստանը ներկայացնող պատգամավոր Էմանուիլ Ֆրանկոսը Թուրքիայի նկատմամբ զենքի էմբարգո կիրառելու առաջարկով դիմել է Եվրոպական խորհրդին։

Այսօր ավելի վաղ Ադրբեջանը հայտարարել էր, թե հայկական ՍՈՒ-25 գրոհիչ է խոցել։ Հայկական կողմը հերքել է։

17:00 _ Գերիների և անհետ կորածների հարցերով ադրբեջանական պետհանձնաժողովը տեղական լրատվականներին հայտնել է, որ պատրաստ է հայկական կողմին վերադարձնել զոհված զինծառայողների մարմինները՝ հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսային մասում ստեղծված «մարդասիրական միջանցքի» միջոցով, եթե Կարմիր խաչի միջնորդությամբ հաջողվի նման միջանցք կազմակերպել։

Հայկական կողմը այս հայտարարությունը դեռ չի արձագանքել։ Ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ ԿԽՄԿ-ի միջնորդությամբ փորձ է արվել գիշերվա ընթացքում վիրավոր զինծառայողներին մարտադաշտից դուրս բերելու պայմանավորվածության հասնել, բայց Ադրբեջանն առաջարկը կտրականապես մերժել է։


15։29
_ Մարտակերտի շրջանի գյուղերում Ադրբեջանի զինված ուժերի ինտենսիվ հրետակոծությունը երեկ շարունակվել է։ Պատերազմի առաջին օրերից Մարտակերտում և կից գյուղերում գազ չկա։ Վնասված են նաև էլեկտրալարերը։

«Արմենպրեսսի»-ի հետ զրույցում այս մասին ասել է Լուսինե Զաքարյանը։

Նրա խոսքերով, զինադադարի ուժի մեջ մտնելուց հետո քաղաքը չի հրետանակոծվել։ Իրավիճակն այս պահին հանգիստ է։

14:30_ Հայաստանի ԱԳՆ֊ն իր խիստ դժգոհությունն է արտահայտել Եվրամիության՝ Գյանջային հացված հրթիռային հարվածի մասին հայտարարության վերաբերյալ։

Եվրամիության Արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը երեկ համառոտ հայտարարությամբ դատապարտել էր Գյանջայի հրթիռակոծությունն ու կողմերին կոչ արել դադարեցնել խաղաղ բնակչությանն ուղղված հարվածները։ Հայաստանի ԱԳՆ֊ն այդ հայտարարությունը բնութագրեց որպես «միակողմանի, կանխակալ և ընտրողական»։

«Արդեն երեք շաբաթ է, ինչ Ադրբեջանը վայրագորեն հրետակոծում է Արցախի քաղաքներն ու գյուղերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը։ ․․․Եվրոպական միությանը մինչ օրս չի կարողացել հստակ և միանշանակորեն արձագանքել պատերազմի այս հանցագրոծություններին, որոնք իրականացվել են Ադրբեջանի կողմից Թուրքիայի անմիջական մասնակցությամբ։ Հայաստանը դատապարտելի է համարում այս միակողմանի և կողմնակալ հայտարարությունը, որն Ադրբեջանին «կանաչ լույս» է տալիս անպատժելիորեն շարունակել միջազգային իրավունքի, ներառյալ՝ միջազգային մարդասիրական իրավունքի և միջազգային սովորութային իրավունքի խախտումները», – ասված է ԱԳՆ տարածած հայտարարությունում։

13:33_ Առավոտյան ԱՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը հայտարարել էր, որ Ադրբեջանական ԶՈՒ հիմնական թիրախն այժմ Արաքսի գետի վրա կառուցված ջրամբարն է (Խուդաֆերինի ջրամբարը), որը հիմնականում բավարարում է Իրանի կարիքները:

Պաշտոնական Բաքուն այս տեղեկությունները չի հաստատել․ իրանական օնլայն-տիրույթում նյութեր են հայտնվել, ըստ որոնց՝ մարտերը (Ջաբրայիլի շրջան) իսկապես մոտեցել են ջրամբարին։

