Home / Բանակ / Ղարաբաղի ՊԲ 2 զինծառայող է զոհվել, իրադրությունը ծայրաստիճան լարված է մնում

Ղարաբաղի ՊԲ 2 զինծառայող է զոհվել, իրադրությունը ծայրաստիճան լարված է մնում

Արցախի արևելյան սահմանագոտում ադրբեջանական կողմից հրադադարի խախտումների հետևանքով Պաշտպանության բանակի երկու պայմանագրային զինծառայող է զոհվել, հաղորդում է Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը։

«Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, շարունակելով հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառում են նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում նաև՝ Bayraktar TB-2 տիպի:

Հակառակորդի գործողությունների հետևանքով հայկական կողմից զոհվել է ՊԲ երկու պայմանագրային զինծառայող: Վիրավորների թիվը ճշտվում է», – ասված է հաղորդագրությունում։

Ժամը 14-ի դրությամբ օպերատիվ-մարտավարական իրադրությունը Արցախի արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրաստիճան լարված մնալ։

Մարտի 24-ի օրվա երկրորդ կեսին հաղորդվեց, որ Ադրբեջանի զինուժը Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել է շփման գիծը: Փառուխին հարևան Խրամորթ գյուղի կանայք և երեխաները տարհանվել են: Առավոտյան ԱԳՆ-ն հայտարարեց, որ «երեկ մեկնարկած ադրբեջանական ներխուժումը շարունակվում է»․ Ադրբեջանական ստորաբաժանումները գիշերը կրակ են բացել ՊԲ հենակետերի ուղղությամբ: Ղարաբաղի ՊՆ-ից հաղորդմամբ՝ ադրբեջանական կողմը, հրաձգային զինատեսակներից բացի, կիրառել է նաև հարվածային ԱԹՍ։ Պաշտոնական Երևանն ու Ստեփանակերտն ակնկալում են, որ ռուս խաղաղապահներն Արցախում միջոցներ կձեռնարկեն՝ «Ադրբեջանի ԶՈՒ ներխուժած ստորաբաժանումների անհապաղ դուրս բերումը ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտուց ապահովելու համար»։