Home / Բանակ / Զոհեր, վիրավորներ․ Ադրբեջանը կրկին Բայրաքթար է կիրառել

Զոհեր, վիրավորներ․ Ադրբեջանը կրկին Բայրաքթար է կիրառել

Մարտի 25-ին Արցախի արևելյան սահմանագոտում Bayraktar TB-2 ԱԹՍ-երի կիրառման հետևանքով մահացել են ՊԲ պայմանագրային զինծառայողներ Դավիթ Ռոբերտի Միրզոյանը (ծնվ. 1978թ.), Իշխան Սերժիկի Օհանյանը (ծնվ. 1994թ.) և Արարատ Վագիֆի Թևոսյանը (ծնվ. 1990թ.): Այս մսին հայտնում է Ղարաբաղի ՊՆ մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք՝ այսօր ավելի վաղ Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը հաղորդել էր ադրբեջանական կողմից հրադադարի խախտումների հետևանքով զոհված երկու պայմանագրային զինծառայողների մասին։

Քիչ ավելի ուշ Ղարաբաղի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հաղորդեց 14 վիրավորների մասին, որոնցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր էր։ Պաշտոնյան ընդգծեց նաև, որ վիրավորման գրեթե բոլոր դեպքերը արձանագրվել են Ադրբեջանի զինուժերի կողմից ԱԹՍ-երի կիրառման հետևանքով։

Մարտի 24-ի օրվա երկրորդ կեսին հաղորդվեց, որ Ադրբեջանի զինուժը Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել է շփման գիծը: Փառուխին հարևան Խրամորթ գյուղի կանայք և երեխաները տարհանվել են: Առավոտյան ԱԳՆ-ն հայտարարեց, որ «երեկ մեկնարկած ադրբեջանական ներխուժումը շարունակվում է»․ Ադրբեջանական ստորաբաժանումները գիշերը կրակ են բացել ՊԲ հենակետերի ուղղությամբ: Ղարաբաղի ՊՆ-ից հաղորդմամբ՝ ադրբեջանական կողմը, հրաձգային զինատեսակներից բացի, կիրառել է նաև հարվածային ԱԹՍ։ Պաշտոնական Երևանն ու Ստեփանակերտն ակնկալում են, որ ռուս խաղաղապահներն Արցախում միջոցներ կձեռնարկեն՝ «Ադրբեջանի ԶՈՒ ներխուժած ստորաբաժանումների անհապաղ դուրս բերումը ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտուց ապահովելու համար»։