Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
«Նախագահ Պուտինը Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է Հայաստանում ընտրությունների բարեհաջող անցկացման և դրանցում արձանագրած հաղթանակի կապակցությամբ:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանում տիրող իրավիճակին և 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթների իրականացման ընթացքին:
Տվյալ համատեքստում ՀՀ վարչապետի պաշտոնակատարի կողմից ընդգծվել է ռազմագերիների վերադարձի առաջնային նշանակությունը», – ասված է կառավարության տարածած հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Ռուսաստանի առաջնորդը հեռախոսազրույց էր ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Կրեմլի հաղորդմամբ՝ «քննարկվել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների Լեռնային Ղարաբաղի հարցով 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021-ի հունվարի 11-ի համաձայնությունների իրականացման գործնական հարցերը։ Հատուկ ուշադրություն է դարձվել եռակողմ ձևաչափով աշխատանքների ակտիվացմանը՝ վերականգնելու համար տնտեսական կապերն ու տրանսպորտային հաղորդակցությունը Հարավային Կովկասում»։ Հեռախոսազրույցը կայացել է Բաքվի նախաձեռնությամբ։