Բացահայտվել է շուրջ 300 000 դոլար արժողությամբ կոկաինի՝ Բրազիլիայից Հայաստան ներմուծման փորձ, հաղորդում է Պետեկամուտների կոմիտեն։
Հաղորդման համաձայն, մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում տեղեկություն է ստացվել, որ հնարավոր է Սան-Պաուլո-Դոհա-Երևան չվերթով «Զվարթնոց» օդանավակայան ժամանող ուղևորներից մեկը կոկաին է տեղափոխում:
Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները նախ մաքսային հսկողության են ենթարկել Բրազիլիայի հիշյալ քաղաքացու ուղեբեռը, իսկ հետո որոշել են կիրառել «մաքսային հսկողության բացառիկ ձև»՝ անձնական մաքսային զննում: Ուղևորը «Զվարթնոցից» տեղափոխվել է բժշկական հաստատություն:
Համակարգչային տոմոգրաֆիայի և «հետագա բժշկական միջամտության» արդյունքում պարզվել է, որ բրազիլացին կոկաինի 746 գրամ քաշով 80 պատիճ էր կուլ տվել և պահել ստամոքսում։ Նրա Բրազիլիայից Հայաստան ուղևորությունն, իդեպ, տևել է շուրջ 24 ժամ:
«Հարկ է նշել, որ ստամոքսում պահելու եղանակով թմրանյութերի տեղափոխումը մեծ վտանգ է ներկայացնում փոխադրող անձի կյանքի համար` հաշվի առնելով, որ երկար թռիչքների ժամանակ առկա է պատիճներից թմրանյութի արտահոսք տեղի ունենալու վտանգ, որը գերդոզավորման պատճառով հանգեցնում է փոխադրող անձի մահվան», – բացատրում է ՊԵԿ- ն իր հաղորդագրության մեջ:
Դեպքի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում քրգործ է հարուցվել՝ Քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և (կամ) դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը) հատկանիշներով: Բրազիլիայի քաղաքացին կալանավորվել է:
Հայտնաբերված և առգրավված թմրանյութի արժեքն, ըստ ՊԵԿ-ի, Հայաստանի սև շուկայում կազմում է շուրջ 300.000 դոլար: