Home / Ազգային ժողով / Զինծառայությունից խուսափածները հիմա կհամաներվեն, հետո՝ կպատժվեն

Զինծառայությունից խուսափածները հիմա կհամաներվեն, հետո՝ կպատժվեն

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որը հնարավորություն է տալիս զինվորական ծառայությունից խուսափած և 27 տարին լրացած տղամարդկանց վերադառնալ Հայաստան, համաներվել և ազատվել քրեական պատասխանատվությունից։

Օրենքով նախատեսվում է համաներում հայտարարել զինվորական ծառայությունից խուսափած և 327-րդ հոդվածի 1-ին մասով (զորակոչից, վարժական հավաքից կամ զորավարժանքից խուսափելը) կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված արական սեռի քաղաքացիների նկատմամբ:

Համաներում կհայտարարվի օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից 27 տարին լրացած շարքային, 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից խուսափած տղամարդկանց։

Վերոհիշյալ 327-րդ հոդվածի 1-ին կամ 3-րդ մասով դատապարտվածների պատժի կրումը կդադարեցվի։

Հայաստան վերադառնալու համար տրվում է 6 ամիս ժամանակ։

Ազգային ժողովում իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, ով օրենսգրքի համահեղինակներից մեկն է, հայտարարել էր, որ համաներման այս գործընթացի բարեհաջող ավարտից հետո կդիմեն կոշտ սահմանափակումների․ – «Կավարտենք էս փուլը ու դրանից հետո կանցնենք այն խնդրի լուծմանը, որով իրական խոչընդոտներ կստեղծենք արու զավակներին Հայաստանից հանելու՝ ծնողների ցանկություններին»։