ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հրապարակել է Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց կիրառելու մասին Հայաստանի դիմումի և Հայաստանի նկատմամբ հրատապ միջոց կիրառելու մասին Ադրբեջանի դիմումի վերաբերյալ որոշումները։
Հաագայի դատարանը Բաքվին հորդորել է կանխել հայերի դեմ ռասայական ատելությունը, «պաշտպանել» հայ ռազմագերիներին
Առցանց նիստին դատարանի որոշման տեքստն ընթերցում էր դատավոր Ջոան Դոնահյուն։
Հայաստանի ներկայացրած հայցով որոշման մեջ նշվում էր, որ Ադրբեջանը պարտավոր է
— «ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու ծագումով հայերի նկատմամբ ռասայական ատելության և խտրականության հրահրումն ու խթանումը, այդ թվում՝ պաշտոնյաների և հանրային ինտիտուտների կողմից»,
— պաշտպանի բռնությունից և մարմնական վնասվածքներից Ադրբեջանում պահվող բոլոր այն անձանց, որոնք ձերբակալվել են «2020 թվականի հակամարտության հետ կապված», վերջիններս չպետք է ենթարկվեն անմարդկային կամ ստորացուցիչ վերաբերմունքի իրենց ազգային պատկանելության պատճառով,
— կանխի և պատժի հայկական մշակութային ժառանգության ավերումն և պղծումը, այդ թվում՝ պաշտամունքի վայրերի, գերեզմանատների և այլն։
Հիշեցնենք՝ Հայաստանը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում ընդդեմ Ադրբեջանի գործ էր հարուցել Ռասայական խտրականության բոլոր ձևերի բացառման միջազգային կոնվենցիայի (2-7 հոդվածներ) խախտումների առնչությամբ։ Ավելի ուշ ընդդեմ Հայաստանի համանման հայց էր ներկայացրել նաև Ադրբեջանը։
Հայկական կողմը ՄԱԿ-ի դատարանին խնդրել էր մինչև բուն գործով վճռի հրապարակումը միջանկյալ միջոցներ կիրառել՝ Ադրբեջանին պարտավորեցնելով ազատ արձակել հայ (ռազմա)գերիներին, փակել Բաքվի «ռազմավարի պուրակը», չավերել հայկական հուշարձանները։ Հայաստանի նկատմամբ հրատապ միջոցների կիրառում էր պահանջել նաև Ադրբեջանը։
Հայկական կողմի ներկայացրած պահանջներից ամենակարևորը՝ ռազմագերիների ազատ արձակումը, փաստացի չբավարարվեց։ Գերիներին հայրենադարձելու փոխարեն՝ դատարանեը հորդորեց «պաշտպանել» նրանց բռնությունից։ Հայցը քննվում էր ռասայական խտրականության բոլոր ձևերի բացառման միջազգային կոնվենցիայի շրջանակում․ դատարանը համարեց, որ հայկական կողմը չի ներկայացրել ապացույցներ, որ գերիները պահվում են Ադբեջանում` իրենց ազգության կամ ռասայական խտրականության հիմքով։
Հաագայի դատարանը Երևանին էլ է հորդորել
թարմացում – 23։02․ Փոքր ընդմիջումից հետո Արդարադատության միջազգային դատարանը հրապարակել է նաև Ադրբեջանի ներկայացրած դիմումի վերաբերյալ որոշումը։
Բաքուն պնդել էր, որ անգամ պատերազմից հետո Հայաստանը կանխում է էթնիկ ադրբեջանցիների վերադարձը իրենց նախկին բնակավայրեր, քանի որ չի տրամադրում իր իսկ կողմից ականապատված տարածքների քարտեզները։ Դատարանը համարել է, որ Ադրբեջանը չի ներկայացրել ապացույցներ, որ Հայաստանի՝ ենթադրյալ կատարած ականապատումը տեղի է ունեցել «էթնիկ ադրբեջանցիներին իրենց իրավունքներից զրկելու նպատակով»։ Այս մասով պահանջները չեն բավարարվել։
Ռասայական ատելության մասով պահանջները, սակայն, բավարարվել են։ Դատարանը հորդորել է Հայաստանին ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ կանխելու ծագումով ադրբեջանցիների նկատմամբ ռասայական ատելության հրահրումն ու տարածումը, այդ թվում` իր տարածքում գործող կազմակերպությունների և անհատների կողմից։
«Երկու կողմերը պետք է ձեռնպահ մնան ցանկացած գործողությունից, որը կարող է սրել կամ երկարացնել վեճը՝ դատարանի համար ավելի դժվարացնելով դրա լուծումը», – եզրափակել է Հաագայի դատարանի նախագահը։