Home / Բանակ / Եզդի նորակոչիկներին ծեծել են, տարել զուգարան, մեկը կորել է. ՊՆ-ն արդարացնում է սպաներին

Եզդի նորակոչիկներին ծեծել են, տարել զուգարան, մեկը կորել է. ՊՆ-ն արդարացնում է սպաներին

Կապանի զորամասերից մեկում եզդի նորակոչիկներին ծեծել, նվաստացրել և ստիպել են մաքրել զուգարանները․ նրանցից մեկը՝ Վլե Ֆերոյանը, կորել է։ Զորամասից ասում են, որ տղան դիմել է փախուստի։

Ֆերոյանի հարազատները երեկ հավաքվել էին Պաշտպանության նախարարության մոտ։ Պատմում էին, որ Վլեն բանակ է զորակոչվել հունվարի 31-ին։ Հաջորդ օրը զորամասի հրամանատարությունը անցել է «գործի»։ 

Վլեի պապ Սերոբ Շումոյան․ – «Պապի ջան, ասում ա, ճնշում են։ Ասում ա՝ տարել են տուալետի կողմ, ճնշում են գործել, որ մաքրի․․․ Երկու եզդի են եղել, ու ճնշում են գործել էս եզդիների վրա, թե՝ տուալետ մաքրեք, բան-ման։ Մի օրվա զինվոր էին․․․ Ճնշում են գործել, դուրսն են թողել, չեն թողել, որ մտնի կազարմա։ Լրիվ կազմին տարել են ճաշարան, սրանց փակ են պահել․․․»։

Վերջին անգամ հարազատները տղայի հետ փետրվարի 1-ին են խոսել․ պատմել է, թե ինչ է կատարվում։ Հետագայում նրա հետ կապ հաստատել չի հաջողվել։ 

Irakanum.am-ի հետ զրույցում Ֆերոյանի հորեղբայրն նշել էր, որ տղային դրսում են պահել՝ սոված, ասել են՝ մինչև ավել չանես, կազարմա չես մտնի․ «Երեխեն մինչև մեկը դուրսն է մնում, էնտեղ չաստում դաժե պուլպուլակ է լինում, մոտիկանում է, որ ջուր խմի, չեն թողում։ Ժամը մեկից հետո տուն է զանգում ու ասում է, որ իրավիճակն էդպես է այնտեղ։ Դրանից հետո երեխուց խաբար չունենք»։

Հորեղբոր խոսքերով՝ հիմնական դերակատարը կարանտինի կոմբատ Արմեն Ավագյանն էր․ «Զորամասի հրամանատար Ցոլակ Խաչատրյանն էլ է իրան [զինվորին] կանչել, ասել է՝ քեզի հրաման են տվել, դու պիտի կատարես, եթե չկատարես, ես ինքս ամբողջ զորքին ոտքի կհանեմ ու դու պիտի ամբողջ զորքի դեմը ավել անես, զուգարանը մաքրես»։

Ըստ հարազատների՝ Ֆերոյանի հետ ևս մեկ եզդի զորակոչիկ է եղել։ Նա հիմա զորամասում է։

«Ամսի 1-ին, առավոտ շուտ․․․ Ասում են՝ ի՞նչ ազգի եք։ Կարդում են անուն-ազգանունը, թե՝ օ, եզդի՞ եք։ Երեխեքը ասում են՝ հա։ Երկուսին էլ բռնում են, տանում են զուգարանի մոտ։ Էն մի եզդուն ամենադաժան ձևով ծեծել են, իրա ծնողներն արդեն այնտեղ են․․․», – պատմել է Վլեի տատը՝ Ռոզա Ֆերոյանը, որը երեկ նույնպես ՊՆ-ի մոտ էր։


Վլե Ֆերոյանը

Պաշտպանության նախարարությունը մասամբ ընդունել է նորակոչիկների հանդեպ բռնություն կիրառելու փաստը՝ միևնույն ժամանակ արդարացնելով հրամանատարներին։ Իր դիրքորոշումը ռազմական գերատեսչությունը հայտնել է պատգամավոր Թագուհի Թովմասյանի միջոցով:

«Հարազատները պատմել են, որ ՊՆ-ն և տվյալ զորամասի հրամանատարական կազմը ներողություն են խնդրել իրենցից, ընդունել են, որ տարածքում մաքրություն անելու պարտադրանք եղել է, իրենց խոսքով, մեկ անգամ խփել են զինվորին, բայց սանհանգույցի մաքրության մասին խոսք չի գնացել։

Կապ ենք հաստատել նաև ՊՆ Մարդու իրավունքների բարեվարքության վարչության պետի հետ, ով հայտնել է, որ տեղյակ է խնդրից, խոսել է Կապանի ռազմական ոստիկանության աշխատակիցների հետ․ զինվորին միայն հորդորել են մաքրել իրեն հատկացված տարածքը, այլ պարտադրանք և ծեծ չի եղել։ Դեպքի առթիվ ծառայողական քննություն է ընթանում։ Իսկ զինվորի գտնվելու վայրը հայտնի չէ։

Մեր փորձագետները զրուցել են նաև Կապանի զորամասի հրամանատարի հետ, ով պատմել է, որ զինվորը բոլորի ներկայությամբ հայտարարել է, որ ինքը չի պատրաստվում մաքրություն իրականացնել, որից հետո հրամանատարը հրավիրել է զինվորներին իր աշխատասենյակ, բացատրական աշխատանքներ է իրականացրել, զինվորների ներկայությամբ հրամանատարն անձամբ մաքրել է իր սենյակը՝ ցույց տալու համար, որ դա յուրաքանչյուրի պարտականությունն է, և պարսավելի ոչինչ չկա, որի արդյունքում էլ նորակոչիկները վստահեցրել են, թե նման խնդիր այլևս չի լինի, սակայն աշխատասենյակը լքելուց հետո, երբ վաշտի հրամանատարը նրանց հորդորել է իրենց հատկացված տարածքը մաքրել, նրանք հրաժարվել են, և վերոնշյալ զինվորը լքել է զորամասը», – ֆեյսբուքում գրել է  պարլամենտի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլից» «Պատիվ ունեմ» դաշինք տեղափոխված Թագուհի Թովմասյանը։