Փաստաբանների պալատը որոշել է դիմել Հայաստանի և Ադրբեջանի իրավասու մարմիններին, Ադրբեջանի փաստաբանների միությանը, ինչպես նաև միջազգային այլ կառույցներին՝ հայ ռազմագերիներին հայաստանցի փաստաբանների միջոցով իրավաբանական օգնություն ցույց տալն ապահովելու, հայաստանցի փաստաբանների մուտքը Ադրբեջան թույլատրելու և նրանց անվտանգությունը երաշխավորելու հարցերով:
Փաստաբանների պալատը նաև խնդրել է մինչև 2021 թվականի հունիսի 29-ը՝
– Ադրբեջանում հայ ռազմագերիներին իրավական օգնություն ցույց տալու պատրաստակամություն ունեցող քրեաիրավական մասնագիտացման փաստաբաններին՝ [email protected] էլեկտրոնային փոստին գրություն ուղարկելու միջոցով տեղեկացնել այդ մասին:
– Հայ ռազմագերիների ընտանիքի անդամներին՝ Ադրբեջանում հայաստանցի փաստաբանի միջոցով ներկայացված լինելու ցանկության դեպքում դիմել փաստաբանների պալատ։
Հաղորդագրության համաձայն՝ Փաստաբանների պալատն այսօր կազմակերպել է խորհրդակցություն՝ Ադրբեջանում ընթացող դատավարություններում հայ ռազմագերիներին իրավաբանական օգնություն ցույց տալու արդյունավետության հարցի շուրջ։
Խորհրդակցությանը ներկա են գտնվել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը և նրա տեղակալ Լիպարիտ Դրմեյանը: ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչը փաստաբաններին ընդհանուր տեղեկություններ է տրամադրել հայ ռազմագերիների վերաբերյալ կառույցում քննվող գործերի ընթացքի մասին:
Փաստաբանները քննարկել են Ադրբեջանում հայ ռազմագերիներին իրավաբանական օգնություն ցույց տալու, ինչպես նաև հնարավոր խախտումները բացահայտելու և հիմնավորելու անհրաժեշտության և արդյունավետության հարցը: Այս քննարկումների արդյունքում էլ որոշվել է դիմել Հայստանի ու Ադրբեջանի իրավասու մարմիններին, ինչպես նաև Ադրբեջանի փաստաբանների պալատին։ Փաստաբաններն, այնուամենայնիվ, մտահոգություն են հայտնել, որ Ադրբեջանը խոչընդոտելու է հայաստանցի փաստաբանների կողմից հայ ռազմագերիներին իրավաբանական օգնության տրամադրմանը: