Թարմացումներին կարող եք հետևել
մեր տելեգրամ ալիքում՝ https://t.me/epressam:
04:53 _ Ստեփանակերտը ռմբակոծվում է:
Տեղում աշխատող լրագրողների փոխանցմամբ` քաղաքում ուժեղ պայթյունների ձայներ են լսվում, այլ տեղեկություններ դեռ չկան։
04։08 _ Գյանջայի ռմբակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի։ Կա 40 վիրավոր, հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
04։06 _ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը` ի պատասխան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների (Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի) դիմումի, երկուշաբթի՝ հոկտեմբերի 19-ին փակ քննարկում կանցնացնի Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ։
Այս մասին գրել է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Անվտանգության խորհրդի իր աղբյուրը։
03։25 _ Գյանջայի ռմբակոծության հետևանքով 20 բնակելի տուն է փլվել, հաստատել է Հիքմեթ Հաջիևը։
Նախնական տվյալներով՝ կա առնվազն 6 զոհ և 35 վիրավոր։ Փլատակների տակից մարդկանց դուրսհանման աշխատանքները դեռ շարունակվում են։
Պաշտոնական Բաքուն, ինչպես և նախորդ երկու անգամները, պնդում է, որ հրթիռները (ըստ հաղորդվող տվյալների՝ SCUD/Elbrus) արձակվել են Հայաստանի Հանրապետության (այլ ոչ Լեռնային Ղարաբաղի) տարածքից։ Հայաստանի ՊՆ-ն կտրականապես հերքում է այդ տեղեկությունները։
Գյանջան Ադրբեջանի մեծությամբ երկրորդ քաղաքն է․ գտնվում է ԼՂ սահմանից 40 կիլոմետր, Հայաստանի սահմանից՝ մոտ 55 կիլոմետր հեռավորության վրա։
02։23 _ «Հայաստանի օդային տարածքում ՀՀ ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի երկու ԱԹՍ», – գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Հայաստանի ՀՕՊ-ի կողմից արձանագրվել է ադրբեջանական ԱԹՍ-ների թռիչքներ Սյունիքի մարզի Խնածախ, Արծվանիկ, Դավիթ Բեկ բնակավայրերի ուղղությամբ, որի ժամանակ նաև հարվածներ են հասցվել տեղում ՀՀ ԶՈՒ ենթակառուցվածքների ուղղությամբ՝ վնասելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ: Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան», – ասված է Հայաստանի ԱԳՆ հայտարարությունում։
01:42 _ «Ի պատասխան ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության հայտարարությունների՝ Հայաստանի Հանրապետության տարածքից կամ ՀՀ ԶՈՒ կողմից որևէ տիպի կրակ չի վարվել Ադրբեջանի ուղղությամբ», – գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
01:11 _ «Հոկտեմբերի 16-ին, ժամը 22։35-ին Սյունիքի մարզի ՀՕՊ-ի կողմից Կապան քաղաքում հայտարարվել է «օդային տագնապ»։ …Գործողության մեջ է դրվել Կապան քաղաքի ազդարարման համակարգը, իրականացվել է բնակչության պատսպարում։
Ժամը 23։25-ին ՀՕՊ-ի կողմից հայտարարվել է օդային տագնապի ավարտ։ Հեռահաղորդակցության օպերատորներից մեկի կողմից տեղեկատվության ոչ հստակ փոխանցման պատճառով հաղորդագրություն են ստացել նաև այլ բնակավայրերի [Մեղրի, Գորիս] առանձին բաժանորդները, ինչի համար հայցում ենք Ձեր ներողամտությունը» – ՀՀ ԱԻՆ
