«Ազատություն» ռադիոկայանի թաթար-բաշկիրական ծառայության լրագրող Թոդար Բաքթեմիրը, ով Հայաստան էր տեղափոխվել դեռ պատերազմից առաջ, վերջին շրջանում զբաղված է Ռուսաստանից գաղթողներին դիմավորելով ու օգնելով։ Միգրացիայի սովորական ուղղությունը փոխվել է․ այժմ ոչ թե հայաստանցիներն են գնում Ռուսաստան, այլ ռուսաստանցիներն են գալիս Հայաստան։ «Холод» ամսագրում հրապարակված հոդվածում Բաքթեմիրը կիսվում է գաղթի սովորական ուղղության փոփոխության, դրա ներքին ազդեցությունների շուրջ իր մտքերով։
– «Ձեզ մոտ այնտեղ լրիվ պիզդեց ա, հա՞։ Երեկ Մոսկվայից եկած երեխեքի էի տանում, ասացին, որ Ռուսաստանը Հյուսիսային Կորեա է դառնում», – ասում է երևանցի տաքսիստը, մինչ ես մեքենայի մեջ եմ գցում ճամպրուկները, որ պատկանում են հերթական ծանոթի ծանոթին, ում պետք է դիմավորել, խորհուրդներ տալ ու տեղավորել։ Մարտի առաջին շաբաթը ես ամեն օր գնում էի Զվարթնոց օդանավակայան՝ հաճախ ավելի քան մեկ անգամ։ Այդ օրերին Երևանը Ռուսաստանից 30-40 ինքնաթիռ էր ընդունում՝ սովորական 5-10-ի փոխարեն։ Ուղևորների մեծամասնությունը նման չէին տուն վերադարձող հայերի կամ զբոսաշրջիկների․ ընտանիքներ՝ պայուսակների կույտերով, շներով ու կատուներով, երիտասարդների մեծ խմբեր. նրանց միջև հստակ սերնդային տարբերություն է նկատվում։ Մեծերը դատապարտված հայացքով ու լռում են։ Երիտասարդները փայլում են ու ամեն հանդիպածին «ինչ լավ է շնչել ազատ երկրի օդը»-ի նման ինչ-որ բան են ասում։ Ռուսներով ոչ միայն օդանավակայանն է լցված․ հիմա կենտրոնական փողոցներում երևի ավելի հեշտ է հանդիպել դեմքերին դաջվածքներով ու գունավոր մազերով ռուսալեզու մարդկանց, քան տեղաբնակների։ Թվիթերում կատակում են, որ մոսկովյան Պատրիկները* Երևան են տեղափոխվել ամբողջական կազմով։
*Պատրիկներ՝ մոսկովյան թաղամաս, որը առանձնանում է բնակարանների բարձր գներով և ունի որոշակի հեղինակություն։ Forbes-ը նկարագրել է Պատրիկները որպես թաղամաս, որտեղ հավաքվել են ժամանակակից աշխարհիկ Մոսկվայի բոլոր կլիշեները։
Civilnet-ի տեսաբան Էրիկ Հակոբյանի տվյալներով, փետրվարի 24-ից մարտի 10-ը Հայաստան մուտք են գործել մտել 50 հազար ռուսաստանցիներ։ Կարելի է ենթադրել, որ մոտ 20 հազարը միանգամից ուղևորվել է Թբիլիսի ու Բաթումի՝ Երևանը օգտագործելով որպես տրանզիտ։ Ռուսաստանի ու Վրաստանի միջև արդեն երրորդ տարին է՝ ուղիղ օդային կապ չկա, իսկ Թուրքիայով գնալն ավելի թանկ է։ Այդ դեպքում մենք ունենք մոտ 30 հազար ռուսներ, որոնք եկել են Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումից հետո ու այս պահի դրությամբ մնում են Հայաստանում։
Անգամ այդ 30 հազարը Հայաստանի համար, որտեղ 3 միլիոն մարդ է ապրում, հսկայական շոկ է․ ռուսաստանցի փախստականները այժմ բնակչության տոկոս են կազմում։ Ասում եմ «փախստականներ», որովհետև մենք այդպես ենք սովորաբար ասում՝ առանձնապես չմտորելով դրա շուրջ։ Մենք՝ Ռուսաստանից եկած միգրանտներս ու հայրենադարձներս, որ Հայաստանում ապրել ենք պատերազմից շատ ավելի առաջ, հիմա նորեկներին ենք օգնում հարմարվել։