Խուդաֆերինի ջրամբարի պատմությունը ի սկզբանե փոխկապակցված է ԼՂ կոնֆլիկտի հետ․ ՀԷց-ի համար հանգույցներ կառուցելու պայմանավորվածությունը Իրանի և ԽՍՀՄ-ի միջև ձեռք է բերվել 1988-ին։ ՀԷՑ-ի ամբարտակը գտնվել է Ադրբեջանի տարածքում, որը ղարաբաղյան պատերազմի արդյունքում անցել է ԼՂ վերահսկողության տակ։ Շինարարական աշխատանքները մնացել են անավարտ։ Տարածքի հետ կապված իրավական անորոշությունները Իրանին պատերազմից հետո չեն կանգնեցրել․ ՀԷՑ-ի կառուցման մասին պաշտոնական նյութեր չկան, շինարարական աշխատանքներն իրականացվել են կիսագաղտնի ռեժիմում, բայց փաստ է, որ առնվազն 2010 թվականից ՀԷՑ-ն աշխատում է, ջրամբարը կա։ Ադրբեջանը այն համարում է ապօրինի։

12:49_ «Պատերազմական գոտին անցնում է Զանգեզուր-Ղարաբաղյան և Մերձարաքսյան ժանտախտի բնական օջախների տարածքներով, որտեղ առկա են ինչպես հիվանդության հարուցիչները, այնպես էլ փոխանցողները:

Զոհվածների մարմինների դուրս բերումը, հուղարկավորության կամ փոխանակման համար նախապայմանների բացակայությունը նպաստում է, որ առանց խնամքի մնացած դիակները դառնան վարակիչ հիվանդություններ փոխանցող կամ բնական պահոց… ինչը ստեղծում է բռնկումների և համաճարակների առաջացման բոլոր նախադրյալները:

Ռազմական գործողությունները կարող են նպաստել օջախների ակտիվությանը և մեծացնել կրծողների միջոցով փոխանցվող վարակիչ հիվանդությունների (ժանտախտ, տուլարեմիա, լեպտոսպիրոզ) ռիսկը ․․․ Պատերազմի և հետպատերազմական ժամանակաշրջանում բռնկումների, համաճարակների արձանագրման դեպքում ողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը, քանզի հոկտեմբերի 12-ից ի վեր շարունակում է անընդհատ խախտել դիակների փոխանակման նպատակով ստորագրված հումանիտար հրադադարի պահանջները», — հայտնում է Հայաստանի Առողջապահությունը նախարարությունը։

12:29_ «Հոկտեմբերի 18-ին մարդասիրական զինադադար հաստատելու մասին պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ փորձ է արվել պայմանավորվածություն ձեռք բերել գիշերվա ընթացքում վիրավոր զինծառայողներին մարտադաշտից դուրս բերելու համար։ Սակայն այս քայլը կտրականապես մերժվել է պաշտոնական Բաքվի կողմից», — հայտնում է Հայաստանի ԱԳՆ-ն։

11։34_ Հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական անդորր է։

Ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները խոշոր տրամաչափի զենքերից կրակ են վարել սահմանի երկայնքով, չի համապատասխանում իրականության, գրել է Պն խոսնակը։

11:12_ ՊԲ-ն հրապարակել է ռազմական գործողությունների արդյունքում զոհված ևս 40 զինծառայողների անունները․

