Ադրբեջանական կողմն այսօր սկսել է Ղարաբաղում վնասված գազատար խողովակի վերանորոգումը, հայտնում է Ղարաբաղի տեղեկատվական շտաբը: Ըստ կառույցի՝ գազամատակարարումը «կվերականգնվի կարճ ժամկետում»։
«Միևնույն ժամանակ, հորդորում ենք բոլոր բաժանորդներին պահպանել զգոնություն և համոզվել, որ գազամատակարարման վերականգնման պահին գազի արտահոսք ու արտակարգ պատահար տեղի չունենա», – զգուշացրել է շտաբը։
Հիշեցնենք՝ վերջին օրերի Ղարաբաղ-Ադրբեջան սահմանային լարվածության ֆոնին Լիսագոր գյուղում վնասվել էր սահմանին տեղակայված գազատարը։ Ղարաբաղի բոլոր բնակավայրերը մարտի 8-ից ի վեր ամբողջությամբ զրկված էին գազամատակարարումից։ Ադրբեջանական կողմը թույլ չէր տալիս սկսել վթարի վերացման աշխատանքները։