Արդյոք կոռե՞կտ է այդ մարդկանց փախստական համարել։ Դժվար է ասել, քանի որ Հայաստանում գտնվող ռուսաստանցիները ամենևին միաշերտ համայնք չեն։ Ինչ-որ մեկը այստեղ է գալիս վախից․ Զվարթնոցում անընդհատ հանդիպում էի մարդկանց, որոնց ճանաչում եմ լրագրողական աշխատանքի, բողոքի ցույցերի ու տեղային ակտիվիզմի շնորհիվ։ Նրանց համար տեղափոխվելու հիմնական մոտիվացիան անվտանգությունն է, բանտ չընկնելը, չզորակոչվելը։ Նրանք, իհարկե, փախստականներ են՝ գուցե ոչ իրավաբանորեն, բայց ըստ էության։
Մյուսները տեղափոխվում են ոչ թե քաղաքական, այլ տնտեսական պատճառներով․ IT-ընկերություններն, օրինակ, Հայաստան են քոչում ողջ գրասենյակներով՝ պատժամիջոցների տակ աշխատելն անհարմար է դառնում։ Նման մարդկանց համար վախը և բարոյական դիրքորոշումը հաճախ երկրորդական են, եթե առհասարակ կան. խոսքն ավելի շուտ արտերկրից անխոչընդոտ աշխատավարձ ստանալու, սովորական դարձած արևմտյան ծառայություններից օգտվելու, սննդի դեֆիցիտի կամ սիրելի սրճարանների ու խանութների փակվելու համար չանհանգստանալու հնարավորության մասին է։
Արդյո՞ք սա փախստականություն է։ Կարծում եմ՝ ոչ։ Ավելի շուտ տնտեսական միգրացիա կամ, աստված մի արասցե, թվային նոմադիզմ։ Այս երկրորդ տեսակի ներգաղթյալները հայ ակտիվիստների կամ ավելի վաղ տեղափոխված ռուսների օգնության կարիքը չունեն, գրեթե չեն հաճախում ինտեգրացիոն հանդիպումներին կամ ի աջակցություն Ուկրաինայի ցույցերին։ Ընդհանուր առմամբ նրանք դուրս են մնում կազմակերպված ընդունելության և նորեկների տեղավորման սահմաններից, բայց ոչ Հայաստանի սահմաններից, որի վրա ստեղծված միգրացիոն ճգնաժամը չի կարող չազդել։
Ռուսաստանցիների զանգվածային ներգաղթի ամենաակնհայտ հետևանքը վարձակալության շուկայում ստեղծված իրավիճակն է։ Երևանի բնակարանները, որոնք մինչ այս պատերազմը արժեին ամսական 350 դոլար, այսօր տրվում են 800-ով, անգամ 1000-ով։ Այս աճը մասամբ արհեստական բնույթ ունի․ IT-ընկերությունները, որոնք պատրաստ են վճարել իրենց աշխատակիցների ռելոկացիայի համար, նախընտրում են ծառայությունները, որոնք բանկային փոխանցումներ են ընդունում և տրամադրում կտրոններ։ Airbnb-ի պես կայքերում առաջարկները, բնականաբար, ավելի սուղ են, քան List.am-ում։ Կազմակերպված հարթակներում գնալով ավելի քիչ բնակարաններ են մնում, ցածր առաջարկի պայմաններում բարձր պահանջարկը կատաղի գնաճ է առաջացնում, իսկ ընկերություններին, միևնույնն է, ավելի հարմար է վճարել 2000 դոլար իրավաբանական անձին, քան 500 դոլար սեփականատիրոջը՝ կանխիկով։
Հետո շղթայական ռեակցիա է գնում, որը հատում է բուքինգ-ծառայությունների սահմանները։ Այսօր մի վեբ-դիզայների հետ էի խոսում, ով Մոսկվայի կենտրոնում դեռ երեք սենյականոց բնակարան է վարձում և մտածում է Հայաստան տեղափոխվելու մասին։ Նա բողոքում էր, որ ծայրամասային երկու սենյականոցներից շատերը, անգամ առանց բրոքերների և միջնորդների, Երևանում ավելի թանկ արժեն, քան իր մոսկովյան բնակարանը։