01:08_ Ադրբեջանական աղբյուրները հայտնում են, որ ռմբակոծվել է Գյանջան (և Մինգեչաուրը)։
«Կոմերսանտ»-ի թղթակից Կիրիլ Կիվոշեևը հաստատում է` Գյանջայի վրա երեք արկ է ընկել։
01:01 _ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողն այցելել է Հայաստանում և Ղարաբաղի հակամարտության գոտում վիրավորված երեխաներին։
«Ծանոթացել և շփվել է Նարեկի, Ռուբենի և Արծվիկի հետ», նշել է, որ ինքը և ՄԱԿ-ի ողջ անձնակազմը դատապարտում են քաղաքացիների թիրախավորումը և սատարում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի՝ անհապաղ և տևական հրադադարի կոչին։
00:59 _ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր հայտարարել էր, որ Անկարան Ղրիմը չի ճանաչում որպես ռուսական տարածաշրջան և աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը:
Զուգահեռաբար հայտնի դարձավ, որ Ուկրաինան և Թուրքիան’ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելոնսկիի պաշտոնական այցի շրջանակներում, նոր ռազմական համաձայնագրեր են ստորագրել։ Համաձայնագրերի տեքստը դեռ չի հրապարակվում։
00:51 _ «ՀՀ օդային տարածքում հայտնաբերվել են հակառակորդի ԱԹՍ-ներ։ Ձեռնարկվում են համապատասխան միջոցներ», – ՊՆ խոսնակ
00:30 _ «Նախնական տվյալներով Ասկերանի շրջանի Շոշ համայնքում երեք քաղաքացիական անձ վիրավորվել է՝ Յուրի Մելքումյան, Սողոմոն Մելքումյան, Գրիգորի Վերդյան: Համայնքին հասցվել է նյութական մեծ վնաս: Մանրամասները ճշտվում են», – ԱՀ ՄԻՊ։
«Սյունիքի մարզի Կապան քաղաքում հայտարարված է օդային տագնապի ավարտ», – ՀՀ ԱԻՆ
23։31 _ Ճշգրտված տվյալների համաձայն՝ Շոշ համայնքի բնակիչը ոչ թե զոհվել, այլ վիրավորում է ստացել, հայտնել է Արցախի Տեղեկատվական շտաբը։
23։30 _ Ադրբեջանի ԱԳՆ-ն ռուսաստանցի հայտնի պատգամավոր Վիտալի Միլոնովին ներառել է պերսոնա նոն-գրատա ցանկում՝ Լեռնային Ղարաբաղ կատարած (և Բաքվի հետ չհամաձայնեցված) այցի պատճառով։
23:07_ Հատված Նիկոլ Փաշինյանի՝ ֆրանսիական Libération թերթին տված հարցազրույցից․
Libération — Հայաստանի ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը 2020թ. հոկտեմբերի 9-ին հայտարարել է, որ ԼՂ բանակը «բավականաչափ ռազմական թիրախներ ունի առաջնագծի մոտ»: Ինչո՞ւ հրադադարի ընթացքում թիրախավորել Գյանջան՝ ռիսկի տակ դնելով նաև խաղաղ բնակիչներին:
Փաշինյան — Դուք ասում եք՝ «հրադադարի ընթացքում»: Հրադադար չի եղել: Ընդհակառակը, այդ հրադադարի համաձայնության ընթացքում Ստեփանակերտի և այլ բնակավայրերի հրթիռակոծումը կրկնապատկվել է: Եվ ես ուզում եմ ընդամենը մեկ փաստ բերել. տեսնելով, որ ոչ մի կերպ, այդ թվում և՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների հայտարարություններից հետո առնվազն քաղաքացիական ենթակառուցվածքների՝ բնակելի տների, գյուղերի բնակավայրերի հրթիռակոծությունը հնարավոր չի լինում դադարեցնել, Ղարաբաղի Պաշտպանության բանակը որոշել է պատասխանել: Եվ այդ պատասխանից հետո Ստեփանակերտն այլևս չի ռմբահարվում: Համենայնդեպս, դրան հաջորդած օրերին:
22։43_ «Կրկին հրթիռակոծում են Ստեփանակերտն ու Արցախի այլ համայնքները։ Շոշ համայնքում խաղաղ բնակիչ է զոհվել», — Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն։
22:36_ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի՝ օրը ամփոփող ասուլիսից․
— Այսօր վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը և հյուսիսում, և հարավում երկար հրետակոծությունից, հրետանային պատրաստությունից հետո, որի ընթացքում կիրառվել են նաև այլ օդային հարձակման միջոցներ՝ ԱԹՍ-ներ, հրթիռներ, օդուժ, անցել են լայնածավալ հարձակման:
— Հյուսիսային ուղղությամբ, առնվազն 2 կատաղի գրոհներից հետո մեր զինված ուժերին հաջողվել է հոտ շպրտել նրանց։
— Հարավային ուղղությամբ ամբողջ օրը շարունակվել են ծանր մարտերը։
— Մինչև այս պահը ընթանում են դժվար ու ծանր մարտեր՝ հատկապես հարավային ուղղությամբ։
— Օրվա ընթացքում ադրբեջանական օդուժը կատարել է նաև որոշակի թռիչքներ, որոնց ընթացքում մարտական հարվածներ են հասցվել․ «Մեզ հաջողվել է չեզոքացնել որոշ թռչող սարքեր, որոնք դեռ իդենտիֆիկացված չեն»:
— Հադրութի հետ կապված անհանգստությունների համար առանձին տեղամասերի իրավիճակը չեմ ուզում ներկայացնել։ Ես ձեզ խնդրել եմ, աղաչել եմ, որ եթե առանձին ուղղություններում մեր զորքերը նահանջում են, աջուձախ են քաշվում, վերախմբավորում են անում, պետք չէ այդ առանձին ուղղությունների վրա ֆիքսվել, առանձին իրավիճակներ պարզաբանել: Մեր զորքերը հերոսական ու շատ ծանր պայքար են մղում: Երբեմն դա չի երևում, բայց իրոք մարտերը շատ ծանր են։ ․․․Իրավիճակը չի փոխվել Հադրությում, վերջին երկու-երեք օրերի ընթացքում իրավիճակը նույնն է։
22:09_ Ղարաբաղի նախագահի ստորագրած հրամանագրի համաձայն, Արցախում սահմանափակվել է ազատ տեղաշարժի իրավունքը, սահմանվել է քաղաքացիների հանրապետությունից դուրս գալու հատուկ ռեժիմ, ստեղծվել է պարետատուն, որի պարետ է նշանակել ԱՀ ԱԻ պետծառայության տնօրեն Կարեն Սարգսյանը:
Ռազմական դրության ընթացքում փողոցներում ու այլ հասարակական վայրերում գտնվելու ժամանակ բոլորն այսուհետ պետք է իրենց հետ ունենան անձը հաստատող փաստաթուղթ (զինգրքույկ), որը անհրաժեշտության դեպքում պետք է ներկայացնեն պարեկներին, զգուշացնում է Արցախ տեղեկատվական շտաբը։
Պարետատունը զբաղվելու է նաև զորակոչից խուսափող տղամարդկանց հայտնաբերմամբ, մեքենաների, բնակարանների և փաստաթղթերի ստուգմամբ։
21:49_ ՄԻԵԴ-ը քիչ առաջ բավարարել է հայ դիմումատուների պահանջը՝ պարտավորեցնելով Ադրբեջանի կառավարությունը ապահովել Արեգ Սարգսյանի և Նարեկ Ամիրջանյանի կյանքի անձեռնմխելիությունը և նրանց առողջության իրավունքը, հայտնել է Արտակ Զեյնալյանի։
«Միևնույն ժամանակ Դատարանը պահանջել է Ադրբեջանից մինչև 22.10.2020թ․ Եվրոպական դատարանին ներկայացնել տեղեկություններ վերջիններիս որպիսության և առողջական վիճակի վերաբերյալ»։
