Արցախում 19 ակտիվիստներ ստորագրել են Ռուսաստանի նախագահին ուղղված դիմում, որով խնդրել են ԼՂ բնակիչների անվտանգությունն ապահովելու համար դիմել բոլոր հնարավոր միջոցներին՝ ընդհուպ մինչև խաղաղապահ ուժերի զորակազմի ավելացումը։ Նամակի պատճեները ուղարկվել են ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Իգոր Խովաևին և Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատար գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովին։
Արցախի Հեղափոխական կուսակցության առաջնորդ Արթուր Օսիպյանը, որը ևս ստորագրել է դիմումը, հայտնել է, որ նամակը երկու օր առաջ փոխանցել են ռուս խաղաղապահներին։ Նամակը հրապարակվել է նաև սոցցանցերում։
Օսիպյանի խոսքերով՝ Մոսկվային ուղղված դիմումը մարտի 12-ին Ստեփանակերտում տեղի ունեցած բողոքի ակցիայի արդյունքն է, որտեղ մասնակիցները կոչ են արել միջազգային հանրությանը և Ռուսաստանին ուշադրություն սևեռել Ադրբեջանի վարքագծի վրա և ավելի արդյունավետ կարգապահական մեթոդներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում։
Արցախի ՄԻՊ գրասենյակը «Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության իրավունքների խախտումների մասին» զեկույց է հրապարակել։ Զեկույցը նամակի հետ միասին ուղարկվել է ԵԱՀԿ Մինսկի Խմբի ներկայացուցիչներին, մարդու իրավունքների պաշտպանության հիմնական մանդատն ունեցող կառույցներին և մի շարք միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների։
Մարտի 5-ից ի վեր Ղարաբաղի տարբեր ուղղություններով փոխհրաձգություններ են երկու կողմերի միջև։ Մարտի 7-ին հրազենային վիրավորում էր ստացել երկու հայ զինծառայող․ պայմանագրային, սերժանտ Հրաչ Արամի Մանասարյանը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել էր, վիրավորված մյուս զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։
Ղարաբաղի Լիսագոր գյուղում վնասվել էր սահմանին տեղակայված գազատարը։ Ադրբեջանական կողմը չէր թողնում, որ սկսվեն վթարի վերացման աշխատանքները։ Ղարաբաղի բոլոր բնակավայրերը մարտի 8-ից ի վեր ամբողջությամբ զրկված էին գազամատակարարումից։ Գազատարի վերանորոգման աշխատանքներն ի վերջո սկսվեցին միայն մարտի 16-ին։
Ըստ հայկական կողմի՝ մարտի 9-ի ցերեկը ադրբեջանական կողմը Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի հարակից տարածքի ուղղությամբ արձակել է 2 ական, իսկ գիշերը կրակել է Խրամորթ գյուղի հարակից տարածքի վրա՝ արձակելով 23 ական։
Մարտի առավոտյան Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի բնակիչ, 1971թ. ծնված Սուրեն Բաղդասարյանը տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ մեջքի շրջանում բեկորային վիրավորում է ստացել Ադրբեջանի կողմից արձակած ականանետի կրակոցից։ Համայնքից ժամանակավորապես այլ բնակավայրեր են տեղափոխվել գյուղի կանայք և երեխաները։