Բնակարանների կտրուկ թանկացումը հարվածում է նաև տեղացիներին։ Ռուսաստանցիների մասսայական ներգաղթի առաջին օրերին ես մոտավորապես այսպես էի երևակայում դրա վատագույն հետևանքները․ դուք ապրում եք փոքր հայկական քաղաքում, սովորելու ու աշխատելու նպատակով մայրաքաղաք տեղափոխվելու համար փող եք հավաքում, կարծես թե՝ արդեն հավաքել եք, բայց ահա՝ Երևանում բնակարանները դառնում են մի քանի անգամ ավելի թանկ և դուք այլևս ոչ մի տեղ չեք գնում։ Ես գրում էի այս մասին սոցցանցերում, ընթերցողները նախատում էին ինձ անհիմն միգրանտաֆոբիայի համար՝ «Ո՞նց թե՝ ռուս միգրանտների ներհոսքը կփչացնի հայերի կյա՞նքը։ Դու ի՞նչ է՝ նացի՞ստ ես»։ Բայց դա փչացնում է այն՝ օբյեկտիվորեն, առանց որևիցե գաղափարախոսության․ շուկան գնալով ավելի է դաժանանում, անբարեխիղճ վարձակալները արդեն հիմա խզում են երկարաժամկետ պայմանագրերը, Հայաստանի քաղաքացիներին վռնդում փողոց, որ իրենց բնակարանները նոր գնով հանձնեն միգրանտներին։
Հենց այսպես է իմ ծանոթներից մեկը՝ կապանցի մի ուսանողուհի, զրկվել երևանյան իր բնակարանից․ հիմա նա ընտրություն է կատարում լեփ-լեցուն հանրակացարանների ու ծնողների մոտ վերադառնալու միջև։ Այո, հանուն շահի տեղացիներին վտարելու որոշումը միգրանտները չեն կայացնում, այլ՝ տեղացի սեփականատերերը։ Բայց եթե չլինեին միգրանտները, նրանք դա անելու մտադրություն ու հնարավորություն չէին ունենա․ ո՞վ, եթե ոչ մոսկովյան այթիշնիկը, կառաջարկի Արաբկիրի մեկ սենյականոց բնակարանի համար միջին ամսեկան աշխատավարձի հնգապատիկը։
Բնակխնդիրը Երևանում այնքան ծայրահեղ է դարձել, որ ռուսաստանցիները ուշադրություն են դարձրել Հայաստանի այլ քաղաքներին և անգամ գյուղերին։ Միգրացիոն ճգնաժամի հաջորդ զոհը դարձավ Գյումրին՝ երկրի՝ բնակչությամբ երկրորդ քաղաքն ու մշակութային մայրաքաղաքը։ Այժմ շատերի համար հասանելի չէ նաև այն․ տելեգրամում ամեն օր նոր՝ «տեղափոխում Ստեփանավան» կամ «ռելոկացիա Աշտարակում» ոճի չատեր են հայտնվում։ Մենք ընկերներով կատակում էինք, որ ընդամենը մեկ ամիս առաջ դա նույնքան սյուրռեալիստական կհնչեր, որքան «գրին-քարտը՝ Բարնաուլ տեղափոխվելու համար»։ Բայց աշխարհը շատ արագ է փոխվում։ Հայկական գավառական քաղաքները, որոնց բնակիչները դեռ երեկ Մոսկվա էին գնում՝ փող աշխատելու, այժմ դարձել են միգրացիայի գերակա ուղղություն հենց մոսկվացիների համար։
Միգրացիոն ճգնաժամի հետևանքները վայելում է նաև աշխատաշուկան։ Ինձ մի քիչ իռացիոնալ կպել էր մի պատմություն։ Ռուսաստանից մի աղջիկ տեղափոխվել էր Երևան, թվիթերում գրում էր․ «Ռուսաստանում ես միշտ հարգել եմ միգրանտներին և փորձել եմ օգնել նրանց։ Հիմա ես ինքս եմ դարձել միգրանտ, և այստեղ ինձ «понаехавшая» (եկվոր) են ասում ու մեղադրում, որ ես հայերից աշխատանք եմ խլում»։ Մեկնաբանություններում նա ինչ-որ մեկին պատասխանում էր․ «Չէ հա, ես ընդամենը մեկ ամսով եմ եմ այստեղ, սպասում եմ մինչև ընկերս շենգենյան վիզա ստանա», բայց արդեն հաջորդ օրը գլուխ էր գովում, որ Երևանում աշխատանքի է ընդունվել անգամ առանց հայերեն լեզվի իմացության։
Այս ճգնաժամից առաջ ինձ թվում էր, որ Հայաստանում առանց հայերեն իմանալու աշխատանք գտնելը գրեթե անհնար է, բայց հիմա ամեն ինչ փոխվել է։ Ծանոթս ինձ խոշոր հայկական ընկերություններից մեկի սըփորթ բաժնի աշխատանքային չատերից սքրինշոթներ էր ուղարկում։ Աշխատակիցները գրում էին․ «Մենք հիմա պիտի բռնվենք մեր տեղերից․ ղեկավարությունը խոսում է, որ նոր ռուս թեկնածուներ է ուզում ընդունել»։