21։05_ «Առաջին համաշխարհային պատերազմի և 20-րդ դարի բերած ավերածություններից առաջ ադրբեջանցիներն ու հայերն այդ տարածքում ապրում էին այնպիսի կոնֆլիկտային համակեցությամբ, ինչպիսին մեզ ծանոթ է աշխարհի բազմազգ հատվածներում: Այժմ մենք ոչ միայն հրադադարի համաձայնություն ենք խնդրում, այլ հրադադարի պահպանման հաստատակամություն և հայ փոքրամասնության պաշտպանություն՝ ինքնորոշմանն ուղղված իր ջանքերում»․
Տեսաբաններ Գայատրի Չակրավորտի Սպիվակը, Նոամ Չոմսկին, Յուդիթ Հերմանը, Քորնել Վեսթը, Սեյլա Բենհաբիբը և գրողներ Թարիք Ալին ու Վիգեն Բերբերյանը «Լեռնային Ղարաբաղում հարատև խաղաղության կոչ» վերտառությամբ նամակ են հրապարակել։
Նամակն ամբողջությամբ՝ այստեղ (անգլերեն լեզվով)։
19:46_ ««Անջատում հանուն փրկության» սկզբունքը, որը ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի ժամանակակից դրսևորումն է, իրավունք է տալիս առանձին խմբերին, ժողովուրդներին ինչպես անջատվել որևէ պետությունից, երբ առկա է խտրականության, մարդու իրավունքների լայնածավալ խախտումների կամ ցեղասպանության ռիսկ, այնպես էլ բացառում է միացումը մի պետության հետ, եթե միավորումը բերելու է վերը նշված նույն հետևանքներին։
Հատկապես սա պիտի դրվի Ղարաբաղի հարցի կարգավորման մեր հայեցակարգի հիմքում և վարձկան-ահաբեկիչների ներգրավվածությունը ընթացիկ պատերազմին, Թուրքիայի և Ադրբեջանի ահաբեկչական գործելակերպը նման միջազգային ըմբռնման հասնելու իրական հնարավորություն է տալիս։ Ողջ հայության ներուժը պետք է կենտրոնացնենք այս խնդրի լուծման վրա», — ֆեյսբուքի իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը։
19:37_ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ:
Թրյուդոյի ուշադրությունը հրավիրվել է ռազմական գործողություններում Թուրքիայի կործանարար ներգրավվածության և Հարավային Կովկասում հաստատվելու այդ երկրի անընդունելի նկրտումների վրա: Վարչապետը շնորհակալություն է հայտնել ռազմական նշանակություն ունեցող ապրանքների Թուրքիա արտահանումը կասեցնելու համար: Ընդգծվել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ազգերի ինքնորոշման իրավունքի անխափան կիրառման սկզբունքային նշանակությունը:
📍Ավելի վաղ Փաշինյանը հանդիպել էր Երևան ժամանած Հունաստանի արտգործնախարարի հետ։
Փաշինյանն ու Նիկոս Դենդիաս խոսել են Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի, դրանում Թուրքիայի բացահայտ ներգրավվածությանու տարածաշրջանն ապակայունացնող քայլերի մասին։
[Հունաստանի և Թուրքիայի միջև երկարատև լարվածությունը կրկին սրվեց այս տարվա օգոստոսին՝ Միջերկրական ծովի վիճելի հատվածներում Թուրքիայի կողմից սկսված սեյսմիկ հետազոտությունների պատճառով]:Վարչապետի աշխատակազմից հայտնել էին, որ «Փաշինյանն ու Նիկոս Դենդիասն ընդգծել են նման քաղաքականության անընդունելիությունը և մտքեր փոխանակել դրան հակազդելու ուղղությամբ համատեղ անելիքների շուրջ»։
19:24_ Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հունաստանի ԱԳՆ Նիկոս Դենդիասին:
