Թուրքմենստանցի 23-ամյա գեյ Մաքսաթը (հերոսների անունները փոխված են) սովորում էր Ռուսաստանում։ Այնտեղ նա վարակվում է ՄԻԱՎ-ով, դուրս գալիս համալսարանից ու հայրենիք վերադառնwւմ՝ արտաքսմանը չսպասելով․ ՄԻԱՎ-վարակված օտարերկրացիները Ռուսաստանում ապրել չեն կարող։ Աշխաբադում Մաքսաթն աշխատանքի է տեղավորվում, բայց մեկուկես ամիս վախենում է բժշկի գնալ․ Աշխաբադում գործում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնը, սակայն պաշտոնական Թուրքմենստանը պնդում է, որ երկրում ՄԻԱՎ-ի տարածում չկա․ ըստ պաշտնական տվյալների, Թուրքենստանում գրանցվել է ՄԻԱՎ վարակման երկու դեպք։
Մաքսաթն այնուամենայնիվ հանձնում է անալիզները (նրա խոսքով, ՄԻԱՎ կենտրոնում հերթի մեջ շատ մարդիկ կային, մեծամասամբ՝ կանայք), իսկ մի քանի օր անc կենտրոնից զանգում ու պահանջում են ներկայանալ՝ բոլոր փաստաթղթերով։ Հիվանդասենյակում նրան ոստիկաններ էին սպասում․ «Ո՞նց ես վարակվել», – հարցրել են։ Մաքսաթը պատասխանել է, որ չգիտի․ չէր կարող ասել, որ վարակվել է նույնասեռական հարաբերության արդյունքում, քանի որ Թուրքմենստանի քրեական օրենսգրքի 135-րդ հոդվածով «Արվամոլության» համար նախատեսվում է մինչև 2 տարվա ազատազրկում։
Հաջորդ երեկոյան երեք ոստիկաններ գալիս են Մաքսաթի հետևից․ «Սկզբում բաժին տարան, հետո՝ քաղաքի ծայրի տեղամաս։ Հարցաքննում էին ու ծեծում՝ երկու հոգով։ Ասում էին, որ գիտեն որտեղից եմ վարակվել, գիտեն, որ նույնասեռական եմ։ Ես հերքում էի։ Շարունակում էին ծեծել։ Թուղթ ցույց տվեցին, որ մի տղայի են գտել, ով ինձ գիտի։ Նորից հերքեցի, շարունակեցին ծեծել։ Ասացին, որ եթե չստորագրեմ, ծնողներիս ու հարազատներիս կասեն, ուրիշ ձևով կսկսեն խոսել։ Համաձայնեցի, ստորագրեցի՝ չգիտեմ էլ թե ինչ։ Ասացին Նոր տարուն գնամ թաղայինի մոտ ներկայանամ, հետո՝ եթե պետք լինի, հետևիցս կգան»։
Ոստիկանությունը Մաքսաթի նույնասեռականության որևէ ապացույց չուներ․ իր հեռախոսը նա նախապես ֆորմատավորել էր։ Թուրքմենստանում առհասարակ վտանգավոր է հեռախոսի մեջ որևէ վարկաբեկող բան ունենալ։ «Մեր մոտ երեք մետրը մեկ ոստիկաններ են կանգնած։ Հիմնականում քաղաքացիականով երիտասարդներ են։ Ամեն վայրկյան կարող են գալ, իրենց փաստաթղթերը ցույց տալ ու պահանջել, որ հեռախոսդ ցույց տաս»,- Ազատություն Ռադիոկայանի հետ զրույցում պատմել է փախուստի մեջ գտնվող թուրքմենստանցի նույնասեռական Իսմայիլը։
Ելքի արգելք
Ոստիկաններն առգրավում են Մաքսաթի բոլոր փատաթղթերը, բացի օտարերկրյա անձնագրից, որը նա տանն էր թողել, ստելով, որ երբեք արտերկրում չի եղել։ Ռուսաստանից տուրիստական վիզա ստանալով նա փորձում է գնալ երկրից։ Թուրքմենստանցիների համար հաճախ ամենաբարդը երկրից դուրս գալն է լինում․ «Ում ուզեն կարող են հանել ռեյսից։ Տարեցներին ավելի հեշտ են թողնում, Ռուսաստանի քաղաքացիներին ոչ մի հարց չեն տալիս։ Ընկերներիցս մեկը 3 տարվա ընթացքում 10 անգամ տոմս է գնել, ամեն անգամ ռեյսից հանել են»,- պատմում է Իսմայիլը։ Նրա խոսքով, ինտերնետից տոմս գնել ընդհարապես հնարավոր չէ, ամեն անգամ պետք է գործակալություն ներկայանալ․ «Եթե տոմսը 200 դոլար արժե, պետք է 300 վճարես։ Եթե չթողնեն թռչես՝ 160-170 դոլար վերադարձնում են»։