Հարթություններից մեկում բոլոր այս տհաճ բաներն են տեղի ունենում․ մենք փորձում ենք դրանք լուսաբանել, ինչի համար արժանանում ենք «միգրանտաֆոբի» պիտակին և լսում կատակներ ուլտրաաջական «Հայաստանի համար Այլընտրանքի» մասին։ Մեկ այլ հարթությունում տեղի են ունենում ուկրաինական սփյուռքի կողմից կազմակերպված ցույցերն ընդդեմ ռուսական ագրեսիայի, ուր գալիս են նորեկ ռուս քաղփախստականներն ու ասում՝ «մենք ձեզ հետ ենք», իսկ ուկրաինացիները պատասխանում են, որ ուրախ են իրենց տեսնել։
Այդ նույն՝ երկրորդ հարթությունում DJ-սեթեր են անցնում բարում, որտեղ հայ ձախ ակտիվիստները լսում են, թե ինչպես է ֆեմինիստական փոդքասթների ռուսաստանցի պրոդյուսերը խառնակցում Լիբանանում ապրող քվիրների կյանքի մասին արաբալեզու թրեքները։ Սրճարանում, որը պատկանում է Իսրայելից Հայաստան ներգաղթած անարխիստ մի կնոջ, ինտերգրացիոն դասախոսություններ են անում նորեկ ռուսաստանցիների համար, որոնք կամաց վերափոխվում են մտերմիկ կերուխումի, պլանավորվում են նաև Հայաստանի պատմության դասեր և հայոց լեզվի խմբակներ։
Այս երկու իրականությունները գրեթե չեն հատվում։ Մեկում կուշտ ծրագրավորողը 2000 դոլար է առաջարկում բնակարանի համար, որը 300 արժե, իսկ մեկ-ամսով-շենգենի-սպասող-աղջիկը չգիտես ինչու աշխատանքի է անցնում խոշոր ընկերությունում՝ առանց լեզվի իմացություն, և մենք իհարկե փնթփնթում ենք։ Մյուսում՝ դատարկ գրպաններով նախկին քաղբանտարկյալները քնում են ծալովի մահճակալներին՝ մեր խոհանոցներում, և փնտրում՝ որտեղ կարող են աման լվացող կամ առաքիչ աշխատել, և մենք իհարկե օգնում ենք։
Մի խոսքով՝ իրական միգրանտաֆոբիայի նշույլ անգամ չկա, գուցե միայն կլասիզմ՝ ընդ որում, ուղղված ներքևից վերև։ Բայց արդյո՞ք կարող էր այլ կերպ լինել, երբ ներգաղթը ընթանում է մետրոպոլիայից դեպի նախկին գաղութ և ոչ թե հակառակը՝ ինչպես սովորաբար է լինում։
Հետևելով ռուսաստանցիների ներհոսքին Հայաստան, հնարավոր չէ չմտորել գաղութացման և դրա հետևանքների մասին։ Բանկի աշխատակիցն, ահա, ասում է ռուսաստանցի կնոջը, որ նոր կանոնների պատճառով 10 հազար ռուբլուց քիչ գումար փոխանակել չի կարող, նա էլ գոռում է, թե՝ «սա ռուսաֆոբիա է»։ Ահա՝ տղաները չատերում հարցնում են՝ արդյո՞ք իրենց չեն քարկոծի երկար մազերի համար և արդյո՞ք կարելի է Բաքվով Երևան հասնել, կարծես թե՝ չգիտեն ու չեն էլ ուզում իմանալ ոչինչ այն երկրի մասին, ուր գնում են։ Ահա ինչ-որ մեկը տեղափոխման ուղեցույցի յութուբյան մեկնաբանություններում գրում է՝ «ես վաղուց եմ ուշադրություն դարձրել Հայաստանում ռուսերեն լեզվով տեղեկատվական ցուցանակների պակասի վրա։ Ցանկալի է շատ արագ ուղղել սույն իրավիճակը»։ Ահա Մոսկվայից եկած ընտանիքը կոպտում է լեռնային գյուղից Երևան տեղափոխված մատուցողին, որովհետև նա արտահայտված ակցենտով է ռուսերեն խոսում։
