Ռուսաստանի դեսպանատան մոտ պիկետ էր․ երկու կանայք՝ հակապատերազմական պաստառներով, և երկու տղամարդիկ՝ համազգեստով, որ հսկում էին դեսպանատունը և նրանց։
Մոտենում եմ։ Համազգեստավորներից մեկը պահանջում է ներկայանալ։ Ցույց եմ տալիս բեյջս, սկսում եմ նկարել։ Նկարում է նաև ինքը։ Տարօրինակ իրավիճակ է․ երկու ցուցարարների առջև կանգնած ենք ես ու հատուկ ծառայության աշխատակիցը, ու երկուսս ել նկարում ենք։ Կանայք, հայացքը փախցնելով, նայում են փողոցին։ Տեսախցիկս անջատում եմ։
ԱԱԾ-ականը գործընկերներին ինձ ներկայացնում է որպես «մեր հայերից է»։ «Ձեր հայերը ովքե՞ր են», – հարցնում եմ։
Ցուցարար կանայք այս ամբողջ ընթացքում լուռ են։ Տեսախցիկի առջև խոսել չեն ուզում։ Պատմում են՝ ինչ բարդ իրավիճակ է ձևավորվել Ռուսաստանում, որ «լռել չի ստացվում, բայց խոսել էլ չի ստացվում», որ պատերազմի առաջին օրերին մարդիկ դուրս էին գալիս փողոց, «սաղին ոլորում, տանում էին բաժին»։ Իմացա, որ տուգանվելն ընկալվում է որպես բախտավորություն։
Զրույցի ընթացքում նոր մարդիկ են միանում՝ կանայք, որ փետրվարի 24-ից հետո Հայաստան են փախել։ «Բերման ենթարկեցին, բայց չծեծեցին։ Տուգանք էր։ Մուծեցի, եկա Հայաստան», – պատերազմին դեմ լինելու իր փորձի մասին պատմում է նրանցից մեկը։
– Ձեր մեջի գլխավորն ո՞վ ա, – խոսակցությունն ընդհատում է «հատուկ ծառայության»՝ մեզ արդեն ծանոթ աշխատակիցը, ով մինչ այդ ինչ-որ բաներ էր զեկուցում վերադասին։
– Մենք գլխավորներ չունենք։
– Ինձ պետք ա կամ պասպորտ, կամ ոստիկանություն կկանչեմ։
Հիմնավորումը հետևյալն է՝ «դեսպանատան մոտ ակցիա անել չի կարելի»։ Պայմանավորվում են տեղափոխվել դիմացի մայթ։
Պիկետն ի սկզբանե մտածվել էր որպես համերաշխություն «Սևազգեստ կանայք» ֆեմինիստական հակապատերազմական շարժմանը։ Շարժումը, ասում է զրուցակիցս, մեծ պատմություն ունի․ պատերազմից հետո (մի քանի ակտիվիստների նախաձեռնությամբ) դրան միացել են նաև ռուսաստանցիները։ «Ամեն ուրբաթ դուրս ենք գալիս։ Ռուսաստանում՝ արդեն առանց պաստառների, ուղղակի սև շորերով ու սպիտակ վարդերով։ Միևնույնն է ձերբակալում են»։
Երևանցի անցորդենրը այս համերաշխությունը չեն կիսում։ Միջին տարիքի տղամարդիկ քմծիծաղում են, մեկը թքում է ցուցարարների ոտքերի տակ, երիտասարդ կինը ձեռքով է անում, թե բա՝ «սրանք բանուգործ չունեն»․․․
– Լուրերով տեսանք, որ Լեռնային Ղարաբաղում նոր էսկալացիա է։ Ասում են՝ Ռուսաստանը խաղաղապահներին տարել է Ուկրաինա, – ասում է պիկետի մասնակիցներից մեկը։
– Լեռնային Ղարաբաղում պարբերաբար էսկալացիաներ են լինում։
– Որքանո՞վ է էթիկական, որ մենք ակցիաներ ենք անում ընդդեմ Ուկրաինա ներխուժման, երբ այստեղ պատերազմ է․․․