Խոսել են Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիայի, հրադադարի համաձայնության և Ադրբեջանի կողմից այն շարունակաբար խախտելու մասին, հայտնել են նախագահի գրասենյակից։
Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ Հունաստանի համար հիմա նույնպես բարդ ժամանակներն են [Թուրքիայի և Հունաստանի միջև երկարատև լարվածությունը կրկին սրվեց այս տարվա օգոստոսին՝ Միջերկրական ծովի վիճելի հատվածներում Թուրքիայի կողմից սկսված սեյսմիկ հետազոտությունների պատճառով – խմբ․] և վերապահում կատարել, որ, բարեբախտաբար, ոչ այն ծավալի և բռնության աստիճանի, ինչ Հայաստանի և Արցախի պարագայում։
Ավելի վաղ Նիկոս Դենդիասի հետ հանդիպել էր նաև Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետն ու Հունաստանի ԱԳՆ-ն անդրադարձել էին պատերազմին, դրանում Թուրքիայի բացահայտ ներգրավվածությանն ու տարածաշրջանն ապակայունացնող քայլերին։
«Նիկոլ Փաշինյանը և Նիկոս Դենդիասն ընդգծել են նման քաղաքականության անընդունելիությունը և մտքեր փոխանակել դրան հակազդելու ուղղությամբ համատեղ անելիքների շուրջ», – ասված է վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում։
17։38_ Նիկոլ Փաշինյանի՝ շվեյցարական RTS հեռուստաընկերությանը տված հարցազրույցից․
— Վերջերս շվեյցարական Ժնև քաղաքի խորհուրդը բանաձև ընդունեց, որով արձանագրեց, որ «անջատում հանուն փրկության» գաղափարը կարող է կիրառելի լինել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Դա հայտնի միջազգային տերմին է, որը ենթադրում է, որ որոշակի տարածաշրջաններ, ժողովուրդներ անկախություն են ստանում այն բանի հաշվառմամբ, որ նրանք որևէ այլ երկրի կամ նրանց նկատմամբ հավակնություններ ունեցող երկրի իշխանության ներքո չեն կարող գոյատևել:
— Այս ռազմական գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, հայությունը գտնվում է գոյութենական վտանգի առաջ, հումանիտար ճգնաժամի շեմին: ․․․Ադրբեջանի վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ նշանակում է, որ այնտեղ ոչ մի հայ չի բնակվելու։
— Միջազգային հանրությունից իմ ակնկալիքը հստակ է՝ կիրառել «անջատում հանուն փրկության» սկզբունքը:
Ավելի վաղ (2016 թվականի մայիսին, և հիմա՝ պատերզամի օրերին, նաև՝ Ժնևի խորհրդի բանաձևի ընդունումից անմիջապես հետո) «անջատում հանուն փրկության» դոկտրինի մասին գրել էր նաև Լևոն Տեր-Պետրոսյանը՝ շեշտելով, որ «այս դոկտրինի կիրառման պահանջը․․․ամենահեռանկարային հնարավորությունն է, որից հայկական դիվանագիտությունն իրավունք չունի չօգտվել»։
17:00_ Ադրբեջանը բողոքում է ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունից․
Ադրբեջանի ԱԳՆ-ի կարծիքով՝ Մայք Պոմպեոյի խոսքերը հակասում են ղարաբաղյան հակամարտության շուրջ ԱՄՆ կառավարության մյուս հայտարարություններին և չեն համապատասխանում ԱՄՆ-ի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի դերին։
