Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), Հայաստանում Ռուսաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսեյ Սինեգուբովին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:
Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Փաշինյանը կարևորել է Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան և անհրաժեշտ համարել ՄԽ համանախագահության ձևաչափում բանակցությունների վերականգնումը՝ ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորման նպատակով:
Վարչապետը որպես առաջնահերթություն ընդգծել է Արցախի կարգավիճակի հստակեցումը՝ հաշվի առնելով արցախցիների ինքնորոշման իրավունքի իրացման սկզբունքի կարևորությունը, Արցախի՝ Ադրբեջանի կողմից գրավված տարածքների դեօկուպացիան, արցախահայության՝ սեփական բնակավայրեր անվտանգ վերադարձի համար պայմանների ապահովումը, կրոնական ու մշակութային ժառանգության պահպանումը:
Կառավարության ղեկավարը դատապարտելի է Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների խախտումը, ինչի դրսևորվել է արցախա-ադրբեջանական շփման գծում դեկտեմբերի 11-ին և 12-ին տեղի ունեցած սադրիչ գործողություններով:
Հանդիպման ընթացքում քննարկվել են պատերազմից հետո ստեղծված իրավիճակին, բանակցային գործընթացի վերսկսմանը, արցախահայության իրավունքների վերականգնմանը և անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր:
Մինչ ակդ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել էին նաև Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանի հետ։
Համանախագահների և Ղարաբաղի նախագահի հանդիպումը չի կայացել։ Ղարաբաղի նախագահի խոսնակի փոխանցմամբ՝ այն չեղարկվել է հայկական կողմի նախաձեռնությամբ:
«Համանախագահների և Արայիկ Հարությունյանի հանդիպումը չեղարկվել է հայկական կողմի նախաձեռնությամբ։ Պատճառը ոչ լիարժեք ձևաչափն է՝ հատկապես հաշվի առնելով այն, որ ռուս համանախագահը տարածաշրջանային այցին չի մասնակցում»,- ասել է Պողոսյանը։
Մինսկի խմբի տարածաշրջանային այցերն անցել են առանց ռուս համանախագահ Իգոր Պոպովի։ Վերջինիս բացակայության վերաբերյալ որևէ պարզաբանում չկա։
Հիշեցնենք, որ նախքան Հայաստան գալը՝ ՄԽ համանախագահները գնացել էին Բաքու։ Դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի մայրաքաղաքում կայացել էին նրանց և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումները։ Ալիևը հանդիպման ընթացքում հայտարարել էր, որ ՄԽ-ն 28 տարվա ընթացքում արևէ դերակատարում չի ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում և որ ինքը համանախագահներին Ադրբեջան «չի հրավիրել» (ավելի մանրամանս՝ այստեղ)։