Ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը Փառուխ գյուղի տարածքում, ինչի հետևանքով Լեռնային Ղարաբաղի 1 զինծառայող վիրավորվել է, հայտնում է ռուսական խաղապահ առաքելությունը։
Ըստ հաղորդագրության, ռուսական խաղապահ ուժերը երկու կողմերի ներկայացուցիչների համագործակցությամբ հարթել են միջադեպը։
Հիշեցնենք, որ մարտի 24-ին Ադրբեջանի զինուժը Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել էր շփման գիծը: Փառուխին հարևան Խրամորթ գյուղի կանայք և երեխաները տարհանվել էին: ԱԳՆ-ն հայտարարել էր, որ ադրբեջանական ստորաբաժանումները գիշերը կրակ էին բացել ՊԲ հենակետերի ուղղությամբ: Ղարաբաղի ՊՆ-ի հաղորդմամբ՝ ադրբեջանական կողմը, հրաձգային զինատեսակներից բացի, կիրառել է նաև հարվածային ԱԹՍ։
Մարտի 25-ին Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը հաղորդել էր ադրբեջանական կողմից հրադադարի խախտումների հետևանքով զոհված երկու պայմանագրային զինծառայողների մասին։ Ավելի ուշ կառույցը հայտարարեց, որ Bayraktar TB-2 ԱԹՍ-երի կիրառման հետևանքով մահացել են ՊԲ պայմանագրային զինծառայողներ Դավիթ Ռոբերտի Միրզոյանը (ծնվ. 1978թ.), Իշխան Սերժիկի Օհանյանը (ծնվ. 1994թ.) և Արարատ Վագիֆի Թևոսյանը (ծնվ. 1990թ.):
Ղարաբաղի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն էլ հաղորդեց 14 վիրավորների մասին, որոնցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր էր։ Պաշտոնյան ընդգծեց նաև, որ վիրավորման գրեթե բոլոր դեպքերը արձանագրվել են Ադրբեջանի զինուժերի կողմից ԱԹՍ-երի կիրառման հետևանքով։