Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական հանրապետության դատարանը խիստ ռեժիմի գաղութում 15 տարվա ազատազրկման է դատապարտել ուկրաինացի լրագրող Ստանիսլավ Ասեևին։ Հայտնում է Դոնեցկի տարածքում անջատողականների կողմից վերահսկվող լրատվական գործակալությունը։
Հաղորդագրության համաձայն, վճիռը գերագույն դատարանի կողմից կայացվել էր դեռևս օգոստոսին և հիմա օրինական ուժի մեջ մտավ։ Լրագրողը մեղադրվում է լրտեսության և անջատողական հանրապետության տարածքային ամբողջականությունը խախտելու կոչեր տարածելու մեջ։
Ասեևը Ազատություն ռադիոկայանի Ուկրաինական ծառայության արտահաստիքային հեղինակներից էր։ 30-ամյա լրագրողը Դոնեցկում աշխատող փոքրաթիվ թղթակիցներից էր, ով շարունակում էր աշխատանքը քաղաքի վերահսկողությունը անջատողականներին անցնելուց հետո։ Նա կալանավորվել էր 2017-ի գարնանը։
Ասեևի ազատ արձակումը պահանջում են մի շարք միջազգային կազմակերպություններ ու հեղինակավոր լրատվականներ։ Լրագրողին ազատելու կոչ է արել նաև Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանի մեդիակորպորացիայի նախագահ Ջեյմի Ֆլայը՝ հոկտեմբերին Կիևում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ։