Ադրբեջանի արտգործնախարարությունն այսօր արձագանքել է Հայաստանի ԱԳՆ-ի երեկվա հայտարարությանը։
«Հայաստանի ԱԳՆ-ի ուշադրությունն ենք հրավիրում [այն փաստին], որ եռակողմ Հայտարարության 1-ին կետում հայտարարվում է «հակամարտության գոտում կրակի և ռազմական բոլոր գործողությունների ամբողջական դադարեցման մասին՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ի՝ մոսկովյան ժամանակով ժամը 00:00-ից», ինչպես նաև նշվում է, որ Ադրբեջանի Հանրապետությունն ու Հայաստանի Հանրապետությունը «կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում»։ Հարկ է ընդգծել, որ «կանգ են առնում» արտահայտոթյունը չի նշանակում «մնում են»՝ ոչ այս, ոչ էլ որևէ այլ համատեքստում։ Սա վերաբերում է թե ռուսերենին, որով կազմվել է Հայտարարությունը, թե այլ լեզուներին։
Բացի այդ, եռակողմ Հայտարարության 3-րդ մասը սահմանում է ռուսաստանցի խաղաղապահների տեղակայումը «Լեռնային Ղարաբաղում շփման գծի և Լաչինի միջանցքի երկայքով»: Եռակողմ Հայտարարության 4-րդ կետը մատնանշում է, որ «Ռուսաստանի Դաշնության խաղաղպահ կոնտինգենտը տեղակայվում է հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ», ֊ ասված է Բաքվի տարածած հայտարարության մեջ։
Ադրբեջանի ԱԳՆ-ն հիշեցնում է նաև, որ հայտարարության 6-րդ կետի համաձայն «Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների տեղաշարժը»։
Այսպիսով, ըստ Բաքվի, հայտարարությամբ համաձայնեցված ձևակերպումները «հստակ խոսում են Ադրբեջանի տարածքից հայկական զինված ուժերի դուրսբերման մասին» և որևէ կերպ չեն ենթադրում զինծառայողների տեղափոխում կամ տեղակայում;
«Եռակողմ Հայտարարության առանցքային դրույթների աբսուրդային մեկնաբանությունների փորձերը վկայում են այն մասին, որ որ հայկական կղոմը կամ ամբողջապես չի ըմբռնել 2020 թվականի նոյեմբերի 10-ին իր կողմից ստորագրված փաստաթղթի էությունը, կամ ի սկզբանե մտադիր չի եղել ամբողջությամբ կատարել դրա պահանջները: Նման վարքը հերթական անգամ ընդգծում է այդ երկրի ապակառուցողական դիրքորոշումը»,- հայտարարում է Ադրբեջանի դիվանագիտական կորպուսը։
Ադրբեջանը նաև պնդում է, որ «միջազգային հանրությանը քաջ հայտնի է իրավունքի հիմնարար նորմերին և սկզբունքներին, միջազգային կազմակերպությունների որոշումներին և ստանձնած պարտավորություններինչհետևելու՝ Հայաստանի գործելակերպը» և հիշատակում 1993 թվականի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 4 բանաձևերը կատարելու՝ Հայաստանի մերժումը։
«Այս ապակառուցողական գործելակերպը զրկված է որևէ հեռանկարից՝ տարածաշրջանում երկար սպասված խաղաղության և անվտանգության ապահովման համատեքստում», – եզրափակում է Ադրբեջանի արտգործնախարարությունը։
Հիշեցնենք՝ Ադրբեջանի ՊՆ-ն երեկ՝ օգոստոսի 11-ին, Հայաստանին մեղադրել է Ղարաբաղում վերջին օրերին նոր զորքեր կենտրոնացնելու, նոր հենակետեր ստեղծելու մեջ։ Դրա ի պատասխան, Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ եռակողմ հայտարարության մեջ հայկական զորամիավորումների դուրսբերումը նախատեսված է միայն Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններից, այլ ոչ բուն Լեռնային Ղարաբաղից, իսկ առանց Պաշտպանության բանակի՝ «Արցախի ժողովուրդը չի կարող գոյատևել իր պատմական հայրենիքում»։