Հայաստանում բացահայտվել է անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խումբ, հաղորդում է ԱԱԾ-ն։
Կառույցն, ըստ հաղորդագրության, փաստական տվյալներ է ձեռք բերել առ այն, որ Երևանի բնակիչներ Կ․Ե-ն և Ա․Ա-ն 2021-2022 թվականներին կազմակերպել են Հայաստանի շուրջ երկու տասնյակից ավելի քաղաքացիների անօրինական միգրացիան օտարերկրյա պետություններ՝ մուտքի պատշաճ թույլտվություն ստանալու համար ներկայացնելով կեղծ փաստաթղթեր և տեղեկություններ։
Խուզարկվել ապօրինի միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող խմբի անդամների բնակության վայրերը։ Արդյունքում հայտնաբերվել են կեղծ փաստաթղթեր պատրաստելու համար նախատեսված սարքեր և սարքավորումներ, կեղծ կնիքներ, դրոշմներ, մի շարք մարդկանց անձնագրեր, ապօրինի միգրացիայի կազմակերպման դիմաց վճարված գումարներ և հանցագործության կատարման համար նախատեսված այլ իրեր ու առարկաներ։
Հանցանք կատարելու կասկածանքի հիման վրա ձերբակալվել է երկու հոգի։ Նրանց կալանավորելու համար միջնորդություններ են ներկայացվել դատարան։