Սևանում օգոստոսի 14-ին «Ազատություն» ռադիոկայանի նկարահանող խմբի վրա հարձակման դեպքով քրեական գործի հարուցումը երեկ մերժվել է: Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասել են Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Այդ օրը լրագրող Նարինե Ղալեչյանը փորձել է նկարահանել շարժական գազալցակայանները, երբ լցակայանից դուրս է եկել մի երիտասարդ, խոչընդոտել լրագրողի աշխատանքը, ոտքերով հարվածել այն մեքենային, որով լրագրողը մեկնել էր նկարահանումների:
Կայքի փոխանցմամբ՝ բացի քրեական գործ հարուցելուց, «Արծափ-շին» ՍՊ ընկերության առաջ պահանջ էր դրվել նաև ներողություն խնդրել լրագրողներից։ Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել նշված ընկերության մոտ, իսկ երիտասարդը տվյալ ընկերության աշխատակիցն է։ Ընկերությունը լրագրողներից և մասնավորապես, Նարինե Ղալեչյանից ներողություն է խնդրել, ինչպես նաև փոխհատուցել մեքենային պատճառված ողջ վնասը:
«Ընկերությունը միաժամանակ նշել է, որ իրենց աշխատակից՝ Ա. Վարագյանը (լրագրողի աշխատանքը խոչընդոտած անձը) չի գիտակցել, որ իր գործողություններն ուղղված են լրագրողի դեմ: Ըստ այդմ՝ ընկերության տնօրինությունն իր աշխատակցին ենթարկել է խիստ տույժի», – այս մասին ասել է Azatutyun.am կայքի խմբագիր Արթուր Պապյանը։ Նա նշել է, որ իրենք հավելյալ բողոք չեն ներկայացրել՝ հաշվի առնելով այդ երիտասարդի ծանր սոցիալական վիճակը։