Պահեստազորային Անտոնյան Վրույր Սիամանթոյի, ծնվ. 1977թ.
Պահեստազորային Վարդանյան Հարություն Սամվելի, ծնվ. 1982թ.
Ավետիսյան Հովհաննես Նիկոլայի, ծնվ. 1967թ.
Խաչատրյան Արթուր Արարատի, ծնվ. 1992թ.
Գրիգորյան Վանիկ Գրիգորի, ծնվ. 1971թ.
Կոստանյան Գևորգ Արկադիի, ծնվ. 1996թ.
Մարգարյան Համազասպ Վլադիկի, ծնվ. 1972թ.
Խաչատրյան Վարդան Զորիկի, ծնվ. 1990թ.
Կիրակոսյան Արմեն Արիստակեսի, ծնվ. 1985թ.
Մարգարյան Արման Միհրաբի, ծնվ. 1983թ.
Ասատրյան Վարուժան Ռուբիկի, ծնվ. 1977թ.
Հակոբյան Արմեն Հայկի, ծնվ. 1980թ.
Եղոյան Կարեն Զավենի, ծնվ. 1989թ.
Եղոյան Կարեն Վլադիկի, ծնվ. 1988թ.
Մուրադյան Սամվել Մարտինի, ծնվ. 1979թ.
Արիստակեսյան Կոլյա Ռաֆիկի, ծնվ. 1990թ.
Սիմոնյան Զաքարիա Հերոսի, ծնվ. 1979թ.
Նազարյան Գրիշա Սամվելի, ծնվ. 1996թ.
Զաքարյան Կարապետ Դերենիկի, ծնվ. 1986թ.
Ղարիբյան Արտուր Հարությունի, ծնվ. 1985թ.
Սարգսյան Սևադա Վարազդատի, ծնվ. 1980թ.
Հարությունյան Էդգար Արտեմի, ծնվ. 1982թ.
Ասլանյան Արթուր Արմենի, ծնվ. 1998թ.
Այվազյան Արմեն Խաչատուրի, ծնվ. 1984թ.
Սարգսյան Արման Ռաֆիկի, ծնվ. 1983թ.
Սիմոնյան Գևորգ Վանուշի, ծնվ. 1972թ.
Ստեփանյան Ապավեն Բայանդուրի, ծնվ. 1969թ.
Զաքարյան Զաքարիա Հունանի, ծնվ. 1987թ.
Բաբայան Փափագ Քաջիկի, ծնվ. 1980թ.
Պողոսյան Հրաչյա Վաչիկի, ծնվ. 1995թ.
Սիմոնյան Իսահակ Սամվելի, ծնվ. 1995թ.
Բաբայան Անդրանիկ Վարդանի, ծնվ. 1991թ.
Մնացականյան Վարդան Մուշեղի, ծնվ. 1989թ.
Պահեստազորային Սարգսյան Յանեկ Վրեժի, ծնվ. 1981թ.
Պահեստազորային Ալեքսանյան Արտյոմ Պարզիկի, ծնվ. 1983թ.
Ասատրյան Հրանտ Ալբերտի, ծնվ. 1986թ.
Վարագյան Սահակ Դեմսիկի, ծնվ. 1981թ.
Կակոյան Բագրատ Սարիբեկի, ծնվ. 1985թ.
Սարգսյան Վաչիկ Հայկի, ծնվ. 2002թ.
Ոսկովսկի Վյաչեսլավ Վալերևիչի, ծնվ. 1975թ.

10։37_  Խաղաղ բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ կրակ չի եղել

Արցախի բնակավայրերում գիշերը համեմատաբար հանգիստ է եղել: Ադրբեջանը կոպտորեն խախտել է գիշերը ձեռք բերված մարդասիրական հրադադարը հյուսիսային ու հարավային ուղղություններով։

Բայց, խաղաղ բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ՝ կրակ չի եղել, հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

9:40_ «Հարավային ուղղությամբ ՊԲ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի գրոհող 4 տանկ։ Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու հարավային թևում հակառակորդը կիրառում է մեծ թվով ԱԹՍ-ներ և հրետանային միջոցներ», — հայտնում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

9։17_ «Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում, ընդհանուր առմամբ, հումանիտար հրադադարը պահպանվել է՝ բացառությամբ հյուսիսային ուղղությամբ՝ 00:04-ից 02:45-ը և հարավային ուղղությամբ 02:20-ից 02:45-ը ընկած ժամանակահատվածների, երբ թշնամական ուժերը կիրառել են նաև, հրթիռահրետանային հարվածներ:

Առավոտյան՝ 07:20-ի սահմաններում, հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հաձակման: Երկուստեք կան զոհեր ու վիրավորներ:

Ճակատային գծում իրադրության լարման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա», – փոխանցում է ՊԲ֊ն։

―――――――
Պատերազմի նախորդ օրերի տեքստային տրանսլյացիաները․

հոկտեմբերի 17
հոկտեմբերի 16
հոկտեմբերի 15
հոկտեմբերի 14
հոկտեմբերի 13
հոկտեմբերի 12
հոկտեմբերի 11
հոկտեմբերի 10
հոկտեմբերի 9
հոկտեմբերի 8
հեկտեմբերի 7
հոկտեմբերի 6
հոկտեմբերի 5
հոկտեմբերի 4
հոկտեմբերի 3
հոկտեմբերի 2
հոկտեմբերի 1
սեպտեմբերի 30
սեպտեմբերի 29
սեպտեմբերի 28
սեպտեմբերի 27