Թուրքմենստանի՝ մարտի 12-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում, ըստ երկրի ԿԸՀ-ի, հաղթել է հեռացող նախագահի որդի և երկրի փոխվարչապետ Սերդար Բերդիմուհամեդովը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պնդում է, թե Բերդիմուհամեդովը հավաքել է ձայների 72․97%-ը, իսկ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 97․1%-ը (մոտ 3․3 միլիոն մարդ)։
Նոր նախագահի երդմնակալությունը տեղի կունենա մարտի 19-ին։
Դիտորդների պնդմամբ՝ ընտրությունները տեղի են ունեցել զանգվածային ընտրախախտումներով։ Թուրքմենական Радио Азатлык-ը հաղորդել էր, որ երկրի վիլայեթներից մեկում ընտրողների մեծամասնությունը քվեարկել էր ոչ թե Բերդիմուհամեդովին, այլ ուրիշ թեկնածուի։ Վիլայեթի ղեկավարությունը հրաժարվել էր ընդունել ընտրության արդյունքները՝ մինչև քվեաթերթիկները չփոխարինվեն «ճիշտ թեկնածուի» օգտին։
Սերդար Բերդիմուհամեդովից բացի նախագահի պաշտոնում առաջադրված էր ևս 8 թեկնածու, որոնց, Азатлык-ի պնդմամբ, մինչ այդ ոչ ոք չէր ճանաչում։
Պաշտոնական արդյունքներով երկրորդ տեղը զբաղեցրած Խըդըր Նուննաևը ստացել էր ձայների 11․09%-ը։ Երրորդ տեղը զբաղեցրած Աղաջան Բեկմիրադովը՝ 7․22%-ը։ Մնացած 6 թեկնածուների ստացած ձայները հիմնականում տատանվում են 1-2%-ի շրջանում։
Հիշեցնենք՝ Թուրքմենստանում արտահերթ նախագահական ընտրությունների մասին հայտարարվել էր փետրվարի կեսերին, երբ գործող նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հայտարարեց իր հրաժարականի մասին։ Նրա որդին՝ Սերդարը, սովորել է Ռուսաստանի ԱԳՆ-ի դիվանագիտական դպրոցում, եղել է ԹուրքմենստանիԱԳ փոխնախարար, Ճանապարհաշինության և արդյունաբերության նախարար, իսկ անցյալ տարվանից՝ փոխվարչապետ։