Խոսակցությունը ընդհատում են ոստիկանները․ նրանք դեռ երկուսով են։
– Ի՞նչ եք այստեղ անում, – հարցնում է մեկը՝ դիմելով պիկետի միակ տղամարդ մասնակցին։
– Արտահայտում ենք մեր քաղաքացիական դիրքորոշումը։
Ոստիկանը անձնագիր է պահանջում․ «Եթե ցույց չտաք, բերման կենթարկեմ»։ Պահանջին միանում է նաև ԱԱԾ վերոհիշյալ աշխատակիցը։ Վերցնում են ցույցի միակ տղամարդ մասնակցի անձնագիրը․ ԱԱԾ-ականն այն անմիջապես լուսանկարում է։
– Ինչի՞ եք նկարում, ասացիք, որ կնայեք ու վերջ։
Կողքիս կանգնած կարմիր բերետավորը հայտարարում է, թե Հայաստանում օրենքով «միայն Հայաստանի քաղաքացիները կարան խաղաղ ակցիա անեն»։
– Ո՞ր օրենքով։
– Օրենքով։
Ինչ-որ մեկը փորձում է ճշտել, թե ի՞նչ է արվելու անձնագրի քաղվածքի հետ։
– Դուք այն ոչ մի տեղ չեք ուղարկի, չէ՞։
– Չէ, չէ, մենակ դեսպանատուն։
– Ինչի՞ համար։
– Որ իմանան, որ իրենց քաղաքացին Հայաստանում ակցիաներ կամ նման մի բան է անում։
– Ակցիաներ անելը այստեղ արգելվա՞ծ է։
– Դուք Ռուսաստանի քաղաքացիներ եք․․․
– Բայց մենք Ռուսաստանում չենք։
– Արտասահմանցիներին այստեղ չի կարելի ակցիաներ անել։ Եթե դուք հայ լինեիք՝ ուրիշ բան․․․
– Բայց ինչի՞ եք դեսպանատանը տալիս։
– Երեխեք, թողեք՝ թող ձեր երկիրը ձեր հարցերով զբաղվի․․․
– Հասկանու՞մ եք՝ կգնան նրա ընտանիքի, նրա ծնողների մոտ․․․ Դուք գիտե՞ք՝ մեզ հետ Ռուսաստանում ինչ կանեն սրա համար, – ասում է ցուցարարներից մեկը։
– Ես ուղղակի կխնդրեի ձեզ ոչ մի տեղ չուղարկել այդ տվյալները, – հավելում է մյուսը։
– Եթե այդքանը գիտեք՝ ինչի՞ եք այստեղ եկել, – պատասխանում է ոստիկանը։
Հատուկ ծառայության աշխատակիցը սկսում է համոզել, որ լուսանկարները արդեն ջնջված են։
– Մարդը մեծ խնդիրներ է ունենալու։ Նա դրան արժանի չէ։ Մենք լավ մարդիկ ենք։ Մենք ուղղակի դեմ ենք սպանությանը։ Դուք կո՞ղմ եք սպանությանը։
– Ո՛չ, – պատասխանում է ԱԱԾ-ականը։
– Խնդրում եմ՝ ջնջեք։ Մենք չենք աջակցում այս սպանություններին։ Ուկրաինայում մեր բարեկամներին են ռմբակոծում, մենք դրան չենք աջակցում, չնայած Ռուսաստանից ենք։ Գիտե՞ք՝ ինչ ցավոտ է։ Իսկ դուք մարդու անձնագիրն եք նկարում․․․
ԱԱԾ-ականը համաձայնում է ջնջել՝ պայմանով, որ ցուցարարները դրանից հետո կգնան։ Ջնջում է։ Գնում են։
Ճանապարհի կեսից նրանց է հասնում մեզ արդեն ծանոթ ոստիկաններից մեկը։ Նորից նույն պատմությունը․ «Եթե անձնագիրը չտաք, բերման կենթարկեմ»։ Պատրվակները տարբեր են՝ վիզան ստուգել, ուղարկել բաժին․․․ Վերցնում է անձնագիրը, նորից լուսանկարում։ Խոստանում է, որ Ռուսաստանի դեսպանատանը չի փոխանցի։
Զառա Հարությունյան