Բելառուսի ընդդիմության առաջնորդներ Մարիա Կոլեսնիկովային և Մաքսիմ Զնակին երեկ դատական դռնփակ նիստում դատապարտել են համապատասխանաբար 11 և 10 տարվա ազատազրկման։
Ժողովրդավարության համար պայքարող գործիչներին մինսկյան ռեժիմը մեղադրել է «ազգային անվտանգությանը սպառնացող գործողություններ անելու կոչերի», «էքստրեմիստական խմբավորման ստեղծման» և «իշխանությունը զավթելու նպատակով դավադրության» մեջ։
Թե Կոլեսնիկովան, Թե Զնակը 2020 թվականի նախագահական ընտրություններում եղել էին Վիկտոր Բաբարիկոյի շտաբի անդամ, սակայն Բաբարիկոյին ոչ միայն մերժել էին գրանցել, որպես թեկնածու, այլ նաև ձերբակալել։ Ձերբակալվել էր նաև նախագհի մյուս թեկնածու Սերգեյ Տիխանովսկին, իսկ նախկին դիվանագետ, Լուկաշենկոյի նախկին կողմնակից Վալերի Ցեպկալոն ինքնակամ լքել էր Բեառուսը։
Այսպիսով բելառուսական ընդդիմությունը, այդ թվում՝ Կոլեսնիկովան ու Զնակը համախմբվել էին ընդդիմության միակ հնարավոր թեկնածուի՝ Սվետլանա Տիխանովսկայայի շուրջ։
Հատկանշական է, որ քննության և դատական գործընթացի ողջ ընթացքում մեղադրանքի մանրամասները չեն հրապարակվել։ Քաղգործիչների փաստաբանները ստորագրություն են տվել գործի մանրամասների չբացահայտման մասին, իսկ բացահայտելու դեպքում կարող էին զրկվել փաստաբանի կարգավիճակից։
Փաստաբաններն, այնուամենայնիվ, կարողացել են լրագրողներին հայտնել, որ մասնագիտությամբ իրավաբան Մաքսիմ Զնակի ելույթը տևել է շուրջ 3 ժամ, որի ընթացքում նա, ինչպես և նախկինում, կարողացել է հակադարձել մեղադրող կողմի բոլոր պնդումներին, իսկ երաժիշտ, ֆլեյտիստ Մարիա Կոլեսնիկովայի ելույթը եղել է ավելի կարճ և ավելի էմոցիոնալ՝ «բարոյական ընտրության, մարդկանց հանդեպ սիրո, Բելառուսի ապագայի մասին»։ Քաղգործիչը նշել է նաև, որ անկախ արդյունքից՝ դատական այս գործընթացը «պատմական է լինելու»։
Դատից հետո որոշ լրատվամիջոցներ այնուամենայնիվ նիստից հետո կարողացել են մուտք գործել դահլիճ, որտեղ նկարահանել են՝ ինչպես է Մարիան պարում ամբաստանյալների համար նախատեսված վանդակում։
Мария Колесникова танцует в клетке суда в Беларуси. Суд проходит в закрытом режиме (впрочем как и в России теперь с недавнего времени). Невозможно не восхищаться ей и Тихановской. Сила, ум, красота и отвага pic.twitter.com/LQUApp1YAW
— Соболь Любовь (@SobolLubov) August 4, 2021
Մարիա Կոլեսնիկովան մինչև քաղաքականություն մտնելը զբաղվել է հիմնականում երաժշտությամբ․ որոշ ժամանակ ապրել է Գերմանիայում, ապա՝ վերադարձել Բելառուս, խոշոր երաժշտական նախագծեր սկսել, ֆլեյտա դասավանդել։ Այնուհետև միացել է 2020 թվականի նախագահական ընտրությունների թեկնածու Վիկտոր Բաբարիկոյի շտաբին։
Կոլեսնիկովան ձերբակալվել է մեկ տարի առաջ՝ 2020 թվականի սեպտեմբերի 7-ին։ Նրան փողոցից բռնել էին, միկրոավտոբուսով տարել Ուկրաինայի սահման և փորձել «վռնդել» Բելառուսից։ Կինը, սակայն, արդեն չեզոք գոտում պատռել էր անձնագիրն ու հետ վազել դեպի Բելառուս, ինչից հետո ձերբակալվել, տարվել ՁՊՎ։ Դրանից հետո Կոլեսնիկովայի մասին շատ բան հայտնի չէ։
Մաքսիմ Զնակը մասնագիտությամբ իրավաբան է։ Ազատ ժամանակ զբաղվում է պոեզիայով։ Մինչև ձերբակալությունը դասավանդում էր Բելառուսի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ Դիպլոմների հանձնման արարողության ժամանակ Զնակի ուսանողներից մեկը չէր մոռացել նրան ևս շնորհակալություն հայտնել, ինչից հետո 15 օրով ձերբակալվել էր՝ «հասարակա-քաղաքական հայացքներն արտահայտելու միջոցով պիկետ անելու» համար։
Զնակը ձերբակալվել էր 2020-ի սեպտեմբերի 9-ին, Կոլեսնիկովայից երկու օր անց։ Արդեն հոկտեմբերին իրավաբանը մասնակցել էր Բելառուսի ինքնահռչակ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպմանը՝ քաղբանտարկյալների հետ։ Նա փորձել էր համոզել Լուկաշենկոյին, որ մարդկանց բանտերից ազատելը կթուլացնի երկրում առկա լարվածությունը։
«Տեսեք՝ ինչքան մարդ կա փողոցում», – ասել էր Զնակը։ Լուկաշենկոն էլ պատասխանել էր՝ «Վայ, դե էնտեղ ամենաշատը մի 46 հազար հոգի կա, բոլորին հաշվել ենք»։
Իշխանությունն արդեն 27 տարի իր ձեռքում պահող Լուկաշենկոն չի մոռացել ընդգծել նաև, թե Բելառուսում «քաղբանտարկյալներ չկան»։
Այս մասին պատմել է փաստաբան Իլյա Սալեյը, ով ևս ընկել է Բելառուսի ուժայինների բացած քրգործերի տակ, ձերբակալվել, սակայն հետո գրավով ազատ արձակվել և անմիջապես լքել Բելառուսը։
Կոլեսնիկովան և Զնակն իրենց ձերբակալման պահին երկրի առաջին հարյուր քաղբատարկյալներից էին։ Հիմա այդ թիվն արդեն անցել է 2000-ը։ Բելառուսի գլխավոր դատախազության տվյալներով՝ անցյալ տարվա օգոստոսից երկրում «էքստրեմիզմի» հետ կապված շուրջ 4600 քրեական գործ է բացվել։