Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Բաքվի տարածած հաղորդագրությունը, թե այսօր՝ ժամը 13:40-ի սահմաններում, հայկական ԶՈՒ ստորաբաժանումները գնդակոծել են Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանագոտու ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը։
«Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ ՀՀ զինված ուժերը հրադադարի պահպանման ռեժիմը չեն խախտել։ Հայկական ստորաբաժանումները, անհրաժեշտության դեպքում, իրականացնում են միայն հակառակորդին հակազդելու գործողություններ», – ասված է հաղորդագրության մեջ։
Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը, ըստ Turan գործակալության, հայտարարել են, որ հայկական զինուժերը գնդակոծել են Թովուզի և (ավելի վաղ) Ղազախի շրջաններում տեղակայված ադրբեջանական դիրքերը։
Բացի այդ, Ադրբեջանի ՊՆ-ն երեկ երեկոյան հայտարարել էր, թե հուլիսի 6-ին՝ 17:50-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղում գտնվող «հայկական զինյալ խմբավորումները» գնդակոծել են Աղդամի շրջանի ադրբեջանական դիրքերը, ինչի հետևանքով վիրավորվել է ադրբեջանցի զինծառայող Սաքիտ Ախլիման օղլին։
Հաղորդագրության համաձայն՝ միջադեպը հետաքննելու համար տեղեկացրել են ռուսական խաղաղապահների հրամանատարությանն ու ռուս-թուրքական մոնիթորինգի կենտրոնին։
Նույն օրը՝ հուլիսի 6-ին, Հայաստանի ՊՆ-ն հայտարարել էր, թե Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի սահմանային հատվածում Ադրբեջանը փոխհրաձգություն է հրահրել, ինչի հետևանքով «թեթև վիրավորում է ստացել» մեկ հայ զինծառայող։ «Ըստ իրենց տեղեկությունների»՝ ադրբեջանական կողմից վիրավորվել էր երկու զինծառայող ։
Ադրբեջանական ռազմական գերատեսչությունը հերքել էր այս տեղեկությունը՝ պնդելով, թե «ադրբեջանական կողմը կրակ չի բացել և վիրավորներ չունի»։
«Եթե հայերն ինչ-որ կորուստներ ունեն, ապա դա հենց իրենց միջև [տեղի ունեցած] միջադեպի արդյունք է», – հայտարարել է Ադբեջանի ՊՆ-ն։