Ահա ինչ էր երեկ ասել պետքարտուղար Պոմպեոն․ «ԼՂ հակամարտության կարգավորումը պետք է իրականացվի բանակցությունների ու խաղաղ քննարկումների միջոցով, այլ ոչ զինված բախումների, և, իհարկե, ոչ երրորդ երկրների հետ, որոնք գալիս են մարտական ուժ տրամադրելու մի իրավիճակում, որն արդեն իսկ պայթյունավտանգ է: Մենք հույս ունենք, որ հայերը կկարողանան պաշտպանվել ադրբեջանցիների գործողություններից և բոլոր կողմերը կհասնեն իրական հրադադարի, հետո կնստեն բանակցությունների սեղանի շուրջ և կփորձեն կարգավորել այն, ինչ իրապես պատմական և բարդ խնդիր է»։
Ղարաբաղի ԱԳՆ-ն ողջունել էր Պոմպեոյի «հույսը», բայց ակնկալել էր ավելին։
16։13_ Ադրբեջանական տելեգրամ ալիքներում երեկ տեսանյութ էր շրջանառվում, որում ցուցադրվում էր՝ ինչպես են Ադրբեջանի զինվորականները գերեվարում և գնդակահարում երկու հայ տղամարդկանց (մեկը երիտասարդ, մյուսը՝ տարեց)։
Ադրբեջանը տարբեր մակարդակներում փորձում է հերքել ռազմագերիների հանդեպ անմարդկային վերաբերմունքը արձանագրած տեսանյութի իսկությունը։ Bellingcat֊ի փորձագետները՝ հիմնվելով բաց աղբյուրների վրա, ապացուցում են տեսանյութի իսկությունը (բացահայտում են նաև դեպքի վայրը, ժամը, մասնակիցներին)։
Հետաքննությունն ամբողջությամբ՝ այստեղ (անգլերեն լեզվով)։
15։58_ 📍 Հայաստանի ՊՆ-ն հորդորել է միջազգային հանրությանը և հատկապես Մինսկի խմբի համանախագահներին իրենց հայտարարություններում և կոչերում հասցեական անդրադառնալ հակամարտության այն կողմին, որը զանազան միջոցներով խուսափում է հրադադարի ռեժիմի և այդ ռեժիմի պահպանման համար անհրաժեշտ վերիֆիկացիոն մեխանիզմների հաստատումից:
📍 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է ԼՂ հակամարտության հարցը, հայտնել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
📍Իրանի ԱԳՆ խոսնակը նորից նախազգուշացրել է’ եթե ԼՂ հակամարտության գոտուց կրկին կրակ արձակվի իրենց ուղղությամբ, «Իրանի Իսլամական Հանրապետությունը անտարբեր չի մնա»։
15։16_ Մի խումբ մարդիկ «միջազգային կառույցների կողմնակալ գնահատականը կանխելու նպատակով» բողոքի ցույց էին անում ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի մոտ։
Շենքի մոտ հավաքված մարդիկ պահանջում էին հստակ գնահատական տալ Ղարաբաղի և Հայաստանի դեմ ռազմական հանցագործություններին, ՄԱԿ ներկայացուցչից էլ՝ գնալ «Ստեփանակերտ , Վարդենիս, Հադրութ, Մարտակերտ, սեփական աչքերով տեսնել Շուշին», դադարեցնել պատերազմը։
Զուգահեռ բողոքի ցույց էր նաև Ռուսաստանի երևանյան դեսպանատան դիմաց։
https://twitter.com/epressam/status/1317068542043410433
լուսանկարներն ու տեսանյութը՝ epress.am
14։47_ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արա Այվազյանը նշանակվել է Արտաքին գործերի նախարարի տեղակալ:
14:38_ Ադրբեջանը այսօր կեսօրից հետո հայտարարել էր, թե հայկական ԶՈՒ-ն հրթիռակոծել է Նախիջևանը։ Ադրբեջանի ՊՆ-ի պնդում էր, որ հրթիռն արձակվել է Հայաստանի ԶՈՒ կողմից վերահսկվող տարածքներից և պայթել է Նախիջևանի Օրդուբադի շրջանի դաշտերից մեկում։
