Անշարժ գույքի շուկան բարձիթողի վիճակում է։ Ռուսաստանցիների ներգաղթին զուգահեռ՝ բարձրանում են բնակարանների վարձակալության գները, որոշ տանտերեր՝ խախտելով նախկին պայմանավորվածությունները, նոր պայմաններ են առաջ քաշում, վարձակալները, որոնք ի վիճակի չեն այդքան գումար վճարել, դուրս են հանվում տներից։
Epress.am-ը զրուցել է վարձակալների հետ, որոնց (թանկացումների կամ ռուսաստանցիներին տունը տալու պատճառաբանությամբ) վտարել են բնակարանից։
Մեր զրուցակիցները տանտիրոջ հետ պայմանագիր կամ չունեն, կամ ունեն, բայց ժամկետանց։ Հարցը իրավական հարթություն տեղափոխելու հիմքեր, այսինքն, չկան։ Պայմանագրի բացակայությունը սեփականատերերին երկու առավելություն է տալիս․ նրանց, մի կողմից, հաջողվում է խուսափել հարկերից, մյուս կողմից՝ հնարավորություն տալիս ըստ ցանկության վտարել վարձակալներին։
Նազելի․ — Տանտերը ոստիկան է կանչել այդ մարդկանց վրա, որ ստիպի տունը ազատել։ Ես ծանոթացա մի թոշակառու կնոջ ու իր 45-ամյա հիվանդ աղջկա հետ։ Ապրում են հանրակացարանում՝ 40 հազար դրամ վարձավճարով, առանց պայմանագրի։ Տանտերը մինչև մարտի 25-ը ժամանակ է տվել, որ բնակարանը ազատեն։ Պատճառաբանում է, որ եղբայրն է Ռուսաստանից գալու, պետք է այդ տանը մնա։
Աղջիկը ստացիոնար բուժման կարիք ունի, բայց վախենում են տեղափոխել հիվանդանոց, որ տանտերը չօգտվի իրենց բացակայությունից ու իրերը չհանի։ Անգամ, քաղաքապատերան են դիմել մի հույսով, որ կօգնեն իրենց։
Այդ մարդիկ չունեն սոցիալական ցանցերից օգտվելու հնարավորություն և խնդրեցին ինձ բարձրաձայնել իրենց հարցը։
Էլզա․ — Տանտերը մեզ տնից հանում է կամ ասում է 150 հազար վճարենք, բայց ի վիճակի չենք։ Սկզբում 70 հազար դրամ էր, հետո 100 հազար դարձրեց, իսկ հիմա 150 հազար։ Վերջին վճարումն արեցինք (100 հազար դրամ) ու միանգամից ասեց, որ ևս 50 հազար դրամով թանկացնում է վարձը։ Մեր պայմանագիրն էլ ի սկզբանե 2 տարով էր կնքած, բայց մենք արդեն 4 տարի է բնակվում ենք այդ տանը։
Խնդրեցինք՝ ամուսինս աշխատանքի մեջ հիմնավորվի, կմուծենք իր ասած գումարը, բայց չհամաձայնվեց։ Չնայած, որ իր տունը այդքան չարժի՝ հաշվի առնելով հարմարատությունները ու այն, թե ինչքան ենք մենք անձամբ ծախսել կենցաղային իրեր գնելու վրա։
Պետք է մի ձև տուն գտնենք, թե չէ կամուրջի տակ ենք հանգրվանելու ես, ամուսինս, եղբայրս ու երկու երեխաներս, որոնցից մեկը նորածին է։
Արմինե․ — Չգիտեմ, թե ինչու են ինձ հանում տանից, չեմ կարող ասել , հստակ չեն նշել, բայց որ վատ վիճակում եմ, դա փաստ է։ Պայմանագիր չունեմ, բայց գրեթե 7 տարի է ինչ բնակվում եմ այդ բնակարանում։
Երեխաս առողջական խնդիր ունի, դպրոցական է, ծայրամաս գնալ չեմ կարող։ Խնդրել եմ, որ գոնե ուսումնական տարին ավարտենք, չեն համաձայնվել, չեն համբերում։ Սա է մեր իրականությունը։
Որևէ տուն չեմ գտնում, շատ թանկ է։ Մոտ մեկ ամիս ժամանակ են տվել՝ դպրոցական աղջկաս հետ տունը լքելու համար։ Բայց չեմ կարծում որ ինչ-որ բան կգտնեմ, գուցե փողոցում մնամ։
Անանուն․ — Մեր տան տերը մարտի 16-ին ասեց, որ իր եղբոր ընտանիքն է գալիս Ռուսաստանից ու որ պետք է բնակարանը իրենց տա, որովհետև ուրիշ տեղ չունեն մնալու։ Իսկ մենք պետք է դուրս գանք տնից և հիմա ես, ամուսինս ու բալիկս 10 օր ժամանակ ունենք նոր տուն տեղափոխվելու համար։
Մենք պետք է փետրվարին դուրս գայինք, քանի որ տան տերը որոշել էր բարձրացնել վարձը 50 հազար դրամով, բայց չգտանք բնակարան ու պայմանավորվեցինք, որ մի քանի ամիս էլ մնանք մինչև իրենք էլ վարձակալ գտնեն։
Կենտրոնին մոտ 200 հազար դրամի տուն չենք կարողանում գտնել։ Մյուս տարբերակը, որ գործակալությունով փնտրենք, բայց էդպես էլ շատ թանկ է․ առաջին ամիսը 400 հազար պիտի վճարենք դեպոզիտով, մի հատ էլ 100 հազար գործակալին տանք։
Անի․ — Մեր տան վարձը 135 հազար դրամ էր, տանտերը հիմա 170 հազար է ուզում։
Մենք ասեցինք, որ ի վիճակի չենք վճարել այդքան, առաջարկեցինք 10%-ով բարձրացնի, բայց չհամաձայնվեց ու մեզ 40 օր տվեց տունը ազատելու համար։
Ես եմ ու 3 երեխաներս, որոնցից 2-ը դպրոցական են, մեկը՝ 4 տարեկան։ Տունը Բանգլադեշում է։ Հիմա տարածքին մոտ բնակարան եմ փնտրում, որ երեխաներիս դպրոցը չփոխեմ, բայց շատ թանկ են բոլոր տները։