Մաքսաթին հաջողվում է թռչել։ Մոսկվա գնում էր Մինսկից՝ տրանզիտով։ Ուզում էր Բելառուսում ապաստան խնդրել։ Չի ստացվում։ Հասնում է Ռուսաստան ու դիմում Մոսկվայի կոմյունիտի կենտոն ԼԳԲՏ կազմակերպություն, որը նրան բնակավայր է տրամադրում ու օգնում երրորդ երկիր տեղափոխվել՝ մինչև տուրիստական վիզայի լրանալը։ Ռուսաստանում ապաստան խնդրելն անօգուտ կլիներ․ ԼԳԲՏ փախստականները Ռուսաստանում շանս չունեն։
Մաքսաթը մինչև հիմա Թուրքմենստանում հետախուզման մեջ է։ Մտավախություն ունի, որ իրեն կարող են մեղադրել նաև ՄԻԱՎ վարակի տարածման մեջ։
Վտանգավոր ծանոթություններ
Թուրքմենստանում ԼԳԲՏ մարդկանց մասին և առհասարակ տեղեկություններ քիչ կան․ Թուրքմենստանն աշխարհի ամենափակ երկրներից է՝ Հյուսիսային Կորեային հավասար։ Ազատություն ռադիոկայանը ծանոթացել է 2019 թվականին «Կիրգիզ Ինդիգո» իրավապաշտպանական կազմակերպության կողմից, միջազգային ILGA-Europe հասարակական կազմակերպության աջակցությամբ կատարված «ԼԳԲՏ մարդկանց կյանքը Թուրքմենստանում» հետազոտության հետ։ Անունը հրապարակել չցանկացած հեղինակի խոսքով, հարցվածների մեծ մասը պատմում էին, որ թուրքմենական ոստիկաններն աշխատում են ստանդարտ սխեմայով․ ծանոթությունների կայքերով կամ հավելվածներով հանդիպումներ են կազմակերպում ու բռնում։ Հիմնականում քրեական գործեր չեն հարուցում, փոխարենը՝ սկսում են փողեր պահանջել կամ ստիպում են օգնել այլ նույնասեռականների բռնելու գործում։ «ԼԳԲՏ համայնքը փոքր խմբերի է բաժանված, որտեղ մարդիկ իրար վստահում են, բայց դրսից ուրիշներին չեն ընդունում իրենց խումբ»,- պատմում է հետազոտության հեղինակը։
Թե «Կիրգիզ ինդիգոյի» զրուցակիցները, թե նույնասեռականները, որոնց հետ կապ հաստատեց Ազատություն ռադիոկայանը, պատմում են, որ Թուրքմենստանում «արվամոլությունը» քրեորեն պատժելի է վաղուց, բայց հետապնդումներն ակտիվացել են 2011 թվականից, երբ համացանցում տեսանյութ էր հայտնվել, որում Աշխաբադի բժշկական համալսարանի դասախոսն ու երկու ուսանողներ սեքսով էին զբաղվում։ Այդ դեպքից հետո հետապնդումների ու առևանգումների մեծ ալիք է սկսվում։
2019-ի հոկտեմբերին նոր սկանդալ է բռնկվում․ աշխաբադցի 24-ամյա բժիշկն ազատություն ռադիոկայանին անանուն հարցազրույց է տալիս ու կորում։ Ընկերների խոսքով, նրան ամենայն հավանականությամբ գտել են հատուկ ծառայությունների ներկայացուցիչները։ Այս դեպքից հետո Թուրքսմենտանի իշխանությունների բժիշկների շրջանում նույնասեռականների հայտնաբերման արշավ են սկսում, որի արդյունքների մասին այդպես էլ ոչ մի տեղեկություն չեն հայտնում։
Փախչելու տեղ չկա
«Կիրգիզ Ինդիգոյի» հարցումներին մասնակցածները պատմում են, որ 135-րդ հոդվածով Թուրքմենստանում քչերին են ձերբակալում։ Ինչպես ՄԻԱՎ-ի դեպքում, նույնասեռականների հետ կապված հարցերում էլ երկրի իշխանությունները մերժողական քաղաքականություն են վարում․ Թուրքմենստանում գեյեր չկան։ Ոստիկանություն տարված նույնասեռականներին դատապարտում են ավելի «ավանդական» հոդվածներով։
Փախչելու տեղ էլ գրեթե չկա։ Եվրամիության երկրների, ԱՄՆ կամ Կանադայի վիզա թուրքմենները դե ֆակտո ստանալ չեն կարող։ Կարող են գնալ Ռուսաստան (որտեղ կարող են փորձել լուծել թղթաբանական հարցերը, բայց ոչ քաղաքական ապաստան ստանալ), Թուրքիա (որտեղ, Ազատություն Ռադիոկայանի զրուցակցի պնդմամբ, ապաստան տրամադրում են տրանսգենդեր անձանց, բայց ոչ նույնասեռականներին) կամ այլ մահմեդական երկրներ, օրինակ՝ Արաբական էմիրություններ, որտեղ ևս քաղաքական ապաստան ստանալու հնարավորություն չկա։
աղբյուրը՝ Ազատություն ռադիոկայան