ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը իրենց աջակցությունն են հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության վերականգնմանը: Այս մասին ասված է Մինսկի խմբի համանախագահ երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների երեկ երեկոյան հրապարակած համատեղ հայտարարությունում:
Համանախագահները կոչ են անում շարունակել երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև և շփումները ղեկավարների մակարդակով, զերծ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից ու սադրիչ գործողություններից, ամբողջությամբ կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստանձնած պարտավորությունները, որոնք Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները վերահաստատել են նաև 2021 թվականի նոյեմբերի 26-ի իրենց հայտարարությունում։
«Համանախագահ երկրները կոչ են անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել իրենց ներգրավվածությունը համանախագահների հովանու ներքո՝ կոնկրետ առաջընթաց գրանցելու մարդասիրական հարցերում, այդ թվում՝ պահվող անձանց, ականազերծման, անհետ կորածների, տեղահանվածների կամավոր վերադարձի և պատմական հուշարձանների վերաբերյալ», – ասված է հայտարարությունում:
Համանախագահները «մտահոգությամբ նշում են վերջին միջադեպերը Հայաստան-Ադրբեջան չսահմանազատված սահմանին և վերահաստատում, որ սահմանային վեճերը լուծելու համար ուժի կիրառումը կամ սպառնալիքն անընդունելի է»։
Միջազգային մարդասիրական իրավունքի պահանջներին համապատասխանելու իրենց պարտավորության մասին հիշեցնելով՝ համանախագահները կողմերին նաև կոչ են անում անհապաղ վերացնել հակամարտությունից տուժած տարածքներ և բնակչության մոտ մուտք գործելու բոլոր սահմանափակումները միջազգային մարդասիրական կազմակերպությունների նկատմամբ և․․․ որքան հնարավոր է շուտ՝ հնարավորություն տալ համանախագահներին աշխատելու տարածաշրջանում ՝ թույլ տալով նրանց «առաջին ձեռքից» գնահատել իրավիճակը տեղում:
Ամենավերջում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերահաստատում են իրենց հանձնառությունը՝ աշխատելու կողմերի հետ՝ գտնելու համապարփակ լուծումներ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող մնացյալ բոլոր հարցերի համար, իրենց մանդատի համաձայն՝ ապահովելու անվտանգ, կայուն, բարգավաճ և խաղաղ ապագա Հարավային Կովկասի տարածաշրջանի համար:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը դեռևս դեկտեմբերի 2-ին (Ստոկհոլմում) տեղեկացրել էր, որ ԵԱՀԿ նախարարական հանդիպմանը Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել։ Հայտարարությունը փաստորեն հրապարակվել է միայն նախօրեին՝ մոտ մեկ շաբաթ անց: