Home / Առողջապահություն / Պաշտպանության նախարարությունը չի ապահովում զինծառայողների հանգստի և արձակուրդի իրավունքը

Պաշտպանության նախարարությունը չի ապահովում զինծառայողների հանգստի և արձակուրդի իրավունքը

2021 թ․ օգոստոսից ի վեր Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը զինծառայողների հարազատներից ահազանգեր է ստանում այն մասին, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը զինծառայողներին օրենքով նախատեսված հիմնական արձակուրդ չի տրամադրում և սահմանված ժամկետից երկար է պահում մարտական հեթապահությունում։

ՊՆ-ն խախտում է զինծառայողների հանգստի իրավունքը, ինչը կարող է բացասաբար ազդել զինծառայողների ֆիզիկական եւ հոգեկան առողջության, ֆիզիկական պատրաստվածության և մարտական հերթապահության պատշաճ իրականացման վրա։

Այս խնդիրների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու և պարտադիր ժամկետային զինծառայողների մարտական հերթապահության հերթափոխի հաճախականությունն ու մարտական հերթապահության կրման ժամկետները վերանայելու պահանջով 2021 թվականի սեպտեմբերի 6-ին և հոկտեմբերի 8-ին իրավապաշտպանները դիմել են պաշտպանության նախարարին։

ՊՆ գլխավոր քարտուղար Արթուր Սարգսյանը սեպտեմբերի 25-ի պատասխան գրությամբ հայտնել է, որ հիմնվելով «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի  9-րդ հոդվածի 1-ին ենթակետի պահանջների վրա՝ նպատակահարմար չի համարում տեղեկություն տրամադրել զինծառայողների մարտական հերթապահության հերթափոխի ժամկետների մասին։

Ինչ վերաբերում է այն զինծառայողներին, որոնք 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում մասնակցել են պատերազմական գործողություններին և մինչ օրս արձակուրդ չեն ստացել, նոյեմբերի 29-ի պատասխանում ՊՆ ներկայացուցիչը նշել է, որ դա պայմանավորված է կորոնավիրուսային համավարակի պայմաններով։

Դեռևս 2020-ի փետրվարի 25-ին Զինված ուժերի ղեկավար կազմի խորհրդակցությունից հետո ԶՈՒ-ն անցել է խիստ հակահամաճարակային իրավիճակում գործելու ռեժիմի։ Իսկ արդեն նոր կորոնավիրուսային համավարակի ներթափանցման կանխարգելիչ միջոցառումներով պայմանավորված՝ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հրամանով 2021-ի հոկտեմբերի 14-ից  մինչև 2022-ի հունվարի 16-ը արգելվել են ժամկետային զինծառայողների ազատ արձակումը և ծնողների այցելությունները։

Առաջին անգամը չէ, որ պաշտպանության նախարարությունը տեղեկությունների տրամադրման հարցում ցուցաբերում է գաղտնիության բարձր մակարդակ։ Պատասխան գրությամբ ՊՆ-ի կողմից առաջ քաշած պատճառները մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից հիմնավորված չեն։

Իրավապաշտպանները նշում են նաև, որ որոշ զինծառայողներ ենթարկվում են խտրական վերաբերմունքի։ Նշված ոչ մի պատճառ չի կարող արդարացնել ՊՆ-ին՝ զինծառայողների հանգստի իրավունքը չապահովելու համար։