Մարդու իրավունքների միջազգային դատարանը (ՄԻԵԴ) մերժել է «Էլեկտրիկ Երևան» բողոքի ակցիաների ժամանակ տուժած լրագրողների վերաբերյալ բողոքները և դա արել է զուտ ֆորմալ պատճառաբանություններով։ Այս մասին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի «Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին» զեկույցի քննարկմանը հայտարարել է իրավաբան Արա Ղազարյանը՝ քննադատելով ՄԻԵԴ֊ը նման մոտեցման համար։
«Մի քիչ էլ ՄԻԵԴ֊ը քննադատենք։ Երևի ՄԻԵԴ֊ը չի ցանկանում իրեն փոխարինել ներպետական ատյանով։ Բայց մենք շարունակելու ենք դիմումները ՄԻԵԴ ուղարկել՝ ցույց տալու համար, որ ներպետական ատյաններում գործի քննությունը տեղից չի շարժվում», ֊ ասել է Արա Ղազարյանը։
Լրագրողների իրավուքների ոտնահարման մասին ՄԻԵԴ ուղարկված շտապ բողոքները վերաբերել էին «Էլեկտրիկ Երևան» նստացույցի ժամանակ ֆիզիկական բռնության, նկարահանող սարքերը կոտրելու, տեսագրություններ ու լուսանկարները, հիշողության քարտերը ոչնչացնելու փաստերին։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի տվյալներով՝ այդ գործողություններից տուժել են տարբեր ԶԼՄ-ների 24 աշխատակիցներ, իսկ Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործը ձգձգվել է և, փորձագետների գնահատմամբ, կրել միայն իմիտացիոն բնույթ։
Արա Ղազարյանի խոսքով՝ «Էլեկտրիկ Երևանի» ակցիաները միակ հանրային կարևոր միջոցառումը չէին, երբ լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտվել է, իսկ մեղավորները չեն պատժվել։ Բռնություն է կիրառվել Սարի Թաղում այս տարվա հուլիսին կայացած բողոքի ակցիաները լուսաբանող լրագրողների նկատմամբ։
«Սարի թաղի դեպքերից հետո վերջապես Հատուկ Քննչական ծառայությունում 8 գործով նախաքննությունն ավարտվեց, որոնցից 7-ում մեղադրանք է առաջադրվել, բայց ուշադրություն դարձրեք, մեղադրանք է առաջադրվել 258֊րդ՝ խուլիգանություն հոդվածով, վերջապես եղավ նաև 164 հոդվածը՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը, բայց չկա 308 կամ 309 հոդվածը, որոնք վերաբերում են պաշտոնական լիազորություններն անցնելուն։ Այսինքն՝ մեղադրանք է առաջադրվել քաղաքացիական հագուստով անձնանց։ Իսկ սա մենք չենք ուզում, որովհետև փաստերի ճշտմամբ՝ Սարի թաղում քաղաքացիական հագուստով անձինք գործել են ոչ միայն ոստիկանության թույլտվությամբ, այլև նրանց հրահանգմամբ, կամ հենց եղել են ոստիկաններ։ Այսինքն՝ սա կարելի է ասել մանիպուլյացիա է»,֊ նշել է Արա Ղազարյանը։
Փորձագետի խոսքով՝ ընդհանրապես իմանալու համար, թե ինչքանով են լրագրողները պաշտպանված Հայաստանում, կարելի է միայն փաստել, որ 10 տարվա մեջ 100 բռնության դեպքեր են եղել, բայց միայն երկու դատական գործ։