Մոսկվայում ընթանում է Հայաստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։
Փակ հանդիպմանը նախորդած ճեպազրույցի ընթացքում Պուտինը շնորհավորել է Փաշինյանին՝ ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։
«․․․Կարծում եմ՝ [հաղթանակն ընտրություններում] կարևոր է բոլորի, նախ և առաջ Հայաստանի, հայ ժողովրդի համար՝ հաշվի առնելով այն սուր ու զգայուն հարցերը, որոնք պետք է լուծել, իսկ դրանք լուծել հնարավոր է միայն արդյունավետ աշխատանք ապահովելու միջոցով: Շատ կարևոր է ունենալ ժողովրդի վստահությունը, և Դուք այն ունեք: Դա ցույց տվեցին ընտրությունների արդյունքները: Իրականում դա ամենակարևորն է: Երկրի համար նման դժվարին պահերին դա հետագա զարգացման կարևորագույն պայմանն է: Ուստի անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ դրա առթիվ: Հուսով եմ՝ այսօր կկարողանանք պաշտոնական և ոչ պաշտոնական՝ աշխատանքային ճաշի շուրջ խոսել բոլոր հարցերի վերաբերյալ, որոնք վերջին շրջանում մանրամասն քննարկել ենք և որոնք մեր լուծման կարիքն ունեն», – նշել է Ռուսաստանի նախագահը։
Փաշինյանն ընդգծել է, որ «բոլորը գիտեն 44-օրյա պատերազմում կրակի դադարեցման հարցում Պուտինի և Ռուսաստանաի Դաշնության գործադրած ջանքերի մասին» և հավելել, որ «ռուս խաղաղապահների տեղակայումից հետո Լեռնային Ղարաբաղում իրավիճակն ընդհանուր առմամբ հանգիստ է, բայց պարբերաբար լինում են անհանգստության և անկայունության օջախներ»։
Հայաստանի ղեկավարը նշել է, որ վերջին երկու ամիսներին մշտական անհանգստության օջախ կա հայ-ադրբեջանական սահմանին, ինչպես նաև դեռևս «մինչև վերջ լուծված չէ ռազմագերիների հարցը»։ Այնուամենայնիվ, Փաշինյանը շեշտել է, որ այստեղ «կան լավ նորություններ»՝ վկայակոչելով օրերս Բաքվից Երևան վերադարձած 15 հայ գերիներին։
Ավելի վաղ կառավարությունից հաղորդել էին, որ հանդիպման ընթացքում քննարկվելու են հայ-ռուսական ռազմավարական օրակարգին, նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին, Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հումանիտար աջակցություն ցուցաբերելուն, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանը վերաբերող հարցեր։
Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հավաստիացրել էր, որ հանդիպման արդյունքում փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվում։