Home / Հայաստան / Մոսկվացու միայնակ պիկետն Ազատության հրապարակում

Մոսկվացու միայնակ պիկետն Ազատության հրապարակում

Չգիտություն=ուժ պատերազմ=խաղաղություն ազատություն=ստրկություն պուտին=ռուսաստան

Ազատության հրապարակում միայնակ պիկետի դուրս եկած երիտասարդի պաստառը 60-65 տարեկան մի տղամարդու ուշադրությունը գրավեց։ Վերջինս չափազանց էմոցիոնալ կերպով փորձում էր մոսկվացուն հասկացնել, որ Ուկրաինայում «բանդերովցիներ ու ֆաշիստներ են»։

– Դու գիտե՞ս՝ ով էր Բանդերան։ Նա ֆաշիստ էր, Հիտլերի կողմից էր։ Ուկրաինայում ֆաշիստական ռեժիմ է։

– Ոչ մի ֆաշիստական ռեժիմ էլ այնտեղ չկա։ Նրանց նախագահը հրեա է։ Այդ ամենը կեղծիք ու պրոպագանդա է։

Անցորդներին ոչ այնքան պաստառը հետաքրքրեց, որքան «հակաֆաշիստի»՝ Ուկրաինայով մեկ տեղադրված Բանդերայի արձանների մասին ելույթը։ Վերջինիս մոտեցած երիտասարդ զույգը նկատեց, որ Երևանի կենտրոնում Գարեգին Նժդեհի արձան կա․ «Ռուսական պրոպագանդան իրե՛ն էլ է ֆաշիստ անվանում»։

Տղամարդը շվարած նայեց և արդեն հայերեն խորհուրդ տվեց այդ մասին որևէ տեղ այլևս չբարձրաձայնել։

Ռուսաստանի նախագահը հարևան երկրի տարածք լայնածավալ ներխուժման մասին փետրվարի 24-ին էր հայտնել՝ այն «ռազմական հատուկ օպերացիա» անվանելով։ Դրան զուգահեռ Ռոսկոմնադզորը տեղեկացրեց, որ «ռազմական օպերացիան լուսաբանելիս կեղծ տեղեկատվություն» հրապարակելու համար պատասխանատվություն է սահմանվում, և պահանջեց միայն պաշտոնական տեղեկատվություն տարածել։ Պատերազմի դեմ արտահայտվողներին ձերբակալություն է սպառնում։ Բանտից, տարատեսակ սահմանափակումներից, այդ թվում՝ մի շարք աղբյուրներից օգտվելու հետ կապված, և զորակոչվելուց բազմաթիվ ռուսաստանցիներ ընտանիքներով են փախչում։

Մատվեյը Երևան է եկել ընկերուհու հետ․ աղջիկը կարող էր դատապարտվել հակապատերազմական ակցիային մասնակցելու համար։

– Փաստաբաններն ասացին, որ մինչ դատավարության սկիզբը հեռանանք, որովհետև ինքը, հնարավոր է, նոր հոդվածի տակ ընկնի՝ մի քանի տարի ազատազրկում է սպառնում։ Ես դեմ եմ կատարվողին․ սա հատուկ օպերացիա չէ՛, սա պատերազմ է։ Ռուսական հրթիռներն ընկնում են խաղաղ քաղաքների, հասարակ մարդկանց տների վրա։ Այնտեղ ոչ մի ֆաշիստ էլ չկա։ Այս ամենի մեղավորությունը միայն Պուտինինն է ու նրա շրջապատինը։ Ես որպես ռուս ժողովրդի ներկայացուցիչ դեմ եմ դրան, ես ուզում եմ անհամերաշխությունս հայտնել, ուզում եմ, որ իմ ժողովրդին մարդասպաններ ու զավթիչներ չհամարեն։ Ուզում եմ՝ մարդիկ իմանան՝ բոլորը չեն համաձայն այս ամենի հետ։

Իրեն մոտեցած անծանոթի մտքերը շատ չզարմացրեցին․ ասում է՝ իր պապիկի ուղեղն էլ է «ամբողջությամբ լվացած»։

– Մոսկվայում, Ռուսաստանում էլ է նույնը։ Այ իմ պապիկը․ գլուխն ամբողջությամբ լվացել են, սատարում է։ Դրա հետ մեկտեղ, ուկրաինացի ընկերներ ունի։ Վիճելը, դիմադրելը շատ բարդ է։ Ցավոք, շատ-շատերն են այդ կարծիքին։ Ամեն դեպքում, Ռուսաստանում մեծամասնությունն աջակցում է պատերազմին, որովհետև պրոպագանդայի է ենթարկվել, և տեղեկատվություն ստանալու այլընտրանքային միջոցներ արդեն գրեթե չկան․ Ռուսաստանից դուրս են մղվել, փակվել կամ օտարերկրյա ագենտ են ճանաչվել բոլոր անկախ լրատվամիջոցները։ Ռուսական պետության օրակարգին չհամապատասխանող անկախ լրատվություն ստանալը շատ բարդ է։

Զրուցակիցը պլանավորում է առնվազն կես տարի կամ նույնիսկ ավելի երկար ժամանակով մնալ Երևանում։ Մատվեյն ուսանող է, ցանկանում էր Չեխիա մեկնել՝ ուսումը շարունակելու համար, իսկ այժմ մտածում է հայաստանյան բուհ ընդունվելու մասին՝ «լեզուների բաժինը»։

– Բոլոր պլաններս խախտվեցին։ Պատրաստվում էի ուսումս Չեխիայում շարունակել, բայց Չեխիայի հետ հարաբերություններն էլ, ինչպես Ռուսաստանի ցանկացած դիվանագիտական հարաբերություն, խզվել են։ Այժմ դա խնդրահարույց է․ վիզաներ չեն տրվում, Ռուսաստանում դեսպանատներ են փակվել։ Ստիպված եմ պլաններս հետաձգել։ Հնարավոր է, այստեղ ընդունվեմ։ Լեզուների բաժին եմ ուզում՝ թարգմանություն և այլն։

Մատվեյը սրճարանում աշխատանքի է ընդունվել՝ սպասք է լվանում։ Երևանում շատ ծանոթներ չունի․ այս թեմաները հիմնականում տաքսիստների հետ է քննարկում։

Հարցրեցինք՝ ի՞նչն է դրդել դուրս գալ ցույցի․

– Ամսի 24-ն է, ամեն ինչ սկսվեց մեկ ամիս առաջ, և ես որոշեցի ինչ-որ ձևով անհամաձայնությունս հայտնել։