Home / Բանակ / Ռուս զինվորականների մի մասն արդեն Գեղարքունիքում է. մարզպետ

Ռուս զինվորականների մի մասն արդեն Գեղարքունիքում է. մարզպետ

Ռուս զինվորականների մի մասն արդեն Գեղարքունիքում է, նրանք «որոշակի փուլից հետո» կտեղակայվեն սահմանի երկայնքով, այսօր տեղի ունեցած ասուլիսին հայտարարել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

«Ադրբեջանական զինված ուժերը դուրս կբերվեն այդ հատվածներից, որից հետո մնացած բանակցային պրոցեսը կգնա, եւ որոշակի հատվածներում ճշգրտումներ կարվեն»:

Սանոսյանի հավաստիացմամբ, սահմանային վիճակում այժմ «մեծ առումով» փոփոխություններ չկան, բացառությամբ՝ պարբերաբար գրանցվող միջադեպերի, որոնցից մեկի հետևանքով օրերս հայ զինծառայողներից մեկը «թեթև վիրավորում է ստացել»։ Նրա վիճակն, ըստ մարզպետի, այս պահին կայուն է։

Հիշեցնենք՝ Ադրբեջանական զորքը մայիսի 12-ից Հայաստանի տարածքում է։ Ներխուժել է մի քանի ուղղություններով, կիլոմետրերով խորացել և չի հեռանում։ Ավելին` պարբերաբար միջադեպեր են տեղի ունենում, օրեր առաջ ծեծկռտուք էր բռնկվել, օրեր առաջ էլ կրակոցներ են արձակել, ինչի հետևանքով զոհվել է հայ զինծառայող։

Մայիսի 27-ի վաղ առավոտյան Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում Հայաստանի Զինված ուժերի N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է հայաստանցի վեց զինծառայող, որոնցից չորսը, սակայն, հետագայում վերադարձվել են։

Հունիսի 22-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ու ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հաստատել էին, որ շուտով հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածի երկայնքով տեղակայվելու են ռուս սահմանապահներ, իսկ երկու կողմերի զինուժերը հայելային եղանակով հետ են քաշվելու։