Ռուսական բանակի հրամանատարությունը վերջին օրերին փոխել է գործողությունների տրամաբանությունը։ Քաղաքները շրջանցելու և ուկրաինական կայազորները թիկունքում թողնելու նախկին պրակտիկան փոխարինվել է խիտ պաշարումներով և բնակավայրերի վրա հարձակումներով։
Զավթիչները այլևս չեն փորձում հարձակվել միաժամանակ բոլոր ուղղություններով, այլ կենտրոնացնում են ուժերը՝ գլխավոր թիրախներին հասնելու համար․ Դոնբասում ուկրաինական զորքերի շրջափակում և Կիևի բլոկադա։
Ռուսաստանի ներխուժումից ի վեր զոհվել են 90 և վիրավորվել 100 երեխա, հայտնում է Ուկրաինայի գլխավոր դատախազությունը։
Պաշտոնական Կիևն այսօր հայտնել է, որ վերջապես հաջողվել է պայմանավորվել 9 հումանիտար միջանցքների շուրջ (խաղաղ բնակիչների տարհանման համար), որոնցից 6-ը՝ Կիևի մարզում, 3-ը՝ Լուգանսկի։
Մարտի 14-ի դրությամբ ավելի քան 2․7 միլիոն մարդ լքել է Ուկրաինան։
Պատերազմի քարտեզը
– Կիևում բնակելի շենքի վրա արկի հարվածի հետևանքով մեկ մարդ մահացել է, 12-ը՝ վիրավորվել․ Ուկրաինայի ԱԻՊԾ
Գիշերը Կիևը նույնպես ենթարկվել է ռմբակոծությունների։ Բազմահարկ բնակելի շենքին ավիահարվածի հետևանքով զոհվել է 2 մարդ, ևս 3-ը վիրավորվել։ Մարդիկ գտնվում են փլատակների տակ․ Ուկրաինայի ԱԻՊԾ
Ըստ Ուկրաինայի նախագահի խորհրդականի, մայրաքաղաքը փաստացի պաշարված է։
— Կիևի հյուսիսում և արևմուտքում ծանր մարտեր են։ Գոստոմելում, Բուչայում, Իրպենում, Բորոդյանկայում, Մակարովում հրետակոծությունները շարունակվում են․ Meduza
— Խարկովի մարզում Չուգուևի մանկապարտեզի գնդակոծության հետևանքով զոհվել է 15-ամյա երիտասարդ․ Խարկովի մարզային դատախազություն
— Դոնեցկ քաղաքում ոչնչացված «Точка-У» հրթիռի բեկորներից զոհվել է 17, վիրավորվել՝ 28 մարդ․ Интерфакс
Դոնեցկի մարզի մեկ այլ քաղաքում՝ Կրամատորսկում գիշերային հրետակոծության հետևանքով զոհվել է 2 մարդ․ Կրամատորսկի քաղաքապետ
— Ռուս զինվորականները պայթեցրել են զինամթերքի մի մասը Զապորոժիեի ատոմակայանի առաջին էներգաբլոկի մոտակայքում։ Զինվորները նախատեսում են «հետագայում պայթյուններ իրականացնել Եվրոպայի ամենամեծ միջուկային օբյեկտում»․ «Энергоатом» ուկրաինական ձեռնարկություն
Հիշեցնենք, որ այս պահին ռուսական զորքերը վերահսկում են երկու ուկրաինական ատոմային էլեկտրոկայաններ՝ Չեռնոբիլինը և Զապորոժիեինը։ Պատերազմի առաջին օրվանից երկու կայաններում էլ իրավիճակը հսկում են նույն աշխատակիցները։ Ֆիզիկական և հոգեբանական հոգնածության պատճառով աշխատակիցները այլևս չեն կարողանում իրականացնել կայանների տեխնիկական սպասարկումն ու անվտանգության ապահովումը, հայտնում են Ուկրաինայի իշխանությունները։
— Էներգոդարը (քաղաք Զապորոժիե ատոմակայանի մոտ) և Զապորոժիեն միացնող մայրուղու կամուրջը քանդվել է։ Այսպիսով, Էներգոդարի և մարզկենտրոնի միջև ուղղակի հաղորդակցություն չկա՝ հումանիտար օգնության առաքման և բնակիչների տարհանման համար․ Hromadske
— Այսօր Մարիուպոլում խաղաղ բնակիչների տարհանման հումանիտար միջանցքը վերջապես հաջողությամբ աշխատում է։ Ավելի քան 50 մասնավոր մեքենաներ արդեն կարողացել են լքել քաղաքը․ Մարիուպոլի քաղաքապետի խորհրդական
Երկու օր առաջ տեղի իշխանությունները հայտնել էին շրջափակված քաղաքի խաղաղ բնակիչների շրջանում մոտ 2200 զոհերի մասին։
— Ռովնենսկի մարզի Անտոպոլ գյուղի հեռուստաաշտարակի վրա ավիահարվածի հետևանքով զոհվել է 9 մարդ, ևս 9-ը՝ վիրավորվել․ Ռովնենսկի մարզի ռազմական վարչություն
— Ախտիրկայում (Սումիի մարզ) գիշերային ռմբակոծության հետևանքով զոհվել է 3 մարդ․ քաղաքապետ
— Մարտի 13-ի առավոտյան ռուսական ավիացիան ռմբակոծել է Լվովի մարզի Յավորովի զորավարժարանը (Լեհաստանից 25 կմ)։ Զոհվել է առնվազն 35 մարդ, ևս 134-ը վիրավորվել են․ մարզի ղեկավար
— Այսօր գնդակոծվել է Չերնիգովի պոլիտեխնիկական ազգային համալսարանը։ Գիշերը հրթիռակոծվել է Նիժին քաղաքը։ Զոհերի թիվը չի հաղորդվում․ մարզային վարչակազմի ղեկավար
Волноваха, Reuters
Բանակցություններ
Ռուս-ուկրաինական բանակցությունների չորրորդ փուլը սկսվել է այսօր։ Ուկրաինական պատվիրակությանը այսօր միացել է նաև Ուկրաինայի արդարադատության նախարար Դենիս Մալյուսկան։ Ըստ Униан ուկրաինական լրատվամիջոցի, արդարադատության նախարարի ներկայությունը լավ նշան է․ «բանակցությունները սկսում են կառուցողական ուղղությամբ շարժվել»։
Բանակցողները տեխնիկական դադար են վերցրել մինչև վաղը, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Զելենսկին։