Բելառուսական DOXA ամսագրի լրագրողներ Արմեն Արամյանը, Ալլա Գուտնիկովան, Նատալյա Տիշկևիչը և Վլադիմիր Մետյոլկինը դատապարտվել են 2֊ական տարվա ուղղիչ աշխատանքների։
Լրագրողներին նաև առաջիկա երեք տարիներին արգելվել է որևէ կայք ղեկավարել։ Մինչև դատավճիռը նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվում էր տնային կալանքն ու կապի միջոցներից օգտվելու արգելքը։ Խափանման այս միջոցը դատարանը չեղարկել է։
«Ուղղիչ աշխատանքները» մեծ հաշվով նշանակում են, որ լրագրողների հիմնական աշխատավայրում ստացած աշխատավարձից կլինեն 20%-անոց պահումներ։
Երիտասարդները Բելառուսի քրեական օրենսգրքի 151․2 հոդվածով (Անչափահասների մասնակցություն վտանգավոր գործողություններում) ձերբակալվել էին նախորդ տարվա ապրիլին․ որպես մեղադրանքի ապացույց քննիչները օգտագործել էին DOXA֊ի հոլովակներից մեկը, որում լրագրողները խոսում էին Ալեքսեյ Նավալնուն աջակցող ցույցերի մասին, բացատրելով որ դրանց մասնակցելու պատճառով համալսարանից հեռացումն անօրինական է։
Բոլոր չորս լրագրողները մեղավոր են ճանաչվել անչափահասներին ցույցերի մասնակցել դրդելու մեջ։ Դատարանի որոշման մեջ նշված է, որ պարզ չէ, թե կոնկրետ ում ու որ անչափահասներին են նրանք դրդել ցույցերի մասնակցել, սակայն «քանի որ տեսահոլովակը համացանց է տեղադրվել, ինչ֊որ մեկը այն կարող էր տեսնել և, հետևաբար, ինչ֊որ մեկը գայթակղվել է և դուրս եկել ցույցի»։
Ընդ որում, Լուկաշենկոյի ռեժիմի դատարանը հղվում է Երեխաների իրավունքների միջազգային կոնվենցիային՝ չնշելով սակայն, որ նույն այդ կոնվենցիայի 15-րդ կետի համաձայն երեխաներն ունեն հավաքների ազատության իրավունք։
Լեզվաբանական փորձաքննությունը տեսահոլովակում ցույցերին մասնակցելու կոչեր է հայտնաբերել՝ մասնավորապես «Մի վախեցեք և մի մնացեք անտարբեր։ Մեր օրենքով տրված իրավունքն է արտահայտել բողոք ցանկացած խաղաղ միջոցով» խոսքերում։
Լրագրողները չեն ընդունել իրենց մեղավորությունը․ նրանց փաստաբանները պնդում են, որ տեսահոլովակում հանցագործության դրդող կոչ չկա՝ միայն ցույցերի մասնակիցներին ուղղված աջակցության խոսքեր։
80 էջանոց դատավճռում, ըստ լրագրողների փաստաբանների լրիվ բացակայում է պատճառահետևանքային կապը։
«Այս տեքստի էությունն այն է, որ բոլորն, ովքեր աջակցում են Նավալնուն, վատ մարդիկ են։ Իսկ DOXA-ն ոնց որ թե աջակցում է Նավալնիին, բայց [դա] հաստատ չէ, հետևաբար՝ DOXA-ն նույնպես վատ մարդիկ են», – ասել է Ալլա Գուտնիկովայի փաստաբան Դմիտրի Զախվատովը:
Թեև երիտասարդներին ազատազրկման չեն դատապարտել, դատական նիստի ավարտից անմիջապես հետո ոստիկանությունը ձերբակալել է նրանցից մեկին՝ Նատալյա Տիշկևիչին։
Լուկաշենկոյյի ռեժիմի ոստիկաննները վարչական իրավախախտում են ձևակերպել լրգարողի 5 տարի առաջ (!) սոցցանցերում հրապարակած ուկրաինական եռաժանու պատճառով։ Դատարանի որոշմամբ Տիշկևիչը կալանավորվել է 15 օրով։
DOXA֊ի դեմ գործը բացվել է դեռևս անցյալ տարի՝ Ալեքսեյ Նավալնու Ռուսաստան վերադառնալուց հետո սկսած բողոքի ցույցերի ալիքի ժամանակ։ Դատական քննության ամբողջ ընթացքում լրագրողները փաստացի գտնվել են տնային կալանքի տակ։