Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլլաևան այսօր հստակեցրել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման 5 սկզբունքները, որոնք Բաքուն օրերս առաջարկել էր Երևանին։ Այս մասին հաղորդում է Turan.az-ը։
• Մեկմեկու ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և պետական սահմանների անխախտելիության, ինչպես նաև քաղաքական անկախության փոխադարձ ճանաչում
• Փոխադարձ հաստատում՝ միմյանցից տարածքային հավակնությունների բացակայության մասին և ապագայում նման հավակնություններ չներկայացնելու իրավական հանձնառության ստանձնում։
• Անվտանգության սպառնալիքներից զերծ մնալու հանձնառության ստանձնում, մեկմեկու քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված ուժի կամ դրա սպառնալիքի և այլ գործողությունների բացառում, որոնք անհամատեղելի են ՄԱԿ-ի Կանոնադրության հետ,
• Պետական սահմանի սահմանազատում (դելիմիտացիա) և սահմանագծում (դեմարկացիա), դիվանագիտական հարաբերությունների հաստատում
• Տրանսպորտային և այլ հաղորդակցությունների բացում և համագործակցություն այլ, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։
Մարտի 12-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն Անթալիայի դիվանագիտական ֆորումի քննարկումներից մեկում հայտարարել էր, որ Ադրբեջանը Հայաստանին հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած առաջարկ է ներկայացրել և սպասում է պատասխանի։ Թեև Բայրամովը չի հստակեցրել մեկ էջանոց փաստաթղթի բովանդակությունը, նա պնդել է, որ «այդ փաստաթղթում ներկայացված բոլոր սկզբունքները միջազգային հարաբերությունների սկզբունքներ են»։
Նույն ֆորումի շրջանակներում հանդիպել էին Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Մևլութ Չավուշօղլուն։
Այսօր արդեն Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ Երևանը պատասխանել է Բաքվի առաջարկներին և դիմել ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը՝ խաղաղության պայմանագրի բանակցությունների կազմակերպման համար։ Թե կոնկրետ է ինչ է Հայաստանը պատասխանել այս առաջարկներին՝ ԱԳՆ-ն չի հստակեցնում։
Այս և սրան նախորդող հայտարարությունները, հիշեցնենք, հնչում են Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին մի քանի օր շարունակ սրվող լարվածության ֆոնին։ Մարտի 5-ից ի վեր Ղարաբաղի տարբեր ուղղություններով փոխհրաձգություններ են երկու կողմերի միջև։ Մարտի 7-ին հրազենային վիրավորում էր ստացել երկու հայ զինծառայող․ պայմանագրային, սերժանտ Հրաչ Արամի Մանասարյանը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել էր, վիրավորված մյուս զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։
Ղարաբաղի Լիսագոր գյուղում վնասվել է սահմանին տեղակայված գազատարը։ Ադրբեջանական կողմը չի թողնում, որ սկսվեն վթարի վերացման աշխատանքները։ Ղարաբղի բոլոր բնակավայրերը մարտի 8-ից ի վեր ամբողջությամբ զրկված են գազամատակարարումից։
Ըստ հայկական կողմի՝ մարտի 9-ի ցերեկը ադրբեջանական կողմը Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի հարակից տարածքի ուղղությամբ արձակել է 2 ական, իսկ գիշերը կրակել է Խրամորթ գյուղի հարակից տարածքի վրա՝ արձակելով 23 ական։
Մարտի առավոտյան Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի բնակիչ, 1971թ. ծնված Սուրեն Բաղդասարյանը տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու -ի ժամանակ մեջքի շրջանում բեկորային վիրավորում է ստացել Ադրբեջանի կողմից արձակած ականանետի կրակոցից, հայտնում է տեղի ոստիկանությունը։