Վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվող սադրանքների պատճառով Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքից ժամանակավորապես այլ բնակավայրեր են տեղափոխվել գյուղի կանայք և երեխաները։ Ասկերանի վարչակազմից տեղեկացնում են, որ նրանք դեռևս չեն վերադարձել հայրենի գյուղ․ «Իրականացվում են անվտանգային լրացուցիչ աշխատանքներ»։
«Այլ բնակավայրերի բնակիչների անվտանգության մասով որևէ նման խնդիր առկա չէ, և անհրաժեշտություն չկա լրացուցիչ նախազգուշական միջոցներ ձեռք առնել բնակչության կողմից», – ասված է վարչակազմի տարածած հաղորդագրության մեջ։
«Кавказский узел»-ի հետ զրույցում համայնքապետ Զորիկ Աբրահամյանը նշել է, որ ռուս խաղաղապահների տեղակայումից հետո Խրամորթի գնդակոծությունը դադարել է։
«Շաբաթ օրվանից (մարտի 12) գյուղում համեմատաբար հանգիստ է, կրակոցներ չկան <…> Իրավիճակը հանդարտվեց ռուս խաղաղապահների միջամտությունից հետո․ նրանք տեղակայվեցին հակառակորդի դիրքերի մոտակայքում։ Հույս ունենք, որ ընդմիշտ։ Բայց կանայք և երեխաները դեռևս տարհանված են։ Նրանք տեղավորվել են բարեկամների և ծանոթների մոտ՝ հարևան համայնքներում։ Մինչև վերջնականապես վստահ չլինենք, որ գյուղում անվտանգ է։ Համայնքապետարանում աշխատող կանայք ցերեկը վերադառնում են գյուղ․ աշխատանքային օրերը, ի վերջո, ուժի մեջ են», – ասել է Աբրահամյանը։
Գյուղապետի խոսքով՝ Խրամորթում այժմ ավելի քան 70 ընտանիք է ապրում։ Բոլորը զբաղվում են գյուղատնտեսությամբ։
«Բայց կրակոցների պատճառով վերջին օրերին մարդիկ չեն կարողանում հող մշակել․ վտանգավոր է, ադրբեջանցի զինվորականները անընդհատ սպառնում են մեր կյանքին։ Հույս ունենք, որ ռուս խաղաղապահների ներկայությունը մեզ հնարավորություն կտա (եղանակային պայմանների բարելավումից հետո) անցնել գարնանային ցանքի։ Գյուղացու համար եկամուտի միակ աղբյուրը հողն է»։
2020 թվականի պատերազմից առաջ, ըստ նրա, Խրամորթը ավելի քան 758 հեկտար վարելահող ու արոտավայր ուներ։ Պատերազմից հետո համայնքային հողերից շուրջ 250 հեկտար Ադրբեջանի վերահսկողության ներքո է, ավելի քան 180 հեկտար էլ գտնվում է շփման գծի մոտ և պարբերաբար գնդակոծվում․ «Մենք չենք կարողանում հող մշակել, անասուններին արոտավայր տանել էլ չենք կարողանում․ մեզ վրա կրակում են», – հավելել է Աբրահամյանը։
Նույն աղբյուրի կողմից հարցված գյուղացիներն էլ կարծիք են հայտնել, որ գյուղում հնարավոր կլինի հանգիստ ապրել միայն երբ ադրբեջանցի զինվորականները հետ քաշվեն Խրամորթից։
Հիշեցնենք՝ Մարտի 8-9-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը նռնականետից գնդակոծել են Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղը, հայտարարել է Արցախի ՊՆ-ն։ Հաջորդ օրը գերատեսչությունը հաղորդել է՝ ականանետից գնդակոծվել է նաև Խնուշինակ համայնքը։ Մարտի 10-ի գիշերը, ըստ նույն աղբյուրի, ադրբեջանական կողմը շուրջ 23 ական է արձակել Խրամորթի վրա․ բնակիչներից մեկը՝ 1971թ. ծնված Սուրեն Բաղդասարյանը, բեկորային վիրավորում է ստացել։ Ականը պայթել է տան բակում: