Հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին Ռոբերտ Քոչարյանը կգլխավորի Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի ստեղծած «Վերածնվող Հայաստան» կուսակցության և դաշնակների միասնական ցուցակը։
«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը որոշում է կայացրել հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել «Հայ հեղափոխական դաշնակցության» հետ նախընտրական դաշինքով, որը կգլխավորի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը», – հայտարարել է նախկին մարզպետի և մարզի մի քանի գործող համայնքապետերի ստեղծած կուսակցությունը։
ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ այսօր հայտնել է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» ընտրություններին կմասնակցի որպես առանձին կուսակցություն՝ առանց դաշինքի։ Որոշվել է, որ ՔՊ֊ի կարգախոսը կլինի «Ապագա կա»։ Մինչ այս հայտարարվել էր նաև, որ իշխող կուսակցության ընտրացուցակը գլխավորելու է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Ցուցակի մասին նոր մանրամասներ առայժմ չեն տրվել։
Ընտրություններին առանձին են մասնակցելու նաև «Լուսավոր Հայաստանն» ու «Բարգավաճ Հայաստանը»։ Վերջինիս ցուցակը կրկին գլխավորելու է Գագիկ Ծառուկյանը։
Իսկ «Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը», ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, դաշինք է կազմել ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի ստեղծած «Հայրենիք» կուսակցության հետ։ Ով է գլխավորելու ցուցակը, դեռևս հայտնի չէ։
Հայաստանի առաջին նախագահի գլխավորած «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունը դեռևս մասնակցության մասին հայտարարություն չի տարածել։
Լևոն Տեր֊Պետրոսյանը երեկ (արդեն երկրորդ անգամ և հրապարակավ) առաջարկել էր նախկին նախագահներ Սարգսյանին ու Քոչարյանին ընտրություններին մասնակցել դաշինքով։ Առաջարկը, սակայն, (արդեն երկրորդ անգամ և հրապարակավ) մերժվեց նախկին երկու նախագահների կողմից էլ։
Ավելի վաղ առաջին նախագահը հակասահմանադրական էր որակել գալիք ընտրությունները՝ հղվելով ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի «Համաձայն Սահմանադրության՝ վարչապետը հրաժարական ներկայացնելուց հետո պաշտոնավարման իրավունք չունի» վերնագիրը կրող հոդվածին։ «Փաստերի ստուգման հարթակը» հակադարձել էր Ղազարյանի փաստարկներին, պնդելով, որ Փաշինյանը հրաժարականից հետո կարող է լինել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար։
Հիշեցնենք՝ ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից, որպեսզի երկրում կայանան արտահերթ ընտրություններ։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ դրանք տեղի կունենան հունիսի 20-ին։