Իսկ ինչո՞ւ հայը Հայաստանում պետք է անթերի տիրապետի օտար լեզվին։ Պետք չէ, իհարկե, բայց նորեկների ծայրահեղ մեծ մասը այլ կերպ է մտածում ու պահանջում է դա։ Ռուսաստանցիները, տեղափոխվելով հետխորհրդային երկրներ, չափազանց հաճախ ընկալում են դրանք որպես իրենց հայրենիքի շարունակություն՝ զուրկ սուբյեկտությունից, մի տեսակ որպես «ոչ իսկական արտասահման», որտեղ ինտեգրվելու կարիք էլ առանձնապես չկա, չէ՞ որ ամեն ինչ ոնց որ թե այնպես է, ինչպես տանը։ Այդ երևույթի հետևանքներին առերեսվելու են հայերը և այն միգրանտները, որոնք պատրաստ են հայ հասարակության մասը դառնալ, լեզու սովորել՝ պատահական անցորդներից ռուսերենի դիտկորական արտասանություն պահանջելու փոխարեն։
Անգամ եթե վերացարկվենք ռուսաստանցիների ներհոսքի սոցիալական և տնտեսական հետևանքներից, ես զուտ մարդկայնորեն ցավ եմ ապրում Հայաստանի համար։ Ես էլ եմ միգրանտ, բայց ես ցանկացել ու կարողացել եմ կապել կյանքս այս երկրի ու նրա հասարակության հետ, փորձում եմ ներդրվել, վաղուց հայերեն եմ սովորում և ուրախությամբ ու հպարտությամբ սպասում եմ օրվան, երբ Հայաստանի քաղաքացիություն կստանամ։
Ոչ, իհարկե ես չեմ կարող մյուսներին հորդորել նույն կերպ վարվել։ Բայց տխուր է տեսնել, թե ինչպես է Հայաստանը շատերի համար վերածվում տարանցման անդեմ մի կետի՝ նախկին կայսրության «վայրենիոտ ու աղքատ» ծայրամասի, որտեղ կարելի է թարմացնել ռուսական անձնագիրը կամ մուտքի արտոնագիր ստանալ՝ առանց վախենալու պատուհանների տակի ոստիկաններից, իսկ հետո շարունակել ճանապարհը դեպի «միգրացիայի իրոք արժանի երկրներ»՝ ետևում թողնելով միայն երեք անգամ թանկացած բնակարաններ։ Նման մոտեցման մեջ, երևի, չկա անօրինական կամ անբարոյական որևէ բան, բայց Հայաստանը քավարան չէ ու տարանցման երկարաձգված կանգառ չէ, այլ հիասքանչ ինքնիշխան երկիր։
Իհարկե, ստեղծված իրավիճակն օբյեկտիվ պլյուսներ էլ ունի․ Հայաստանը նոր ընկերությունների ու մասնավոր ձեռնարկատերերի աննախադեպ ներհոսք է ապրում։ Պատերազմի ընդամենը մեկ օրվա ընթացքում՝ մարտի 7-ին, Հայաստանում անհատ ձեռներեցի կարգավիճակ են ստացել չորս անգամ ավելի շատ ռուսաստանցիներ, քան ողջ հունվար ամսվա ընթացքում։ Այս մարդիկ այստեղ հարկեր են վճարելու, ստեղծելու են աշխատատեղեր, որոնք, հուսամ, բաժին չեն հասնի միայն ռուսներին։ Պետությունը սա հասկանում է ու ակտիվորեն օգնություն առաջարկում․ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը բիզնեսի հարմարավետ ռելոկացիայի ծառայություններ է գովազդում, սփյուռքի գործերով հանձնակատարի գրասենյակը ուղեցույցներ է հրապարակում ոչ միայն հայրենադարձների, այլև հայկական արմատներ չունեցող միգրանտների համար, անգամ անասնաբանական ծառայությունն է նվազեցրել ընտանի կենդանիների մուտքին առնչվող պահանջները, որ ռուսաստանցի փախստականներին օգնի ավելի արագ ու հեշտ տեղափոխել իրենց կենդանիներին։
Թե ինչպես այս փոփոխությունները կարտացոլվեն Հայաստանի ապագայի վրա՝ հիմա դժվար է հասել։ Միգրանտաֆոբիան, անխոս, սխալ արձագանք է, բայց ռուսաստանցիների զանգվածային ներհոսքի հետ եկած խնդիրներն աչքաթող անելն էլ ճիշտ չէ։ Դեռևս մեզ մնում է միայն օգնել այն փախստականներին, որոնք դրա կարիքը ունեն, ու սպասել, թե ինչ կլինի հետագայում։
/Ժամը 02։40-ին տեքստը փոխվել է․ ի սկզբանե սխալմամբ հրապարակվել էր թարգմանության չխմբագրված տարբերակը/