Մարտի 16-ին մահացած հայտնաբերված զինծառայող Ալբերտ Լևոնի Սիրոյանի գործով երկու զինծառայող է ձերբակալվել՝ գումարտակի մարտական դիրքի պարտադիր ժամկետային զինծառայող Ն. Չ.-ն և մարտական դիրքի պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ. Ա.-ն։ «Հայկական Ժամանակին» այս մասին հայտնել է ՔԿ մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը
Ն. Չ.-ն կասկածվում է Քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ (Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրան ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ զուգորդվել է բռնություն գործադրելով)։
Կրտսեր սերժանտ Վ. Մ.-ն կասկածվում է ՔՕ 375-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու մեջ։ (Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, և եթե դրանք էական վնաս են պատճառել)։
Հիշեցնենք՝ մարտի 17-ին ՊՆ-ն հաղորդել էր, որ մարտի 16-ին, ժամը 21:10-ի սահմաններում, երկրի հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Լևոնի Սիրոյանի (ծնվ. 2002թ) դին` ծնոտի շրջանում հրազենային վիրավորմամբ:
Ավելի ուշ նույն կառույցը հայտնել էր, որ մարտի 17-ին, ժամը 10:30-ի սահմաններում, Հայաստանի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի տարածքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Ռազմիկի Ռուստամյանի ( ծնվ. 2003 թ.) դին`կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորումով։
ՔԿ-ն երկու զինվորների մահվան դեպքերի կապակցությամբ հարուցել էր քրգործեր՝ «Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու» (ՔՕ 360.1) հոդվածով։ Կառույցը հաղորդել էր նաև, որ երկու զինվորներն էլ մահացել են իրենց ամրակցված ինքնաձիգի կրակոցից։
Epress.am Լուրեր Հայաստանից