Գյումրիի ռուսական 102 բազային կից թիվ 19 դպրոցում երեկ առավոտյան միջոցառում է տեղի ունեցել ի աջակցություն Ռուսաստանի Ուկրաինայում «հատուկ գործողության»։
Երեխաներին կանգնեցրել են Z տառի տեսքով, բաժանել ռուսական դրոշներ, Z տառով պաստառներ ու լուսանկարել։ Աշակերտները պատմել են Epress.am-ի թղթակցին, որ միջոցառմանը մասնակցացնում էին ստիպողաբար։
Աշակերտները, պահանջելով պահպանել իրենց անանունությունը, պատմեցին, որ միջոցառումը տեղի է ունեցել երեկ երկար դասամիջոցին, դպրոցի հարակից տարածքում։ Կազմակերպիչը ազգությամբ ռուս է, ով աշխատում է դպրոցում որպես միջոցառումների նախաձեռնող։ Դպրոցից հրաժարվեցին խոսել լրագրողի հետ և միջոցառման մասին մեկնաբանություն տալ։
1-ինից մինչև 10-րդ դասարանների բոլոր աշակերտներին հանել են դպրոցի բակ։ Որոշները չէին ցանկանում մասնակցել, ինչին ի պատասխան փոխտնօրենը ասել է․ «բա էլ ինչու՞ եք այս դպրոցում սովորում»։ Չցանկացողներին միևնույն է ստիպողաբար տարել են ու կանգնեցրել մյուսների կողքին։
Ուսուցիչներից ոչ ոք ներկա չի եղել միջոցառմանը, միայն՝ փոխտնօրենը։
Ըստ աշակերտների, միջոցառման նպատակը եղել է լուսանկարվելը՝ ի աջակցություն ռուսական բանակի։
Աշակերտներից մեկը նաև պատմեց, որ նույն օրը դպրոց էր եկել հայ փոխգնդապետ, ով պատմում էր «ուկրաինացի նացիստների ու հպարտ Ռուսաստանի» մասին։
Դպրոցը ֆինանսավորվում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության կողից և առաջնորդվում ՌԴ օրենսդրությամբ։ Դպրոցում սովորում են ռուս զինվորականների ու դիվանագետների երեխաներ, ինչպես նաև տեղի բնակիչներ։
ՌԴ-ի՝ Ուկրաինա լայնածավալ ռազմական ներխուժումը, մարդկանց և բնակավայրերի ոչնչացումը «պատերազմ» անվանելն արգելված է՝ սպառնում են մինչև 15 տարվա ազատազրկմամբ:
Պատերազմի սկբում Z տառը ռուսական ռազմական տեխնիկայի վրա նշանակում էր, որ զորքը Արևմտյան ռազմական շրջանինն է (Западный военный округ)։ Հետագայում Z-ը դարձավ զավթիչ պատերազմը քողարկող սիմվոլ և իշխանական կարգադրությամբ լայնորեն տարածում գտավ Ռուսաստանում։