Հայաստանի ՊՆ-ն, ինչպես հայտնել էինք, կտրականապես հերքել է այս տեղեկությունը։
Նախիջևանը, որպես ինքնավար հանրապետություն (Ադրբեջանի կազմում), Ադբեջանի հետ ընդհանուր սահման չունի։ Այն սահմնակցում է Հայաստանին, Իրանին և Թուրքիային։ Վերջինս համարվում է Նախիջևանի կարգավիճակի պաշտոնական երաշխավորը։ Ռազմական գործողությունների ընդհարձակումը դեպի Նախիջևան ֆորմալ հիմքեր է տալիս նաև Թուրքիայի ներգրավման համար։
Ռազնական փորձագետների արձագանքներից դատելով՝ չի բացառվում, որ Նախիջևանի ներմուծումը ռազմական լրահոս սադրանք է կամ «պատասխան»՝ ՀԱՊԿ-ի շուրջ վերջին շրջանի քննարկումներին։
14:17_ «Հայտարարում ենք, որ Նախիջևանի Օրդուբադ շրջանի ուղղությամբ որևէ հրթիռ չի արձակվել։
Սա ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության հերթական սուտն է, որը նպատակ է հետապնդում ընդլայնել հակամարտության աշխարագրությունը», –
Պն խոսնակ
14:01_ 2016 թվականի «Ապրիլյան պատերազմում» զոհված զինծառայողների մայրերը Երևանում Ռուսաստանի դեսպանատան առջև բողոքի ցույց են անում։
Պահանջում են «օր առաջ հաստատել խաղաղություն»:
լուսանկարները` Լիանա Քոսակյանի
13:31_ Հայաստանի և Հունաստանի արտգործնախարարների համատեղ ասուլիսը Երևանում․
13:28_ Եվրոպայում բողոքի ցույցեր են. հայկական համայնքը (և ոչ միայն) պահանջում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը և կասեցնել ադրբեջանաթուրքական ագրեսիան։
Փակվել են մի շարք միջպետական մայրուղիներ:
Անհնազանդության ակցիաների քարտեզը` Սփյուռքի հանձնակատարի գրասենյակից
12։23_ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը այսօր հեռախոսազրույց է ունեցել
– ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի և
– ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։
12:15_ Հունաստանի արտգործնախարարն արդեն Հայաստանում է։
Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Քիչ անց տեղ կունենա Հայաստանի ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանի հետ դռնփակ հանդիպումը’ հաջորդիվ մամուլի ասուլիսով։
լուսանկարները’ Աննա Նաղդալանի
11:52_ ՊԲ-ն հրապարակել է ռազմական գործողությունների արդյունքում զոհված ևս 29 զինծառայողների անունները.
Վարդանյան Հովիկ Արմենի, ծնվ. 1996թ.
Գրիգորյան Հակոբ Ալբերտի, ծնվ. 2000թ.
Ստեփանյան Մհեր Տելիկի, ծնվ. 1969թ.
Հայրապետյան Վարդան Խաչիկի, ծնվ. 1987թ.
Մարտիրոսյան Կարեն Ձոնիկի, ծնվ. 1997թ.
Կարապետյան Գոռ Հայկազի, ծնվ. 1994թ.
Գալստյան Արման Արմենի, ծնվ. 2000թ.
Զաքարյան Տիգրան Վահանի, ծնվ. 1988թ.
Աֆրիկյան Վահագն Վանիկի, ծնվ. 1984թ.
Բալբաբյան Սերգեյ Պավելի, ծնվ. 1982թ.
Իսախանյան Գոռ Արտուշի, ծնվ. 1985թ.
Օհանյան Սասուն Սերյոժայի, ծնվ. 1974թ.
Կիրակոսյան Ռուբեն Ռաֆայելի, ծնվ. 1982թ.
Պետրոսյան Գևորգ Աշիկի, ծնվ. 1992թ.
Երանոսյան Կարեն Ջոնիկի, ծնվ. 1991թ.
Իգիթյան Հովհաննես Վարազդատի, ծնվ. 1987թ.
Մկրտչյան Արա Մակարի, ծնվ. 1992թ.
Խեչոյան Դավիթ Էդիկի, ծնվ. 1993թ.
Արզումանյան Արեն Հովիկի, ծնվ. 2000թ.
Պահեստազորային Հարությունյան Գնել Ռուբիկի, ծնվ. 1977թ.
Պահեստազորային Բաբախանյան Միքայել Կամոյի, ծնվ. 1997թ.
Աբրահամյան Արամ Հրաչյայի, ծնվ. 1981թ.
Սաղումյան Վարուժան Արմանի, ծնվ. 2002թ.
Իսկանդարյան Սերգեյ Վարդանի, ծնվ. 2001թ.
Բաղդասարյան Էդգար Շահենի, ծնվ. 2001թ.
Գաբրիելյան Գնել Կարապետի, ծնվ. 2001թ.
Սարդարյան Հովիկ Հրայրի, ծնվ. 2001թ.
Հարությունյան Տիգրան Նորայրի, ծնվ. 2000թ.
Օթարյան Գևորգ Վարդանի, ծնվ. 1999թ.։
11։51_ Հայ համայնքը փակել է Լյուքսեմբուրգ-Բելգիա-Ֆրանսիա մայրուղին։ Պահանջն է’ ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։
Փակվել է նաև Համբուրգի գլխավոր մայրուղին։
Ցուցարարները պահանջում են ճանաչել ԼՂ կարգավիճակը և լուսաբանել պատերազմը։
10:54_ Երեկ երեկոյան Միլանի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է Արցախի անկախությունը և հանձնարարել Միլանի գործադիր իշխանություններին «խնդրել Իտալիայի ազգային իշխանություններին ճանաչել Արցախի Հանրապետությունը որպես քաղաքակրթության ակտ, որը կարող է հանգեցնել ոչ միայն արդարության իրագործմանը, այլև վերջ դնել լռությանը, որը վաղուց դառնում է հանցագործության մեղսակցություն», գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը։
10:49_ «Հոկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը, հատկապես լուսադեմին, թշնամին հրետանու կիրառմամբ ինտենսիվ կրակ է բացել Մարտունի քաղաքի և Կարմիր Շուկա բնակավայրի ուղղությամբ, իսկ առավոտյան՝ Բերդաշեն համայնքի ուղղությամբ։
Հրետակոծվել են Հադրութի շրջանի Տող, Քաշաթաղի շրջանի Տիգրանավան, Այգեհովիտ և Աղավնո բնակավայրերը։
Տուժածների և վնասների մասին տեղեկությունները ճշտվում են», – Ղարաբաղի Արտակարգ իրավիճակների պետծառայություն։
10:47_ «Հյուսիսային ուղղությամբ համառ մարտերը շարունակվում են… Հերթական համառ գրոհը հետ մղելիս մեր զորքերի հարվածներից հակառակորդի հետևակը դիմել է փախուստի», – հայտնել է ՊՆ Արծրուն Հովհաննիսյանը։
Ավելի վաղ նա գրել էր, որ «վաղ առավոտյան հակառակորդը մոտ մեկ ժամ ինտենսիվ հրետակոծությունից հետո հյուսիսային ուղղությամբ լայնածավալ հարձակում է սկսել»:
――――――――――――
Պատերազմի նախորդ օրերի տեքստային տրանսլյացիաները․
հոկտեմբերի 15
հոկտեմբերի 14
հոկտեմբերի 13
հոկտեմբերի 12
հոկտեմբերի 11
հոկտեմբերի 10
հոկտեմբերի 9
հոկտեմբերի 8
հեկտեմբերի 7
հոկտեմբերի 6
հոկտեմբերի 5
հոկտեմբերի 4
հոկտեմբերի 3
հոկտեմբերի 2
հոկտեմբերի 1
սեպտեմբերի 30
սեպտեմբերի 29
սեպտեմբերի 28
սեպտեմբերի 27