Թուրքմենստանում պատերազմի վետերաններից փող են հավաքել այն նվերների համար, որոնք երկրի նախագահն իրենց պիտի հանձնի մայիսի 9֊ին, գրում է Азатлык Радио-ն։
Վետերանները, որոնց մի մասն 90-ից բարձր տարիքի է, իրենք իրենց նվերների համար վճարում են արդեն երկու տարի շարունակ։ Իշխանությունները, ըստ զինվորականների հարազատների, որևէ կերպ չեն բացատրում, թե ինչու են կազմակերպել այս դրամահավաքը։
Անցյալ տարի տասնյակ վետերաններ շուրջ 1000 թուրքմենական մանաթ (286 ԱՄՆ դոլար) էին վճարել նվերների, այդ թվում՝ հաղթանակի 75-ամյակի առթիվ իրենց շնորհված մեդալների համար։
Ընդ որում՝ Азатлык֊ի անանուն աղբյուրները պնդում են, որ շնորհված նվերների ու մեդալների արժեքն ավելի փոքր է, քան վետերաններից հավաքված գումարները։ Հավաքված փողի կեսն իշխանություններն ուղղում են «այլ կարիքների»։ Ինչ կարիքներ ենք դրանք՝ մնում է միայն ենթադրել։
2017 թվականին РСЕ/РС֊ն հաշվարկել է, թե Երկրորդ համաշխարհայինի վետարաններին նախկին խորհրդային երկրներում որքան են վճարել Հաղթանակի օրվա առփիվ։ Կենտրոնական Ասիայում առաջատարը Ղազախստանն էր 1570 ԱՄՆ դոլարով, վերջին տեղում՝ Թուրքմենստանը՝ 26 ԱՄՆ դոլարով։
Թուրքմենստանում նվերներ ամեն տարի հանձնվում են, ոչ միայն պատերազմի վետերաններին, այլև բազմազավակ մայրերին, կանանց, գյուղատնտեսական աշխատողներին։ Վերջիններս, իդեպ, անցյալ տարի ևս ստիպված էին եղել վճարել իրենք իրենց նվերների համար։