Home / Հայաստան / Քոչարյանն ու Սերժը Տեր-Պետրոսյանին չեն ուզում

Քոչարյանն ու Սերժը Տեր-Պետրոսյանին չեն ուզում

Լևոն Տեր-Պետրոսյանը Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին այսօր կրկին առաջարկել է միավորվել և, «անկախ նախկինում ունեցած սկզբունքային տարաձայնություններից» և «չհավակնելով որևէ պաշտոն զբաղեցնելու»՝ առաջիկա ընտրություններին մասնակցել միասին՝ «Ազգային համաձայնության դաշինք» ցուցակով:

Ինչպես հայտնել էի ինքը՝ Տեր-Պետրոսյանը, այս առաջարկն առաջին անգամ արվել է փակ ձևաչափով և մերժվել Ռոբերտ Քոչարյանի կողմից։ Այժմ այն արվեց հրապարակավ․․․ և մերժվեց հրապարակավ։

Քոչարյանի պատասխանը

— Մենք միշտ սկզբունքորեն դեմ ենք եղել ոչ հրապարակային հանդիպումների մանրամասների միակողմանի բացահայտմանը։ Կոռեկտ չէ։ Հատկապես, երբ այդպիսի մանրամասներ պատմողը խեղաթյուրում է դրանց բովանդակությունը։ Ինչեւէ։

Մարտի 25-ին տեղի ունեցած` ՀՀ եւ Արցախի նախկին նախագահների հանդիպումը կայացել է Տեր-Պետրոսյանի առաջարկով։ Նախագահ Քոչարյանին հանդիպման առաջարկի մասին պատմել է Բակո Սահակյանը` միաժամանակ տեղեկացնելով, որ Տեր-Պետրոսյանն արտահերթ ընտրություններին համատեղ մասնակցելու գաղափար ունի։

Նախագահ Քոչարյանը մերժել է այդ գաղափարը, ինչի մասին Բակո Սահակյանը տեղեկացրել է Տեր-Պետրոսյանին։ Վերջինս, այնուամենայնիվ, առաջարկել է, որպեսզի հանդիպումը կայանա։ Եվ այն տեղի է ունեցել։

Հանդիպման ժամանակ իրոք քննարկում չի ծավալվել, քանի որ Ռոբերտ Քոչարյանը կրկին մերժել է խնդրո առարկա առաջարկը՝ պատճառաբանելով բարոյական նկատառումով, այն է՝ արտահերթ ընտրությունների անցկացման դեպքում այլ ձևաչափով մասնակցելու մտադրություն ունի։ Բացի դրանից, այդ քայլը կհարվածի «Հայրենիքի փրկության շարժմանը»։

Սա է եղելությունը։

Կարող է թվալ, թե Տեր-Պետրոսյանն ամեն բան ճիշտ է ասել, ու ես ընդամենը կրկնում եմ նրա պատմությունը։ Բայց այդպես չէ. մասնավորապես, կարծես թե պատահմամբ, նա վրիպում է, թե «Հայրենիքի փրկության շարժումը» Նախագահ Քոչարյանն էր ստեղծել։

P.S. Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին միասին գնալու առաջարկությանը, ապա մենք արդեն ընտրել ենք մասնակցության այլ ձեւաչափ, որի մասին կհայտարարենք ամենամոտ ապագայում։

Սերժ Սարգսյանի պատասխանը

— Արձագանքելով Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակմանը` հայտնում ենք, որ զարմանալի էր Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից այս հրապարակումն անելը՝ առանց հանդիպման մյուս կողմերին նախապես տեղեկացնելու։

Միևնույն ժամանակ հիշեցնում ենք Հայաստանի և Արցախի նախկին ղեկավարների հանդիպման ժամանակ ՀՀ երրորդ նախագահի հայտնած դիրքորոշումը առ այն, որ ՀՀ առաջին նախագահի ներկայացրած առաջարկի քննարկումները հեռանկարային և արդյունավետ կարող էին դիտվել բոլոր կողմերի սկզբունքային համաձայնության դեպքում։Ինչ վերաբերում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին համատեղ մասնակցելու՝ ՀՀ առաջին նախագահի կողմից այսօր կրկին արված առաջարկին, ապա հիշեցնում ենք, որ ՀՀ երրորդ նախագահի գլխավորած Հանրապետական կուսակցությունը ընդամենը օրեր առաջ իր որոշումը ընտրություններին մասնակցելու, ինչպես նաև ձևաչափի վերաբերյալ կայացրել է և հրապարակել:

Սերժ Սարգսյանի դիրքորոշումն է, որ ստեղծված իրավիճակում խնդրի լուծման համար անհրաժեշտ է ընտրել արդյունավետ մարտավարություն, ուստի կապիտուլյանտ իշխանությունների դեմ պայքարը կարող է իրականացվել տարբեր ձևաչափերով։