թարմացում․ Ճշտված տեղեկություններով՝ այսօր գիշերը ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հրահրված փոխհրաձգության հետևանքով տարբեր աստիճանի վիրավորում է ստացել ՊԲ հինգ պայմանագրային զինծառայող, հաղորդել է Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը։
Վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում։
12։00 — Լեռնային Ղարաբաղի՝ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում՝ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի հատվածում, երեկ մեկնարկած ադրբեջանական ներխուժումը շարունակվում է: Ներխուժած ադրբեջանական ստորաբաժանումները նախորդ գիշեր կրակ են բացել ՊԲ հենակետերի ուղղությամբ: Իրադրությունը շարունակում է լարված մնալ: Այս մասին հայտնում է Հայաստանի ԱԳՆ-ն։
«Ակնկալում ենք, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը միջոցներ կձեռնարկի Ադրբեջանի ԶՈՒ ներխուժած ստորաբաժանումների անհապաղ դուրս բերումը ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտուց ապահովելու համար, ինչը պիտի նշանակի ադրբեջանական ստորաբաժանումների վերադարձ մարտի 23-ի ելման դիրքեր», – ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Ղարաբաղի ՊՆ-ն հաղորդել էր, որ հայկական կողմից կա մեկ վիրավոր։ Ադրբեջանական ստորաբաժանումները, հրաձգային զինատեսակներից բացի, կիրառել էն նաև հարվածային ԱԹՍ։
Մարտի 24-ին հաղորդվեց, որ Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը: «Պաշտպանության բանակի և ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները փորձում են բանակցությունների միջոցով կասեցնել հակառակորդի հետագա առաջխաղացումը և նրանց վերադարձնել ելման դիրքեր: Անվտանգության նկատառումներից ելնելով տարհանվել էին Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի կանայք և երեխաները։