Հայաստանում ֆինանսական բուրգի սխեմայով աշխատող ընկերություն է հայտնաբերվել, հաղորդում է Քննչական կոմիտեն։
Ըստ ՔԿ-ի՝ 2020-ի մարտից Հայաստանում գործունեություն է իրականացրել «Ֆինիկո» («FINIKO») ընկերությունը։ Այն հաճախորդներին առաջարկել է ներդրումներ կատարել՝ հետագայում 25-30% եկամտաբերություն ստանալու նպատակով: Ներդրումները կատարվել են կանխիկ գումարները կրիպտոարժույթի փոխարկելու և դրանք ընկերության համապատասխան էլեկտրոնային դրամապանակ մուտքագրելու եղանակով։
Պետեկամուտների կոմիտեն պարզել է, որ իրականում ներդրողների օգուտը պայմանավորված է եղել նոր ներդրողների ներգրավումից ստացված գույքի հաշվին՝ առանց նշված գույքն իրական ձեռնարկատիրական գործունեության մեջ օգտագործելու մտադրության, որի արդյունքում մի շարք մարդկանց պատճառվել է խոշոր չափի վնաս: Պարզվել է նաև, որ Հայաստանում «Ֆինիկո»-ի գործունեությունը ղեկավարվել է Վազգեն Զոբոյանի և իր կնոջ կողմից, ովքեր անցյալ տարվա հուլիսի 31-ից Հայաստանում չեն։
Ընկերության գործունեությունից տուժածները կարող են դիմել Քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչություն։